ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսության մեջ թույների փոխարեն կարելի է օգտագործել բնական թուրմեր

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) գործում է 12 տարի և նրա իրականացրած բոլոր ծրագրերը վերաբերում են արտաքին աշխարհի' մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցությանը: Կազմակերպության գործունեությունն ուղղված է ոչ միայն իրազեկության բարձրացմանը, այլև կոնկրետ խնդիրներ լուծելուն (ջրագծերի անցկացում, ջրաչափերի տեղադրում, այգիների տնկում, էկոլոգիական զուգարանների, արևային ջրատաքացուցիչների կառուցում և այլն):
Հարցազրույց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանի հետ:
Ձեր կազմակերպության գործունեության հենց սկզբից մշտապես զբաղվել եք Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրներով: Այս պահի դրությամբ այդ խնդիրները լուծելի՞ են:
Լուծելի են, բայց մեծ ֆինանսների հետ են կապված: Թույները ոչնչացնելու համար' թե´ հանրապետության ներսում, թե´ արտասահմանում մեծ ֆինանսներ են պետք: Մենք տարբեր երկրների հետ բանակցել ենք այդ հարցով: Ֆրանսիայից մասնագետներ ենք հրավիրել, եկել են այստեղ, ուսումնասիրել: Իրենք պատրաստ են գալ, տեսակավորել, տեղափոխել և իրենց գործարանում ոչնչացնել, եթե ֆինանսավորվի: Քանի տարիները գնում են, այնքան ավելի դժվար և թանկ է դառնում: Բացի այդ, քանի որ մեկ անգամ քանդել են գերեզմանոցը, աղտոտվել է նաև վրայի հողաշերտը, դա նույնպես պետք է վերամշակվի: Իսկ թե որքան կարժենա, ես չեմ կարող ասել, վերջին շրջանում նման հաշվարկներ չեն արվել:
Թունաքիմիկատների գերեզմանոցից բացի, ձեր ՀԿ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում թունաքիմիկատներից շրջակա միջավայրն անվտանգ դարձնելու ուղղությամբ։
Նախկին գյուղքիմիայի պահեստներում դեռ կան հնուց մնացած թույների կուտակումներ: Ինը տեղ մենք ինքներս հայտնաբերել ենք: Եվ մի ծրագիր ենք սկսում Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Մոտ 30 գյուղ ենք ընտրել, որտեղ պետք է գնանք և´ իրազեկության բարձրացման հարցերով զբաղվենք, և´ հայտնաբերենք ժամկետանց թունաքիմիկատների մնացորդներ, որպեսզի եթե լուծվի ոչնչացման հարցը, բոլորը միասին արվի:
Հայաստան ներկրվող թունաքիմիկատները որքանո՞վ են վերահսկվում և ի՞նչ երաշխիքներ կան, որ մեզ մոտ վտանգավոր թույներ չեն բերվում:
Հարյուր տոկոսանոց տեղեկատվություն չկա, թե ինչ է բերվում, ինչքան է բերվում և ինչքան է օգտագործվում։ Խոշոր ընկերությունների ներկրած թունաքիմիկատների մասին Գյուղանախարարությունը տեղյակ է լինում: Բայց եթե փոքր քանակներով բերեն' կողմնակի ճանապարհներով, ինչպես այլ բաներ են ներկրվում, կարող է ոչ ոք չիմանա: Իսկ թույն կա, որի 10 կգ-ը բավականին մեծ քանակ է:
Վերահսկողություն կա, բայց որ պետք է ուժեղանա և ավելի խստացվի թունաքիմիկատների հարցում՝ փաստ է:
Դուք զբաղվում եք նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցերով, ի՞նչ աշխատանքներ եք կատարում այս ուղղությամբ:
Այն բոլոր գյուղերում, որտեղ մենք աշխատել ենք (ջրի հետ կապված խնդիրներ ենք լուծել, էկոլոգիական զուգարաններ ենք կառուցել և այլն) մենք ունենք գործընկեր-գյուղացիներ, որոնց հետ զբաղվում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցերով, որ թունաքիմիկատներ չօգտագործեն, այլ բուսական թուրմերով մշակեն այգիները, հանքային պարարտանյութերի փոխարեն գնեն օրգանական պարարտանյութեր:
Կան կալիֆորնյան կարմիր որդեր, որոնց վերամշակված արտաթորանքն անվտանգ և շատ լավ պարատանյութ է, որը ոչ մի վտանգավոր բան իր մեջ չունի և բոլոր անհրաժեշտ նյութերով ապահովում է բույսերին: Մենք այդ որդերից բաժանել ենք գյուղացիներին, դրանք շատ արագ բազմանում են և կան գյուղացիներ, որոնք տեղում արտադրում են և բաժանում կամ վաճառում այդ որդերը:
Բայց բոլորը չէ, որ գիտակից են ու շահագրգռված, որ բուսական թուրմերով մշակեն բույսերը: Դրա համար զուգահեռ մենք սովորեցնում ենք նաև ճիշտ օգտագործել թունաքիմիկատները: Տպագրել ենք մի քանի տեսակի բուկլետներ, որոնք սովորեցնում են' որտեղից գնել թույներ, որը գնել, ինչ արտահագուստ հագնել օգտագործելիս, ինչ չափաբաժնով, ինչպես անել, որ շրջակա միջավայրը չաղտոտվի և առաջին բուժօգնությունը թունավորվելու ժամանակ: Տպագրել ենք «Այլընտրանք թունաքիմիկատներին» գրքույկը, որտեղ գրված է' թունաքիմիկատների փոխարեն ինչ բույսերից պատրաստված թուրմեր կարող են օգտագործել, բույսերի որ հիվանդության դեպքում ինչ երևույթներ են լինում և ինչ կարելի է անել: Նկարված են բույսերը և բացատրվում է'ինչպես կարող են պատրաստել թուրմերը:
Գյուղացիներն ասում են, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալը «թանկ հաճույք» է: Դա իսկապե՞ս ծախսատար է:
Ես կասեի, ավելի աշխատատար է, չարչարանքն է շատ: Իրենք պետք է այդ խոտաբույսերը հավաքեն, թուրմը պատրաստեն, մի քանի անգամ մշակեն, մի մշակումով չի ավարտվում: Իսկ թույնը պատրաստ գնում են, ջրով բացում ու օգտագործում. շատ չեն մտածում, թե դա ինչ է: Բայց այն գյուղերում, որտեղ մենք աշխատել ենք, կան մարդիկ, որ օրգանական պարարտանյութեր են սկսել օգտագործել: Մենք այդ մարդկանց տվել ենք սրսկման ապարատ, անհրաժեշտ խոստաբույսեր ու իրենք և´ իրենց այգին են դրանցով մշակում, և´ իրենց հարևանների, եթե դիմում են: Կանանց խմբեր ենք ստեղծել և աշխատում ենք նաև իրենց հետ, որովհետև կանայք ավելի հետևողական են այդ հարցերում:
Խաղալիքների անվտանգության վերաբերյալ ծրագիր եք իրականացրել: Ո՞րն էր ծրագրի նպատակը և ի՞նչ խնդիրներ հայտնաբերեցիք:
Մենք ուսումնասիրել ենք շուկան, գնացել ենք տարբեր վաճառքի կետեր, տոնավաճառներ: Ֆիրմային խանութները հիմնականում բերում են էկոլոգիապես մաքուր խաղալիքներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում և պիտակի վրա կա անվտանգության նշան, որը պարտադիր պայման է Եվրոպայում: Ֆիրմային խանութները հիմնականում ապահովում են այս պայմանը: Իսկ ինչ վերաբերում է մեծածախ առևտրին, չենք կարող նույնը ասել: Մենք գնացել ենք «Սուրմալու» տոնավաճառ: Խաղալիքները' խառը, թափած, ո´չ պիտակ կա, ո´չ անվտանգության նշան, կամ պիտակ կա, բայց անվտանգության նշան չկա, և պարզ չէ' ի՞նչ նյութերից են պատրաստել, որտեղի՞ց է բերվել, ստուգում անցե՞լ է, թե՞ ոչ: Հայտնի չէ նաև, թե ո՞վ է բերել, ո՞վ է պատասխանատու: Ինչ-որ մեկը մեծ քանակով բերում է և բաժանում, բայց չես կարողանում նրան գտնել, տվյալները իմանալ: Մենք տարբեր պետական մարմինների միջոցով փորձել ենք գտնել գոնե խոշոր ներկրողներին, բայց դա հնարավոր չէ:
Մենք գտանք, որ ամենաճիշտը մանկապարտեզների հետ աշխատելն է, որպեսզի նաև մանկապարտեզներում խաղալիքներ գնելիս իմանան, թե որն ընտրեն: Մենք պլակատներ տպագրեցինք, որոնք փակցվեցին մանկապարտեզներում և ծնողների համար բուկլետներ' «Անվտանգ են արդյոք խաղալիքները», որ մարդիկ իմանան խաղալիք գնելիս ինչի վրա ուշադրություն դարձնել:
Դուք ուսումնասիրել եք նաև կոսմետիկ միջոցների ունեցած ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Ի՞նչ ցույց տվեց ուսումնասիրությունը։
Այդ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Մենք նմուշներ ենք վերցրել Հայաստանում վաճառվող տարբեր ապրանքանիշերի կոսմետիկ միջոցներից' դրսից բերված ու Հայաստանում արտադրվող, և լաբորատոր հետազոտություն ենք կատարել: Այդ հետազոտությունը կատարվում է հատուկ սարքերով: Այդպիսի սարք ունի պետական համալսարանը: Այնտեղ էլ հենց տվել ենք հետազոտության և տվյալները մենք ուղարկել ենք բելգիական մի կազմակերպության, որի հետ աշխատում ենք: Նրանք կոսմետիկ նյութերի մեծ ուսումնասիրություն են կատարում, որպեսզի հայտնաբերեն առողջության համար վտանգավոր կոսմետիկ միջոցները և հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սնդիկի պարունակության վրա: Ծրագիրը դեռ չի ավարտվել: Երբ ուսումնասիրության արդյունքները պարզ լինեն, մենք էլ մեր հասարակությանը տեղյակ կպահենք:
Բայց մեր հետազոտությունների նախնական տվյալներով' դրսից բերված տարբեր կոսմետիկ միջոցների մեջ վտանգավոր նյութերի պարունակություն է հայտնաբերվել, այդ թվում' սնդիկի, որը շատ վտանգավոր ազդեցություն է ունենում տարբեր օրգան-համակարգերի վրա և ի վերջո, հավաքվելով երիկամներում, վնասում է երիկամները:
Մարդկանց կրթելը, հասարակության մեջ առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրը պահպանելու մշակույթ ձևավորելը ի՞նչ տեղ է զբաղեցնում ձեր գործունեության մեջ:
Մարդկանց կրթելը բավականին մեծ տեղ է գրավում մեր գործունեության մեջ, որովհետև բոլոր հարցերը հնարավոր չէ երբեք 100 տոկոսով լուծել: Դրա համար մարդիկ պետք է գիտելիքներ ունենան, որպեսզի իրենց գիտելիքներով և ձեռքի տակ եղած միջոցներով պահպանեն իրենց անվտանգ կյանքը: Մենք առողջ ապրելակերպ ենք քարոզում հասարակության տարբեր շերտերին' սկսած մանկապարտեզի տարիքից մինչև մեծահասակներ: Առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթաց կա նաև դպրոցական ծրագրերում և մենք աշխատում ենք նաև այդ դասընթացը վարող ուսուցիչների հետ, նրանց էլ ենք գրքույկներ տալիս, դպրոցներում մեր ՀԿ-ի կողմից նկարահանված ֆիլմերն ենք ցուցադրում: Այսինքն' աշխատում ենք բոլոր հնարավոր օղակների հետ' մանկապարտեզ, դպրոց, բուժկետ, գյուղապետարաններ, «Օրհուս» կենտրոններ և այլն:
Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը' www.hra.am
