ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բացի իրավունքներին ծանոթացնելը, պետք է երեխային սովորեցնել պաշտպանվել

Հարցազրույց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանի հետ
Դուք աշխատում եք խոցելի վիճակում հայտնված երեխաների հետ։ Երեխաների իրավունքների չարաշահման ի՞նչ դեպքերի հետ եք առնչվում։
Բարձիթողի վիճակի, անփութության, անտեսման, հուզական բնույթի զոհեր որքա՜ն ասեք՝ կան Հայաստանում: Ֆիզիկական կամ սեռական ցուցիչներով երեխաների իրավունքների խախտման շատ քիչ գրանցված դեպքեր կան։ Բայց այնքա՜ն շատ են անտեսված երեխաները մեր երկրում։ Հազարավոր դեպքերի ենք հանդիպում։ Բարության պակասի պրոբլեմ կա այս հասարակության մեջ, հոգևորի պակաս կա։
Եթե դուք նայեք վիճակագրությունը, Հայաստանը շատ լավ վիճակում է. գրանցված դեպքերի քանակով մենք բավական լավ վիճակում ենք, բայց չգրանցվածները սարսափելի շատ են: Իսկ ինչո՞ւ չեն գրանցվում, որովհետև մենք անտարբեր ենք։ Մենք ապրում ենք իրենց կողքին և համարում ենք, որ այդպես էլ պետք է լինի:
Ճի՞շտ է այն կարծիքը, որ աղքատ ընտանիքի երեխաներն են ավելի հաճախ բռնության զոհ դառնում։
Ո՛չ, բռնություններն ավելի տեսանելի են աղքատ ընտանիքներում, բայց շատ ավելի շատ տարածված են հարուստ և կայացած ընտանիքներում՝ ֆիզիկական, սեռական, հատկապես՝ էմոցիոնալ անտեսման զոհեր։ Ուղղակի նրանք իրենց ձևերն ունեն դրանք կոծկելու, օրինակ՝ բժշկին փող են տալիս, տուն են կանչում և ոչ ոք չի էլ իմանում դեպքի մասին։ Իսկ եթե հիվանդանոց տանեին, պիտի գրանցվեր:
Երեխան ե՞րբ, ինչպե՞ս և ումի՞ց պետք է սովորի, թե ինչ է բռնությունը և ինչպես պետք է պաշտպանվել։
Թրաֆիքինգի վերաբերյալ մեր հետազոտությունը ցույց տվեց, որ անգամ 5 տարեկան երեխայի հետ կարելի է խոսել իր հանդեպ վատ վարմունքի մասին և անգամ 5 տարեկանը կարողանում է նկարագրել, թե իր հանդեպ ինչն է լավ, ինչը՝ վատ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարիքում տվյալ տարիքին հասանելի լեզվով պետք է խոսել այդ մասին, պետք է հասցնել երեխաներին ճանաչելու լավ և վատ վերաբերմունքի տարբերությունը:
Տարիքից կախված՝ մենք պետք է սովորեցնենք նաև պաշտպանության մեխանիզմներ: Հետազոտությունը մեզ ցույց տվեց, որ հսկայական գումարներ, միջոցներ, ջանքեր են ծախսվում իրազեկման վրա, բայց իրազեկումն ինքնին դեռ զենք չէ: Իրազեկված լինել, չի նշանակում պատրաստ լինել դիմակայելու: Նույնիսկ երբ իմանում են, որ գոյություն ունի թրաֆիքինգ, լավագույն դեպքում մտածում են, որ դա մի բան է, որ տեղի է ունենում Դուբայի անապատներում և մեզ բացարձակ չի վերաբերում: Ես գիտեմ, որ նման բան կա, բայց ես դրանից չեմ պաշտպանվում, որովհետև մտածում եմ, որ դա ինձ հետ տեղի չի ունենա: Պետք է գործիք տալ երեխային պաշտպանվելու համար: Բռնությունը այնպիսի բան է, որ արեցիր, հարվածեցիր, վնասեցիր, անցար։ Դրանով է այդ երևույթը շատ անճանաչելի, շատ դժվար բացահայտելի։ Իսկ եթե բացահայտեցիր և գնում ես այն ճանապարհով, որ բռնարարը պատժվի, պետք մտածել նաև զոհերի մասին։ Ի՞նչ է լինելու նրանց հետո, որովհետև դա կրկնվող վարքագիծ է, զոհը կարող է բռնացող դառնալ։ Երբ մենք աշխատում ենք զոհի հետ, մենք աշխատում ենք, որ ապագա հասարակությունը չունենա բռնարարներ: Սա է խնդիրը:
Պետք չէ բավարարվել զուտ տեղեկացնելով, իրազեկելով: Դա նշանակում է կես գործ, կիսատ գործ, դա նշանակում է միջոցների ոչ արդյունավետ ծախսում, որովհետև երբ դու ասում ես, որ նման բան գոյություն ունի, երեխան չի իմանում, ինչպե՞ս պիտի պաշտպանվի: Պետք է անցնել հաջորդ փուլին, պետք է երեխաներին պաշտպանության միջոցներ, գործիքներ սովորեցնել՝ գոնե նվազագույն, ասենք՝ թեժ գծի հեռախոսահամար, որ եթե նման իրավիճակում հայտնվի, իմանա՝ ինչ պետք է անի:
Բավականին մեծ աղմուկ բարձրացրեց հատուկ դպրոցի ուսուցչի կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու փաստը։ Այն, ինչ կատարվեց, որքանո՞վ էր բխում երեխաների իրավունքներից։
Ես այդ աղմուկից, որ, գուցե, որոշ մարդկանց մազոխիստական հաճույք պատճառեց, ուղղակի շատ տխրեցի։ Բոլորի ուշադրությունը դատավարությունն էր, քանի տարի տվեցին այդ բռնարարին, մանկապիղծին՝ ամեն ինչ սենսացիա առաջացնելու համար: Ուզում ես 6 տարի, ուզում ես՝ 16 տարի դատապարտիր, ի՞նչ է փոխվում դրանից: Այդ երեխայի կյանքի համար ոչինչ չի փոխվում: Նույն հաստատությունում գտնվող երեխաների կյանքի համար ոչինչ չի փոխվում:
Իսկ ո՞վ աշխատեց զոհի հետ՝ հոգեբան, սոցիալական աշխատող, երեխայի մեկուսացում այն վայրից, որտեղ դա տեղի է ունեցել, խնամողի փոխարինում, մի խոսքով՝ երեխայի ռեաբիլիտացիա. մենք դրա մասին ընդհանրապես չենք մտածում։ Ավելի վատ բան չէր կարելի մտածել, քան մի հաստատությունից տեղափոխում մեկ այլ հաստատություն։ Ինչ է, մենք ուզում ենք ասել, որ միայն այդ հաստատությունո՞ւմ է, որ պրոբլեմ կա, որ այդ երեխային տանենք այդտեղից, իր հետ այլևս նման բան տեղի չի՞ ունենա:
Սա մեկ, երկրորդ՝ ով է ասել, որ բռնարարը մենակ էր գործում։ Չեմ հավատում, նման բան չի՛ լինում, բռնարարը համաձայնության է գալիս և իր զոհի հետ, և նաև իր կոլեգաների հետ: Այդտեղ միայն այդ մարդը չի բռնություն գործադրել, միանշանակ ես կարող եմ ասել: Եվ եթե այդ մի երեխայինը բացահայտել են, մյուսներինը չեն բացահայտել, ուրեմն այն երեխաներին պետք է թողնեն նույն ռիսկային իրավիճակո՞ւմ: Հաստատությունն ինքն արդեն ռիսկային է:
Իսկ եթե վերցնեին ու թափ տային այդ հաստատությունը: Այդ երեխաներին փորձեին վերատեղավորել, խնամակալ ընտանիքներ գտնել, ինչ-որ դրական լուծումներ գտնել այդ երեխաների համար, փորձեին ինչ-որ բանով օգնել այդ երեխաներին... եթե մոտեցումը այսպիսին լիներ, երեխաները այդ հաստատություններում չէին լինի:
Քանի՞ դեպք պիտի լինի, որ մենք ասենք՝ վատ վիճակ է։ Մի կյանքն էլ շատ կարևոր է, մի երեխան էլ շատ կարևոր է: Ես չեմ կարծում, որ սա այն երևույթն է, որի մասին վիճակագրական տվյալներով պիտի դատել:
Ի՞նչ լուծումներ եք առաջարկում։
Մենք համակարգային լուծումների կարիք ունենք: Մեր երկրում ամբողջ օգնության համակարգը պոչերի՝ հետևանքների հետ է աշխատում: Մենք սպասում ենք, որ ինչ-որ բան տեղի ունենա, հետո այդ երեխայի հետ սկսում ենք աշխատել: Մենք կանխարգելող մոտեցում չունենք և ամենավատն այն է, որ այդպիսի մտածողություն էլ չունենք: Չենք մտածում, որ եթե օր առաջ օգնեմ, քիչ կլինի վնասը: Մենք շատ քիչ ենք օգնում ընտանքիներին, գրեթե չենք օգնում: Պետության, սփյուռքի, բարերարների ամբողջ ուշադրությունը դեպի հաստատություններն են՝ մանկատները, գիշերօթիկները և այլն։
Բայց ընտանիքներ կան, որ ոչ թե բարեկամների, բարերարների աջակցության կարիքն ունեն, այլ՝ մասնագիտական օգնության:
Պետությունն ի՞նչ դեր ունի ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում և ե՞րբ պետք է միջամտի։
Երեխայի պաշտպանությունը բալանսի մեջ է պետության հետ և ծնողների իրավունքների հետ: Եթե ընտանիքում ամեն ինչ լավ է, պետությունը այդտեղ անելիք չունի, եթե՝ ոչ, պետությունը պետք է իր գործիքներն աշխատեցնի՝ օգնել, միջամտել, սաստել՝ դպրոցի, մանկապարտեզի, բուժհիմնարկների, հոգաբարձուների խորհրդի միջոցով:
Շատ ցավալի դեպքերի ենք մենք ականատես եղել։ Թվում է, թե երկար տարիներ ենք աշխատում, պիտի սովորած լինենք, բայց շատ դժվար է տեսնել երեխայի տառապանքը, շատ դժվար է հատկապես տեսնել, որ երեխան չի գիտակցում, որ ինքը տառապում է։
Իրավիճակներ կան, որ եթե ուզում ես երեխան պաշտպանված լինի, պիտի սահմանափակես ծնողի իրավունքը, որովհետև կա՛մ սեփական ծնողն է երեխային վնասողը, կա՛մ երեխան անտեսված է ծնողի կողմից այն աստիճան, որ ամեն րոպե կարող է վնասվել:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի էջը www.hra.am կայքէջի հասցեագրքում