ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ամենաարդյունավետն անչափահաս իրավախախտների հարցերն արտադատական մեթոդով լուծելն է». Ցիռա Չանտուրիա

Օրերս «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպությունը մեկնարկեց «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» եռամյա ծրագիրը։ Հայաստանում ծրագրի գործընկերներն են' «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (ԵԱԿ): «Միջազգային բանտային բարեփոխումներ» և ՔՀԻ-ին ներկայացրին նաև Հայաստանում ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու իրավական կարգավիճակի մասին իրենց ուսումնասիրությունը։ Այս միջոցառումներին ներկա էր «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ցիռա Չանտուրիան, ում հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը Հայաստանում սկսում է իր եռամյա ծրագիրն անչափահասների արդարադատության ոլորտում: Ի՞նչ խնդիրներ և լուծումներ եք տեսնում այս ոլորտում, և ինչպիսի՞ն է իրավիճակը Վրաստանում:
Մենք ուրախ ենք, որ նման հնարավորություն ունենք, քանի որ մինչ այժմ մեր Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակը անչափահասների արդարադատության ոլորտում ծրագիր է իրականացրել միայն Վրաստանում: Իսկ հիմա մենք ունենք հնարավորություն աշխատելու քաղաքացիական հասարակության ոլորտի մեր գործընկերների' Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ, և իրականացնելու այս ծրագիրը Հայաստանում: Մենք սկսում ենք այս եռամյա ծրագիրը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսավորմամբ:
Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգում առկա խնդիրներից մեկն է անչափահասների համար վերականգնողական կենտրոնների բացակայությունը։ Այդ նպատակով մենք երկու վերականգնողական կենտրոններ ենք հիմնադրելու, որոնցից մեկը կլինի Աբովյանում, ուր անչափահաս իրավախախտներին կտրամադրենք սոցիալական, վերականգնողական ծառայություններ, դասընթացներ, իրավական և հոգեբանական խորհրդատվություն: Բացի դրանից, մեր տեղական գործընկերների միջոցով մենք կիրականացնենք կալանավորված անչափահասների և հատուկ կրթական հաստատություններում գտնվող երեխաների իրավիճակի մոնիթորինգ:
Այս մոնիթորինգը կներառի նաև անչափահասների գործով դատավարության ուսումնասիրություն: Ուստի մենք կհասկանանք, թե ինչպես է այս դաշտն աշխատում Հայաստանում և ինչպիսի խնդիրներ կան այս ոլորտում երեխաներին իրավական երաշխիք տրամադրելու հարցում: Այսպես մենք ցանկանում են օրենսդրությունը միջազգային չափանիշների հետ համապատասխանեցնել:
Մենք կպատրաստենք և առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի իշխանություններին' անչափահասների արդարադատության ոլորտը բարելավելու և այն միջազգային չափանիշներին համապատախանեցնելու նպատակով:
Եվս մեկ բան, որը մենք կցանկանայինք այս ծրագրով իրականացնել, այլընտրանքային միջոցների և սանկցիաների ներդնումն է անչափահասների արդարադատության ոլորտում։ Ամենաարդյունավետն անչափահաս իրավախախտների հարցերն արտադատական մեթոդով լուծելն է, որի արդյունքում երեխային զերծ են պահում դատական գործընթացներից, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի վրա: Վրաստանի 4 քաղաքներում արդեն կիրառվում է այս մեթոդը, որի արդյունքում դատախազներն անչափահասների կատարած փոքր հանցագործությունների դեպքում կիրառում են հայեցողական որոշում ընդունելու պրակտիկան, և արդյունքում այդ անչափահասների հետ զբաղվում են սոցիալական աշխատողները: Նման իրավիճակներում որոշակի պայմաններ են դրվում, ինչպես օրինակ՝ պարտադիր դպրոց հաճախելը, լրացուցիչ դասընթացների մասնակցելը և այլն: Նույնիսկ կա ևս մեկ մեթոդ, երբ անչափահաս իրավախախտը և տուժածը հանդիպում են հաշտեցման նպատակով: Սա մի մեխանիզմ է, որ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում, և հույս ունենք, որ այն կաշխատի նաև Հայաստանում:
Ինչ վերաբերում է անչափահասների արդարադատության իրավիճակին Վրաստանում, ապա հատկապես կարևոր առաջընթաց էր այն, որ կազմակերպվեցին դասընթացներ անչափահասների արդարադատության ոլորտի աշխատակազմի համար, ներառյալ՝ ոստիկանների, դատախազների, պրոբացիայի աշխատակազմի համար: Սա արվեց այն նպատակով, որ նրանք ունենան հոգեբանական և մանկավարժական հմտություններ երեխաների հետ աշխատելիս: Վրաստանում կա անչափահասների բանտերի գերբնակեցման խնդիր, ուստի մենք փորձում ենք առաջ քաշել ազատազրկմանը փոխարինող այլընտրանքային միջոցներ, օրինակ՝ համայնքային աշխատանք կատարելը կամ խնդիրները արտադատական մեթոդով լուծելը:
Այս բոլոր գործընթացները հիմնված են միջազգային փորձի վրա, քանի որ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության մանդատը ներառում է միջազգային չափանիշների և լավագույն պրակտիկայի զարգացումն ու խթանումը:
Ոլորտի խնդիրներից մեկն անչափահաս իրավախախտի վերաինտեգրումն է հասարակություն: Ըստ ձեզ, ինչպե՞ս կարելի է դա անել, ո՞վ պետք է զբաղվի այս խնդրով և ինչպե՞ս դա պետք է իրականացվի:
Մենք անչափահաս իրավախախտների հետ աշխատելու փորձ ունենք և մենք կարծում ենք, որ նրանց հասարակություն վերաինտեգրելու լավագույն ձևն համալիր մոտեցումն է, ինչը թույլ է տալիս ընդրգկել և զբաղվել երեխայի բոլոր կարիքներով' կրթական, սոցիալական, տնտեսական, ժամանցային: Կարևոր է նաև աշխատել այս երեխաների ընտանիքների հետ' տրամադրելով նրանց որոշակի խորհրդատվություն, քանի որ հաճախ խնդիրներն առաջանում են ընտանիքում հսկողության և խնամքի պակասի արդյունքում: Նաև կարևոր է զարգացնել այս երեխաների սոցիալական հմտությունները' ներառելով նրանց դրական գործողությունների, սոցիալական միջոցառումների մեջ: Պակաս կարևոր չէ երեխաների կենսական կողմնորոշվածությունը, այսինքն՝ քանի որ մի շարք անչափահաս իրավախախտներ անապահով ընտանիքներից են և երբևիցե չեն մտածել իրենց ցանկությունների, նպատակների մասին, ուստի նրանք խորհրդատվության կարիք ունեն' իրենց առջև դրական նպատակներ դնելու համար: Այս բոլոր գործողությունները կարևոր են անչափահաս իրավախախտներին հասարակություն վերաինտեգրելու համար:
Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի ցմահ ազատազրկվածների իրավիճակը: Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում այս ոլորտում:
Մենք համագործակցում ենք ՔՀԻ-ի և ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակական դիտորդների խմբի հետ, որոնք իրականացրել են ցմահ ազատազրկվածների ոլորտում ուսումնասիրություններ։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն խնդիրները, որոնք ցմահ բանտարկյալներն ունեն, նման են մյուս ազատազրկվածների խնդիրներին: Այդ խնդիրների թվում են' բանտում առողջապահության հասանելիությունը, վերականգնողական գործողությունների հասանելիությունը, արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը: Սակայն ցմահ դատապարտվածների դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ նրանք երկար ժամանակ պիտի անցկացնեն բանտում: Նաև խնդիր կա կապված ցմահ ազատազրկվածի պայմանական վաղաժամկետ ազատման հետ, երբ նա, համաձայն օրենսդրության, 20 տարի բանտում է անցկացրել և իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն նման դեպք դեռ տեղի չի ունեցել: Ուստի կարևոր է նախադեպ ստեղծել այս հարցում, ինչը սակայն դեռ չի իրականացվել:
Վրաստանի դեպքում մենք ևս այս ուղղությամբ աշխատում ենք, թեև մեզ մոտ մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինվել է միայն 2000թ-ին, իսկ մեր ցմահ ազատազրկվածները պիտի 25 տարի կրեն պատիժը, որպեսզի ենթակա լինեն վաղաժամկետ ազատման։
Ամփոփելով, Ձեր կարծիքով որո՞նք են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա ամենահրատապ խնդիրները:
Ամենահրատապն իմ կարծիքով՝ որոշ բանտերում գերբնակեցման խնդիրն է, չնայած որ համեմատած Վրաստանի բանտերի բնակչության թվին, որը շուրջ 24.000 է, Հայաստանում այդ թիվն այնքան էլ շատ չէ' շուրջ 5000: Այնուամենայնիվ, այս խնդիրը պետք է լուծել և համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնել: Դա կարող է լինել թե նոր բանտ կառուցելով, թե հինը վերանորոգելով: Ամեն դեպքում կառավարությունը պիտի հոգ տանի, որպեսզի բավարարվի բանտարկյալների նվազագույն պահանջները' սեփական մահճակալի առակայություն, օդափոխման համակարգ, սանիտարական պայմաններ: Նաև վաղաժամկետ պայմանական ազատազրկումը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և այն բանտարկյալները, ովքեր լավ վարք են ցուցաբերում բանտերում, ովքեր չունեն կարգապահական տույժեր և կրել են պատժի նվազագույն ժամկետը, պիտի ունենան հնարավորություն պայմանական վաղաժամկետ ազատման: Սա իր հերթին կարող է լուծել բանտերում գերբնակեցման խնդիրը:
Հարցազրույցը՝ Սոֆյա Մանուկյանի
Աղբյուրը՝ www.hra.am