«Սպանություններ լինում են այնտեղ, որտեղ սպայական կազմը թույլ է». Գրետա Միրզոյան

Հարցազրույց «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի հետ։

 «Զինվորի մայր» ՀԿ-ն ինչպե՞ս ստեղծվեց և ի՞նչ նպատակներ էր դրել իր առջև։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը և ցույցերը, իմ ընտանիքը Ստեփանակերտում էր, ես ամեն օր ցույցի էի գնում։ Դա իմ կռիվն էր։ Միտինգների ժամանակ մենք մի քանի կանանցով համախմբվեցինք։ Ես մտածում էի, որ կազմակերպություն պիտի ստեղծեմ, պատերազմ է լինելու, պիտի մտածենք՝ ինչպես դիմադրենք։

Հետո պատերազմը սկսվեց։ 1991թ. հունվարի 26-ին ինձ զանգում են Արցախ հայրենակցական միությունից և ասում, որ վիրավորներ են բերել, հիվանդանոցները լիքն են և մարդ չկա, որ վիրավորներին խնամի։ Փետրվարի 4-ին ես ելույթ ունեցա ռադիոյով. դիմեցի հայ կանանց, ասացի՝ ով պատրաստ է, եկե՛ք մեր երեխաներին նայենք, իրենց մայրերն այստեղ չեն։ Եվ եկավ 1000-ից ավելի կին։ Այդտեղից սկսվեց, նույն թվականին մեր կազմակերպությունը գրանցվեց ու սկսվեց մեր բազմաբնույթ աշխատանքը։

Երբ պատերազմն ավարտվեց, մեզ արդեն բոլորը ճանաչում էին՝ բոլոր հրամանատարները։  Մեր կազմակերպությունն այսօր նրանով է պինդ, որ մենք համախմբվել ենք ոգով։ Մենք մինչև 98 թիվը էնտուզիազմով աշխատում էինք, չգիտեինք նույնիսկ դրամաշնորհն ինչ բան է։ Ոչ ոք այստեղ չի եկել փող ստանալու համար և մինչև այսօր բոլոր կանայք նվիրված են մեր գործին, մեր բանակին։

Մենք երբեք մեր բանակի դեմ չենք աշխատում, մենք բանակի մեջքին ենք կանգնում, ուժ ենք տալիս՝ իհարկե, սխալներն ուղղելով, բայց առանց միտինգներ անելու, առանց այդ մասին թերթերում գրելու։

Մենք կոնկրետ մարդու հարցն ենք լուծում, այսինքն՝ հասցեագրված օգնություն ենք ցույց տալիս՝ առանց ամպագորգոռ խոսքեր ասելու։

Ի՞նչ խնդիրներով են զինվորների ծնողները դիմում Ձեզ։

Հիմնականում հիվանդ երեխաների խնդրով են դիմում։ Մինչև 1988-89 թթ. ծնված երեխաների մեջ մենք այդքան հիվանդներ չունեինք։ Բայց երբ սկսվեց 1990-91թթ. ծնվածների զորակոչը, ահավոր է վիճակը։ Մենք մոնիթորինգ ենք արել մանկական պոլիկլինիկաներում, մինչև 1998թ. ծնված տղաների մեջ շատ են հիվանդները, դրանից հետո նոր վիճակը լավանում է՝ առողջ երեխաներ են։ Մենք մեծ գործն արեցինք, որպեսզի պայմանագրային զինծառայողների կազմը մեծացնենք, մինչև այս 5 տարին անցնի։

Ծնողների հետ շատ ենք աշխատում, ավելի շատ, քան՝ բանակի հետ։ Մենք ծնողներին կրթում ենք, որ իմանան, տեղեկանան, թե օրենքն ինչ է ասում, ինչ իրավունքներ ունեն, այլապես իրենք բանակին միակողմանի են նայում։ 11 գիրք ենք հրատարակել զինվորների և մայրերի համար։ Ուզում ենք նաև սեմինար կազմակերպել լրագրողների համար, որովհետև իրենք բանակը չգիտեն։

Ձեր կազմակերպության ջանքերով Մանկավարժական համալսարանում 1994թ.-ից գործում է նախապատրաստական բաժին զոհված ազատամարտիկների երեխաների համար։ Քանի՞ երեխա է սովորում այդ բաժնում։

Այսօր 31 երեխա է սովորում զոհվածների ընտանիքներից. նրանց թոռները, բարեկամները, այդ բոլոր ընտանիքները մեր շահառուներն են։ Նախապատրաստական ֆակուլտետներում երեխաներն ամեն օր գալիս են դասի, դասախոսներն անվճար 2 տարի շարունակ սովորեցնում են այն բոլոր առարկաները, որոնք նրանց պետք է բուհ ընդունվելու համար։ Այսինքն՝ մասնավորի գործն ենք անում։ 710 հոգի ավարտել են մեր ֆակուլտետը և նրանցից 392 հոգի ստացել է դիպլոմ, դարձել են դիպլոմավորված մասնագետներ և աշխատում են։ Երեխաներ կան, որ գնացել են սովորելու Մոսկվայում,  Միացյալ նահանգներում։ Նրանք մեր որբ երեխաներն են։

Ձեր կարծիքով ՝ ի՞նչ առավելություններ ունի մեր բանակը և ի՞նչ խնդիրներ կան բանակի ներսում։

Ամենամեծ առավելությունն այն է, որ մենք ունենք ազգային բանակ՝ ազգային ոգով, ազգային արժանապատվությամբ։ Լավ է, որ մենք արդեն ունենք գրագետ սպայական կազմ և կիրթ զինվորներ։ Այսօր մեր պետական այրերը բավականին լուրջ են վերաբերվում բանակին, որովհետև դա մեզ պաշտպանող օղակն է։ Այսօրվա մեր Պաշտպանության նախարարը ուրիշ մեթոդով է աշխատում։ Նա բարի է, և դա դրական է ազդում բանակի վրա։

Իսկ այն, թե զինվորները ինչ են ուտում, ինչ են հագնում, արդեն երկրորդական է։ Չնայած ասեմ, որ արդեն լավ են ուտում, հիգիենայի պայմանները բավականին լավացրել են: Նկատել եմ, որ հիմա զորամասի հրամանատարները մրցակցության մեջ են մտել՝ «ես այս բանն եմ սարքել, դո՞ւ ինչ ես սարքել»։ Հետո նայում են, թե մենք ում ենք գովում։ Մենք մեդալներ չենք բաժանում, մեր խոսքը՝ մոր խոսքը, ավելի արժեքավոր է։

Մենք շատ առաջարկություններ ենք արել։ Օրինակ'հունիսի 30-ը Ռազմական ինստիտուտի շրջանավարտների ավարտական օրն, ուզում ենք այն համահայկական տոն հայտարարվի: Բոլորը գան ինստիտուտի բակ, տեսնեն մեր բանակի սպաներին, որովհետև դրանք այն մարդիկ են, որոնց վաղը մենք վստահելու ենք մեր երեխաներին։ Մենք ամեն տարի այդտեղ ենք լինում, և գիտե՞ք ինչ են անում մարդիկ, տղաների գլխին բռով մետաղադրամներ են լցնում։ Այդ սովորությունը եկել է ցարի ժամանակներից, և ես կողմ եմ դրան։ Թո՛ղ հարուստ լինի մեր սպան, որ աչքը կուշտ լինի, որովհետև նրանք իրենց ընտանիքը թողած գիշեր-ցերեկ զորամասում են։ Նրանց աշխատավարձը քիչ է։

Մենք խնդրել ենք, որ եթերից հանեն «Բանակում» ֆիլմը, որովհետև դա մեզ դուր չի գալիս, պետք է ուրիշ ֆիլմ լինի։ Մենք ուզում ենք, որ անպայման պատրաստվի մի մեծ գիրք՝ հանրագիտարան, ողջ սպայական կազմի մասին կենսագրական տեղեկություններ լինեն։

Մենք մոտ 70 ծրագիր ենք իրականացրել, շատ մոնիտորինգներ ենք արել, որոնցով բաց տեղերը ցույց ենք տվել։

Իհարկե, բանակում խնդիրներ էլ կան։ Ես բողոք ունեմ նրանց վերաբերյալ, ովքեր լավ անտարբեր են զորամասի ճաշարանում առկա իրավիճակի նկատմամբ։ Իրենք զինվորների ճաշով խոզանոց են պահում ու այդ խոզերի միսը բերում, մեզ վրա են վաճառում։ Մեր երեխաները ճաշը չեն ուտում, որովհետև վատն է ու սոված են մնում։ Եվ ի՞նչ են անում, գնում են զորամասի մոտ գտվող սրճարան, որը նույն զորամասի հրամանատարի սեփականությունն է, և իրենց ծնողների ուղարկած փողերով ինչ-որ բան են պատվիրում, ուտում։

Առաջ ծեծ ու ջարդը շատ էր, որովհետև զինվորին՝ հայ տղային, ստիպում էին, որ զուգարան մաքրի։ Ո՞ր հայ տղան կանի։ Մենք այս հարցը բարձրացրեցինք դեռ տարիներ առաջ, առաջարկեցինք, որ ուրիշները գան, անեն այդ գործը և դրա համար վճարվեն, որպեսզի տղաներն էլ չկռվեն իրար հետ։ Եվ 99 թվից այն դարձավ կանոն ու հիմա մենք այդ առումով կռիվներ չունենք։

Բանակի մասին խոսելով, հնարավոր չէ չանդրադառնալ վերջին շրջանում շատ քննարկվող սպանության և ինքնասպանության դեպքերին։ Որո՞նք են դրանց պատճառները։

Ինքնասպանությունները բնորոշ երևույթ չեն բանակի համար, բայց կան։ Մենք ուսումնասիրել ենք և գտնում ենք, որ վերջին տարիների զորակոչի երեխաները ավելի են հակված դրան, որովհետև իրենք համակարգիչ օգտագործած երեխաներ են, ինքնամփոփ են, իրենց աշխարհի մեջ են և գալիս են բանակ, այնտեղ տեսնում են մի ուրիշ կյանք, որտեղ չկա համակարգիչ. իրենք սրտնեղում են, սթրես է դա իրենց համար։

Այն երեխաները, ովքեր մտավոր թույլ են զարգացած, երբ իրենց մի բան նեղում է, իրենք ելքը չեն կարողանում գտնել, չգիտեն՝ ում դիմել օգնության համար։ Դրա համար մեր առաջարկությամբ արդեն 4-րդ տարի է Մանկավարաժական համալսարանում բացվել է զինվորական հոգեբանի մասնագիտություն։ Այս տարի առաջին շրջանավարտներն են լինելու։ Մեր բանակում պետք է հատուկ հոգեբան լինի՝ մի մարդ, ով հրամանատարական կազմից չէ, ում մոտ կարող է գնալ զինվորը, խոսել, պատմել, կիսվել: Երեխաներ կան, որ տանից արդեն լարված են գալիս, ընտանեկան խնդիրներով ու չեն ուզում տուն վերադառնալ։

Ինքնասպանության տարբեր պատճառներ կարող են լինել։ Բանակում ազատ ժամանակ շատ ունեն, դա լավ չէ։ Նախարարին կից հասարակական խորհուրը շատ լավ ծրագիր է մտածել. գիտնականները, ակադեմիկոսները գնում են, դասախոսում են տարբեր թեմաներով և երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ լսում են։

Մենք հատուկ խմբեր ունենք, որ աշխատում են զորակոչային տարիքի տղաների հետ, գնում են դպրոցներ, երեխաների հետ հանդիպում են, զրուցում։ Ես միշտ ասում եմ' այն երեխան, որ հասկանում է՝ բանակն ինչ է և իրեն ինչպես պիտի պահի բանակում, նրա հետ երբեք բան չի պատահում, բայց այն երեխան, որ ասում է՝  «սրա քիթը կջարդեմ, նրան չգիտեմ ինչ կանեմ», ինքը միշտ տուժված է։

Սպանությունները պատահում են՝ սնայպերից կամ ներսում։ Ես համարում եմ, որ սպան պետք է շատ զգույշ լինի, պետք է միշտ ուշադիր լինի։ Այնտեղ, որտեղ սպայական կազմը թույլ է, այնտեղ է կատարվում դա։ Ինքը եթե իր տեղում լինի, նման բաներ չեն լինի։

Սպանված զինվորների ծնողները բողոքում են, որ բավարար աշխատանքներ չեն տարվում սպանությունները բացահայտելու համար և քննչական մարմինները գնում են ամեն ինչ կոծկելու ճանապարհով։

Լինում են դեպքեր, երբ որ ինչ-որ հովանավորչություն է լինում, փորձում են կոծկել։ Բայց տղան արդեն մահացել է, ի՞նչը պիտի կոծկեն։ Եղել են դեպքեր, որ մեղավորը եղել է սպան, բայց ուզել են դատել զինվորի, բայց մենք քանդեցինք այդ ամեն ինչը։ Դե, անկրթություն կա, անդաստիարակություն կա, հրամանատարների կոմից գռեհկություն կա երբեմն։ Մարդ պետք է կարողանա բանակում զգալ, որ ինքն էլ է տղամարդ։ Մեր տղաներն էլ մի քիչ սխալ են պահում իրենց, աքլոր են շատ։ Եթե դու զգում ես, որ այդ սպան չարժե, որ դու իրեն պատասխանես' մի՛ պատասխանիր։

Կան մարդիկ, որ դաժան են, բայց մեր կյանքում ամեն տեղ էլ կա դաժանություն։ Եթե բանակում իսկական հրամանատար գլխներին կանգնած լինի և իրեն ճիշտ պահի, նման բաներ չեն լինի։

Բանակի գործերը շատ են, բայց այն բանակը, որ ունեինք 1995-ին և ունենք այսօր, լրիվ տարբեր են։ 20 տարի է, ես մեր բանակի հետ մեծացել եմ, ամեն ինչ գիտեմ։

Մայիսը մեր հաղթանակների ամիսն է, Ձեր կարծիքով՝ պատահականությո՞ւն է։

Ես ինքս գուշակել չեմ կարող, թե ինչու է այդպես եղել, բայց համարում եմ, որ Աստծո գործն է դա, և տիեզերքը ինչ-որ կապ ունի այն բանի հետ, որ մայիսը միշտ հաջողություն ու բարիք է բերում մեր տանջված երկրին ու ժողովրդին։

Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am