Օրենքը լիովին չի երաշխավորում սեփականատիրոջ իրավունքները

Հարցազրույց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հետ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն հիմնադրվել է պաշտպանելու քաղաքացիների սեփականության իրավունքը։ Կազմակերպությունը հիմնվել է Բյուզանդի փողոցի նախկին բնակիչների կողմից, ովքեր դարձան «գերակա հանրային շահ»-ի զոհեր։

Որո՞նք էին 2000 թվականին սկսված սեփականության հարկադիր օտարման գործընթացի թերությունները:

Ես հարցը կբաժանեի երկու մասի: 2000-ից մինչև 2006 թվականը տեղի ունեցած գործընթացն ուղղակի եղել է քաղաքացիների թալան՝ պետական մակարդակով, ուրիշ ոչինչ, որովհետև ոտնահարվել է քաղաքացու սեփականության իրավունքը, որը տրված է Սահմանադրությամբ։  Խախտվել են Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի նորմերը, մասնավորապես' Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 1998 թվականին ընդունված  ՍԴՈ 92 որոշումը:

Երկրորդ էտապը սկսվում է  2006թ.-ի վերջից, երբ ընդունվեց «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, որը մինչև այսօր գործում է: Օրենքը հնարավորություն տվեց Կառավարությանը «գերակա հանրային շահ» անվան տակ կատարել քաղաքաշինական ինչ-որ ծրագրեր, որի հիմքում նույնպես քաղաքացու սեփականության օտարումն է: Այդ գործընթացում, ցավոք, հողը ոչ թե գնել են սեփականատիրոջից, այլ' գողացել են, խլել են: Մենք ուսումնասիրել ենք՝ Հայաստանում գույքի գնահատման պետական չափանիշներով Հյուսիսային և Գլխավոր պողոտաներում կառուցապատողները յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստացել են մաքուր 25-30.000 դոլար եկամուտ' բոլոր ծախսերը հանած:

Օրենքով' օտարման ենթակա սեփականության դիմաց որպես փոխհատուցում պետք է տրվի. դրա շուկայական արժեքին ավելացնելով 15 տոկոս հավելավճար: Առաջին հայացքից առաջարկվող պայմանը վատը չէ, ո՞րն է խնդիրը:

Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է այդ գնահատումը կատարվում: Իրականում գնահատող կազմակերպությունը շուկայականից 50 տոկոսով ցածր է գնահատում, հավելավճարը գումարում ես ու դեռ իրական շուկայական գնին չի հասնում:

Խնդիրն այն է, որ կառուցապատողն է պատվիրում և վճարում գնահատում իրականացնող կազմակերպությանը: Ընդ որում՝ «Արթին էնթրփրայսը» մենաշնորհ ուներ և այլ գնահատողների եզրակացությունները հիմք չէին ընդունվում։ Բացի այդ, ոչ մի գնահատող կազմակերպություն չէր ցանկանում գործ ունենալ գերակա հանրային շահի հետ, որովհետև եղել են դեպքեր, երբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նրանց զրկել է գործունեության լիցենզիայից քաղաքացիների գույքը բարձր գնահատելու համար:

Ստացվում է այսպես' շինարարության պարագլուխը Կառավարությունն է, իրականացնում են կառուցապատողները, գնահատում են կառավարության կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները:

Կառուցապատողներին ավելի է ձեռք տալիս բնակարանով փոխհատուցելու տարբերակը, որովհետև երբ հաշվում ես փոխհատուցման' թեկուզ իրենց գնահատած չնչին գումարները, ահռելի մեծ գումար է ստացվում: Բայց իրենք գնում են խաբեության ճանապարհով: Ընդ որում, վախեցնում են քաղաքացիներին, որ եթե չհամաձայնես, ավելի վատ կլինի, կընկնես Բյուզանդի փողոցի բնակիչների օրը:

Ի՞նչ բացեր եք տեսնում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում:

Վստահաբար՝ օրենքը լիովին չի երաշխավորում քաղաքացիների իրավունքները։ Այսօր մեր պետությունը չունի ֆինանսական այն հնարավորությունները, որպեսզի կատարի շինարարական աշխատանքներ և այդ գործընթացը զիջել է մեծահարուստներին, բիզնես ոլորտին: Դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ և ընդունել, բայց ամեն դեպքում այս գործընթացի գլխին պետք է կանգնած լինի Կառավարությունը' պաշտպանելով առաջնահերթ սեփականատիրոջ շահերը: Պետք է պետությունն ինքն օտարի քաղաքացու սեփականությունը' հետագայում այն տրամադրելով կառուցապատողներին, որովհետև կառուցապատողը միայն մի շահ ունի' վճարել քիչ և վաճառել թանկ' ստանալով մեծ եկամուտ: Իսկ Կառավարությունը չի պաշտպանում քաղաքացու շահերը, այլ նրան ուղարկում է դատարան: Իսկ մեր դատարանների աշխատանքից միայն մի օրինակ բերեմ. 2000 թվականից առ այսօր ոչ մի սեփականատեր ՀՀ դատարաններում չի շահել, այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ կան, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է սեփականության իրավունքը:

Օրենքը պետք է լինի ավելի հստակեցված, քաղաքացու իրավունքները երաշխավորող ու ապահովող: Օրինակ' օրենքում գրված չէ, թե կառուցապատողի արած գնային առաջարկն ինչպե՞ս է հաշվարկվում, սեփականատերն առաջարկված գնի հետ համաձայն չլինելու պարագայում կարո՞ղ է դիմել այլ գնահատող կազմակերպության և այլն։ Հիմա քաղաքացին դիմում է քաղաքապետարանին, ասում են' դիմեք կառուցապատողին: Ինչո՞ւ պիտի ես ընկնեմ կառուցապատողի հետևից, «վիզ ծռեմ», ասեմ' մի քիչ ավել վճարեք: Դա նսեմացնող է:

Պատկերացրեք, մարդն ունի տուն, որում ապրում է: Դա լավն է թե վատը, այլ հարց է, բայց տանիք է նրա գլխին: Կարող է' այդ տունը իսկապես շատ էժան է, բայց նա չի ուզում վաճառել իր տունը, որովհետև այդ գումարով նոր տուն չի կարողանա գնել: Եթե տան դիմաց տուն տան' թեկուզ ծայրամասում, մեկ սենյականոց, խնդիր չի լինի: Հազարավոր բնակարաններ կառուցվեցին Երևանում, մի հոգու բնակարան տվե՞լ են իր բնակարանի դիմաց: Եթե սա իրոք «բացառիկ' հանրային գերակա շահ» է, ապա ո՞ւմ համար է այդ շահը:

Բայց, դրա հետ միասին, քաղաքացիներն էլ են մեղավոր: Նրանք պարտավոր են ուսումնասիրել օրենքը, կարդալ ու դիմել փաստաբաններին, մասնագետներին, որ կարողանան գոնե օրենքով տրված սուղ իրավունքների պայմաններում հնարավորինս պաշտպանել իրենց:

Որոշ սեփականատերեր, տեղական դատարաններում հաջողության չհասնելով, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի՞նչ ակնկալիքներ կան Եվրադատարանից:

Այսօր Եվրադատարանում 30-ից ավելի գործեր կան: Արդեն 2 որոշում եղել է, Եվրադատարանն արձանագրել է, որ Հայաստանի հանրապետությունը խախտել է մի դեպքում սեփականատիրոջ, մյուս դեպքում' օգտագործողի իրավունքները: Սրանց հաջորդելու են մյուս որոշումները:

Այդ բոլոր գործերով մեր պետությունը պարտվելու է և փոխհատուցումը պետբյուջեից է տրվելու։ Մեր պետությունն այդքան հարո՞ւստ է։ Եթե տեղական դատարանների վճիռներով մեր իրավունքները պաշտպանվեին, մեզ հատուցելու էր կառուցապատողը։ Բայց այսօր կառավարությունն ու բիզնեսն իրար մեջ սերտաճած են, փողերն ուտում են՝ բյուջեի հերն էլ անիծած:

Դուք և իրացման գոտու մի շարք բնակիչներ մինչ օրս չունեք սեփականություն և գրանցում: Հաշվառում չունենալն  ի՞նչ խնդիրներ է առաջացնում ձեզ համար:

2007-ին, երբ մենք գնացինք մասնակցելու ԱԺ ընտրություններին, պարզվեց՝ ցուցակում չկանք։ Իսկ այն մարդիկ, ովքեր պայմանագիր էին կնքել և օրենքի համաձայն պետք է գրանցումից դուրս եկած լինեին, ցուցակում էին՝ մոտ 400 հոգի:

Պայմանագիր չկնքած 37 քաղաքացիներիս' հիմնականում Բյուզանդի փողոցի բնակիչներ, չթողեցին մասնակցել նաև նախագահական ընտրություններին և քաղաքապետի ընտրություններն: Ես այս խնդիրը բարձրացրել եմ տարբեր երկրների դեսպանների,  միջազգային կառույցների ներկայացուցիչների մոտ:

Բանը հասել է նրան, որ այսօր իմ հարևաններից մեկը չի կարողանում թոշակի անցնել, որովհետև գրանցում չունի: Իմ տղային զինվորական հաշվառման չէին վերցնում, որովհետև անձնագիր չուներ: Մեր հարևանի աղջիկը չէր կարողանում Զագսում գրանցել ամուսնությունը և այսպիսի երևույթները շատ-շատ են:

Մեր բոլորիս անձնագրերում դեռ գրված են մեր հին հասցեները, բայց ոստիկանության տվյալների բազայում մենք չկանք: Ինձ հայտնեցին, որ ԾԻԳ-ի պետը նամակ է գրել, որ այսինչ հասցեները իրացված են, և այդ հասցեում հաշվառված մարդկանց գրանցումից մեխանիկորեն հանել են: Հիմա մենք բոմժ ենք՝ անտուն:

Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը' www.hra.am

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի էջը www.hra.am կայքէջի հասցեագրքում