ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ցավոք, մենք չունենք որևէ օրենք, որ կանանց պաշտպանի ընտանեկան բռնությունից». Լարա Ահարոնյան

Հարցազրույց Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի հետ
Ինչպե՞ս եղավ, որ Կանադայից եկաք Հայաստան մշտական բնակության և որոշեցիք զբաղվել հենց կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Մինչ Հայաստան տեղափոխվելս որպես կամավոր «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ ամառները գալիս էի Հայաստան և հիմնականում Ղարաբաղում էի աշխատում՝ Շուշիում և հարակից գյուղերում։ Ազատ ժամերիս շատ էի զրուցում կանանց հետ՝ իրենց կյանքի, ընտանիքի մասին, իրենց վիճակի մասին և հասկացա, թե ինչպիսին է Հայաստանում վերաբերմունքը կանանց նկատմամբ։ Եվ մտածեցի, որ եթե մի օր ապրեմ Հայաստանում, այն, ինչ կցանկանայի փոխել այստեղ, կլիներ կանանց իրավունքների ոլորտը։
Ինչպե՞ս ստեղծվեց Կանանց ռեսուրսային կենտրոնը։
Ես Կանադայում աշխատել եմ կանանց կենտրոնում' իբրև կամավոր և այնտեղ շատ բաներ էի սովորել, որ կցանկանայի կիրառել և փոխանցել։ Ես կապ հաստատեցի Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ։ Գոհար Շահնազարյանը, ում հետ հիմնադրեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնը, այն ժամանակ ասպիրանտ էր։ Նա իր ունեցած տեղեկություններն էր տալիս Հայաստանում կանանց իրավունքների վերաբերյալ, ես՝ իմ ունեցած փորձն էի կիսում։ Սկսեցինք միասին ծրագիր մշակել, որով էլ ես 2003թ.-ին եկա Հայաստան։
Սկզբում սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը մեզ տարածք տրամադրեց։ Մեր առաջին թիրախային խումբը երիտասարդ կանայք էին՝ համալսարանի ուսանողները։ Սկզբում քննարկումներ էինք կազմակերպում կանանց իրավունքների և գենդերային հավասարության թեմայով։ Հետո դրա հիման վրա 5-օրյա դասընթացի ծրագիր մշակեցինք, որը գրեթե ամիսը մեկ կազմակերպում էինք և շատերն էին ցանկություն հայտնում մասնակցել։
Մոտ երկու տարի կամավոր աշխատեցինք։ Հետո հետաքրքրվողների թիվը մեծացավ և մեր գործունեությունը ընդլայնելու համար 2005թ.-ին պաշտոնապես գրանցվեցինք։ Սկսեցինք փոքր դրամաշնորհային ծրագրերի դիմել, ավելի զարգացնել կենտրոնը, գրադարան ստեղծեցինք, համակարգիչներ գնեցինք։ 2005թ.-ի վերջին համալսարանից դուրս եկանք և շահառուների շրջանակն ավելի մեծացավ։
Կանանց ո՞ր իրավունքների պաշտպանության ուղղությամբ էիք աշխատում։
Մենք սկզբնական շրջանում երիտասարդ կանանց հարցերով էինք զբաղվում, հիմնականում՝ սեռական առողջության և կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի խնդիրներով։ Այսինքն՝ մինչ տարբեր ոլորտներում կանանց իրավունքների մասին խոսելը, մտածենք կանանց նեղ անձնական իրավունքների մասին՝ իրենց մարմնի վրա, իրենց ընտանիքում ունեցած իրավունքների։ Եթե դու իրավունք չունես քո մարմնի վրա, ինչպե՞ս կարող ես իրավունքներ ունենալ այլ հարցերում։ Հիմա ունենք սեռական և վերարտադրողական իրավունքի հարցերով զբաղվող ակումբ։
Հայաստանում, դժբախտաբար, ընդհանրապես սեռական դաստիարակություն չկա ո՛չ դպրոցում, ո՛չ մանկապարտեզում, ո՛չ տանը, ո՛չ էլ համալսարանում, և երիտասարդ շատ աղջիկներն են տուժում դրանից։ Իրազեկված չլինելու պատճառով նրանք տարբեր վտանգների և խնդիրների մեջ են հայտնվում՝ առողջապես և սոցիալապես.անցանկալի հղիություն, վարակներ և այլն։ Այս ամենն ինֆորմացիայի պակասի արդյունք է, մենք փորձում ենք ինչ-որ կերպ լրացնել այդ բացը իրազեկող միջոցառումներով։
Կազմակերպությանը կից գործում է նաև սեռական բռնության թեժ գիծ։ Ովքե՞ր են զանգում և հատկապես ի՞նչ խնդիրներով։
Զանգում են այն կանայք, աղջիկները, որոնք սեռական բռնության կամ ոտնձգության են ենթարկվել աշխատանքի վայրում կամ ուսումնական հիմնարկում։ Զանգում են նաև ընտանիքում գենդերային անհավասարության պատճառով առաջ եկած հարցերով. չենք մերժում, օգնում ենք՝ ինչքանով հնարավոր է։ Անվճար խորհրդատվություն ենք տալիս հեռախոսով, ցանկության դեպքում՝ կենտրոնում, որի համար առանձին սենյակ ունենք։ Հիմա արդեն ունենք իրավաբան, որը նախկինում չունեինք և իրավական բնույթի հարցերով ուղղորդում էինք այլ կազմակերպություն։
Անհրաժեշտության դեպքում մենք նրանց հետ գնում ենք բժշկի, հոգեբանի մոտ, որ իրենք իրենց մենակ չզգան և այս ամենը՝ կոնֆիդենցիալ։ Որովհետև շատ անգամ, երբ սեռական բռնության ես ենթարկվում, չես ուզում ոչ մեկին ասել, վախենում ես, տաբու կա, ամոթից ես խուսափում և մնում ես միայնակ։ Մանավանդ Հայաստանում առաջին հայացքը կնոջն է ուղղվում՝ «ի՞նչ արեցիր, որ այդպես եղավ, ի՞նչ էիր հագել, ինչո՞ւ էիր այդ ժամին այդտեղ»։ Փոխանակ բռնություն գործադրողի վրա ուղղեն հայացքը և մեղադրանքները, միանգամից կնոջն են մեղադրում։ Կինը օրվա որ ժամին որ վայրում լինի, թեկուզ ուզում է մերկ դուրս գա, ոչ ոք իրավունք չունի իրեն բռնության ենթարկի։ Այդ հարցերը տեղին չեն, ու շատ ժամանակ ոստիկաններն են այդպիսի հարցեր տալիս։ Շատ անգամ մեզ զանգում են և ասում, որ գնացել են ոստիկանություն, բայց իրենց համոզել են, որ բողոք չգրեն կամ բողոքը ետ վերցնեն։ Դրա համար մենք կնոջ հետ ոստիկանություն ենք գնում, որպեսզի թույլ չտանք, որ անտեղի հարցեր տան կամ վատ վերաբերվեն։ Խոցելի վիճակում հայտնված կնոջ իրավունքներն ենք պաշտպանում։ Իհարկե, վերջնական ընտրությունը կնոջն է՝ ուզո՞ւմ է իր հետ գնանք, թե ոչ:
Այսօր, ըստ Ձեզ, կանանց իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները որո՞նք են։
Նախ`բռնությունը շատ է Հայաստանում։ Խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, այլ նաև՝ հոգեբանական, օրինակ՝ տան մեջ։ Դա կնոջը վերահսկելու և որոշ բաներից հետ պահելու մի ձև է, մեթոդ է։ Կնոջը հասկացնում են, որ որոշ բաներ կան, որ դու չպիտի անես. քաղաքական ոլորտ մի գնա՝ դա կնոջ տեղը չէ և այլն։ Սա խնդիր է, որ պիտի լուծվի։
Ցավոք, մենք չունենք որևէ օրենք, որ կանանց պաշտպանի ընտանեկան բռնությունից։ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ կինը սոցիալապես կախված է ընտանիքից, որից դուրս չկա մի ենթակառուցվածք, որ կնոջն օգնի։ Օրինակ՝ ուրիշ երկրում դու եթե խնդիրներ ունես ընտանիքում, կարող ես բաժանվել և համոզված լինել, որ դու մենակ չես մնա, պետությունը սոցիալական օգնություն քեզ ցույց կտա՝ կապահովի ապաստանով, դրամական օգնություն կտա երեխաներին պահելու համար։ Իսկ մեզ մոտ կինը եթե ընտանիքից դուրս գա, կարող է մենակ մնալ, դրա համար այլ ճանապարհ չտեսնելով՝ շարունակում է ապրել այդ ընտանիքում և անընդհատ բռնության ենթարկվել։
Դրա համար ես մեծ կարևորություն եմ տալիս կարիերայի հարցերին։ Շատ կարևոր է, որ մեր աղջիկները, կանայք անկախ լինեն նյութապես, տնտեսապես։ Դա է, որ իրենց ուժ կտա, որ իրենք ոտքի կանգնեն և ասեն՝ «չի կարելի ինձ հետ այդպես վարվել»։ Մեր կենտրոնում ունենք կարիերայի անկյուն, որը օգնում է կնոջը կայանալ աշխատանքում, ինքնուրույն աշխատանք գտնել, կենսագրական գրել, հարցազրույցների ներկայանալ, նաև անվճար սովորում են լեզուներ, համակարգիչ, որը կօգնի իրենց առաջ գնալ աշխատանքում։
Շատ կանայք լավ կրթություն են ստանում, սակայն չեն կարողանում աշխատել, քանի որ ամուսնանում են և իրենց թույլ չեն տալիս աշխատել։ Սկզբում աղջիկները ծնողներից են կախված լինում, հետո՝ ամուսնուց։ Նրանք չեն կարողանում ինքնուրույն լինել և իրենց պոտենցիալը լրիվ օգտագործել, պարզապես որովհետև գենդերային խոչընդոտներ կան. կնոջ և տղամարդու դերերը շատ կոնկրետ բաշխված են։
Այսինքն, կարելի՞ է ասել, որ մեր ազգային մտածելակերպը շատ անգամ հետ է պահում կնոջն իր իրավունքներն իրացնելուց։
Այո, շատ կարևոր է, որ կնոջ և տղամարդու դերերի մասին եղած կարծրատիպերը սկսեն կոտրել, որովհետև երկուսին էլ դա վնասում է։ Տղամարդուն ասում են՝ դու պիտի գնաս բանակում ծառայես, լավ աշխատանք գտնես ու ընտանիքիդ պահես.սա էլ ծանր է մեկ հոգու համար։ Իսկ կնոջն ասում են՝ դու պիտի տանը նստես, երեխաներով և տան գործերով զբաղվես։ Ո՞վ ասաց, որ այդ մարդիկ բոլորն էլ այդպես են ուզում, որ լինի։ Այո, հնարավոր է որոշ կանայք ուզում են տանը մնալ, չաշխատել՝ դա իրենց իրավունքն է։ Բայց իրենք պետք է ընտրեն, թե ինչ անել, այլ ոչ թե իրենց պարտադրեն։
Կանանց ռեսուրսային կենտրոնը ի՞նչ է անում կարծրատիպերը կոտրելու համար և ի՞նչ արդյունքներ եք ունենում։
Մենք ցանկացած փոփոխության շատ դանդաղ ենք մոտենում։ Կարծում եմ՝ Հայաստանի համար այդպես էլ պետք է լինի։ Մենք անընդհատ իրազեկման աշխատանքներ ենք տանում։ Նրանք, ովքեր գալիս են կենտրոն, այստեղ ենք իրազեկում, իսկ դրսի մարդկանց համար սոցիալական գովազդներ ենք օգտագործում կամ ակցիաներ ենք անում, որ ավելի շատ մարդկանց ներգրավենք։ Գնում ենք նաև մարզեր։ Շատ երկար ժամանակ է պահանջվում, բայց ես արդեն տեսնում եմ որոշ փոփոխություններ։ Այսինքն՝ շատ դանդաղ է, բայց կա այդ փոփոխությունը, և հատկապես Երևանում արդեն ընտանիքներ կան, որտեղ կինն ու տղամարդը ուրիշ ձևով են վերաբերվում իրար։
Երկու տարբեր ձևով կարող ես հասնել փոփոխության՝ կամ դանդաղ, կամ՝ շատ արագ, որը մի քիչ շոկի մեջ է գցում հասարակությանը։ Այդ շոկի պատճառով է, որ մինչև հիմա խոսում են «Կարմիր խնձորի» ակցիայի մասին։
«Կարմիր խնձորի թաղումը», իսկ վերջերս էլ՝ «Հեշտոցի մենախոսությունը» ներկայացումը մեծ աղմուկ բարձրացրեցին։ Ի՞նչ նպատակ էիք հետապնդում։
Գիտեք, մի քիչ ծիծաղելու բան է «կարմիր խնձորի» ավանդույթը։ Երևանում գուցե այնքան էլ ոչ, բայց մարզերում շատ կարևոր ավանդույթ է։ Մենք դրա իմաստը չենք տեսնում։ Եթե դա ձևի համար է արվում՝ ուրիշ բան, բայց եթե դա սիմվոլ է ցույց տալու համար, որ կինը ինքը չի կարող որոշում կայացնել իր մարմնի վերաբերյալ, դա արդեն մարդու իրավունքների խախտում է, դա խտրականություն է։ Այդ պատճառով ընտանիքներում շատ խնդիրներ են առաջանում, հատկապես՝ գյուղերում։
Ես չեմ ասում՝ թող գնան բոլոր կանայք սեռական կյանքով ապրեն մինչև ամուսնանալը։ Մարդիկ շատ անգամ սխալ են հասկանում։ Եթե կինը ուզում է սեռական կյանքով ապրել, պիտի ապրի, եթե ուզում է կույս մնալ, թող մնա, այսինքն՝ կինը ինքը պիտի ընտրի։ Ոչ ոք իրավունք չունի նրան ասելու՝ դու կույս պիտի լինես, որովհետև կարմիր խնձորի ավանդույթ կա։
Ես, իբրև հայ կին, ամոթ եմ համարում, որ այդ ավանդույթը պահվում է, և կնոջը երեխայի նման պարտադրում են, թե ինքը ինչպես վարվի իր մարմնի հետ։ Դրա համար ստեղծում են մի վիճակ, որ կանայք վիրահատական ճանապարհով վերականգնում են իրենց կուսությունը։ Ինչո՞ւ կինը այդ ձևերին պիտի դիմի։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
Կանանց ռեսուրսային կենտրոնի էջը www.hra.am - ի Իրավապաշտպան ՀԿ-ներ բաժնում