ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բնապահպաններն ամեն հինգշաբթի վախով են բացում ՀՀ կառավարության կայքը

Հարցազրույց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ
ՀՀ սահմանադրության 33.2 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Որքանո՞վ է, ձեր կարծիքով, պաշտպանված այս իրավունքը:
Այսօր մեզ մոտ այդ իրավունքներն իրականում չեն կարողանում իրագործել, ու օրինակներ կարելի է տեսնել ամեն քայլափոխի: Ամենաառաջին ցայտուն օրինակը, որ աչք է զարնում, մեր հանքարդյունաբերության զարգացումն է։ Հայաստանը ամրագրել է հանքարդյունաբերությունը՝ որպես ռազմավարական կարևոր բնագավառ: Ես դա անվանում եմ հետընթաց։ Շատ տարօրինակ ընկերություններ են գրանցվում, իսկ նրանց եկամուտը գնում է օվշորային գոտի։ Մարդիկ Սոտքում, Կապանում, Ստեփանավանում, Մեղրաձորում, Ախթալայում այդ ոսկուց ոչինչ չեն ստանում, նրանց ոչ մի փոխհատուցում չեն տալիս, միայն ստիպում են այդտեղ բնակվող մարդկանց հրաժարվել հողերից՝ շատ տարօրինակ «հանրային շահ» ձևակերպմամբ։ Թե դա ի՞նչ շահ է, երբ պետական բյուջեում հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 տոկոս, որը ծիծաղելի թիվ է, իսկ որպես արդյունք մենք ունենում ենք մեծ քանակությամբ թունավոր թափոններ, որոնք առաջին հերթին ազդում են, բնականաբար, մարդու առողջության վրա՝ խախտելով նրա սահմանադրորեն առողջ լինելու իրավունքը։
Ախթալայի գետը աղտոտված է այնքան, որ արդեն գետ չէ, դա արտադրական թափոնների կոյուղատար է դարձել, ու թե ով պետք է դրա համար պատասխան տա՝ պարզ չէ։ Սոտք գետը գրեթե նույն վիճակում է ու աղտոտում է Սևանը, որը մյուս կողմից էլ պետք է պահպանվի բնապահպանական օրենքներով: Սոցիալական ապահովության համակարգը ևս չի աշխատում։ Հանքավայրում աշխատողը երբ սկսում է բողոքել, այդ մարդուն դուրս են հանում աշխատանքից՝ խախտելով նաև իր աշխատանքային իրավունքը։ Չի գործում նաև սեփականության իրավունքը. Թեղուտի այն բնակիչները, ովքեր չուզեցին իրենց հողակտորները տրամադրել, դատական քաշքշուկի մեջ ընկան այն դեպքում, երբ դատարան գնալու գումար անգամ չունեին։
Ի՞նչ փուլում է Թեղուտի անտառների համար պայքարը. կարելի՞ է համարել այդ հարցը մտել է փակուղի, քանի որ հանքավայրը միևնույնն է շահագործվում է:
Չենք կարող միանշանակ ասել՝ հաղթել ենք կամ պարտվել, որովհետև սա շատ երկարատև գործընթաց է: Ամբողջ աշխարհում եթե մարդիկ հակադրվում են մեծ փողերին, նրանք ինչ-որ պահի կարող են հաղթանակել: Սակայն ընկերությունները, ունենալով ժամանակ և մեծ գումարներ, միշտ փորձելու են շրջանցել այն սահմանները, որոնք մարդիկ դրել են, որպեսզի պաշտպանեն իրենց շրջակա միջավայրը: Թեղուտի հարցում կարևորն այն է, որ հասարակությունը չհիասթափվի և չթուլացնի իր զգոնությունը:
Կան նաև այլ դեպքեր, երբ որ բնակչության համար հաղթանակի արդյունքները ծանր հետևանքներ են ունենում: Նույն Շիկահողի համար պայքարում հասարակությունը հաղթեց և պահպանեց «Շիկահող» արգելոցը: Բայց քանի որ արգելոցի մոտակա գյուղերի բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել բնության բարիքներից' հավաքել թափուկները, հատապտուղները, արգելոցի հաշվին գյուղատնտեսություն զարգացնել, ապա մարդիկ մնացին առանց գոյության միջոցների: Իհարկե, անհրաժեշտ էր ապահովել այդ մարդկանց ծրագրերով, որոնք թույլ կտային բարելավել նրանց կենսապայմանները: Այդ ժամանակ նրանք էլ մտահոգ կլինեին բնության պահպանման հարցում և այդպիսով կպահպանեին իրենց առողջ միջավայր ունենալու իրավունքը:
Երևանում նախորդ տարի մեծ արագությամբ կառուցվեց դելֆինարիա. բնապահպանները պնդում էին, որ Հայաստանում ծովային կենդանիների պահելու հարմար պայմաններ չկան, ու դելֆինները, չի բացառվում, որ մի քանի ամիս հետո կուրանան: Այժմ դելֆինարիան գործում է, արդյո՞ք պայքարը շարունակվելու է այս ոլորտում, թե՞ ոչ:
Սա ոչ միայն դելֆինների, այլ բոլոր այն կենդանիների խնդիրն է, որոնց պահում են անընդունելի պայմաններում: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հասկացել է, որ մեծ ներդրումներ են պետք կենդանաբանական այգիներ պահելու համար. ստեղծվում են հատուկ պայմաններ, լանդշաֆտներ, որոնք մոտ են բնությանը, կան հատուկ գիտական աշխատողներ ու անասնաբույժներ: Մենք լրիվ հակառակն ենք անում՝ սկսում ենք արագ-արագ կենդանաբանական այգիներ ստեղծել: Կենդանիները սովից մահանում են, քանի որ չկա պատասխանատվություն: Նույն պատասխանատվության բացակայությունը մենք տեսնում ենք նաև դելֆինարիայում, որտեղ բնակվող կենդանիները համարվում են մարդկանց մաքսիմալ մոտ գտնվող կենդանիներ: Չնայած ինձ համար վանդակում պահվող կապիկն էլ է մարդուն մաքսիմալ մոտ կանգնած կենդանի, ու ես չեմ կարողանում նայել, թե ինչպես է կապիկը վանդակում խելագարվում: Կան օրենքներ ու կոնվենցիաներ, որոնցով արգելվում է դաժան վերաբերմունքը տնային կենդանիների նկատմամբ, ես համարում եմ, որ բոլոր կենդանիներին պետք է դիտարկել այդ կոնվենցիաների շրջանակներում:
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր, բնապահպանական այլ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների համագործակցությունը վերջին տարիների ընթացքում:
Մենք հաճախ ենք դիմում առողջապահության նախարարություն, իրենք ասում են, որ բուժում են՝ մոռանալով, որ նրանց առաջին ֆունկցիան առողջության ապահովումն է, ոչ թե դրա հետևանքների բուժումը։ Պետությունը անգամ գումարներ չի հատկացնում, որ անցկացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, մենք ամեն հինգշաբթի վախով ենք բացում այդ կայքը, քանի որ անընդհատ որոշումներ են կայացնում հանքարդյունաբերության ոլորտում: Ավելին՝ առանց կառավարության որոշումների և առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը երկրաբանական հետախուզման աշխատանքների համար տասնյակ թույլտվություններ է տալիս. վերջին մի քանի տարիներին միայն ոսկու հետախուզման և արդյունահանման աշխատանքների համար տրվել է 49 թույլտվություն:
Արաքս գետի ափերից այնքան ավազ են արդյունահանել, որ գետն արդեն փոխում է իր հունը։ Մեր պաշտոնյաները ոչ մի պատասխանատվություն չեն կրում բնական ռեսուրսների օգտագործման ու սխալ որոշումներ ընդունելու համար, ինչպես օրինակ՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ում օրոք Սևանը դատարկվեց ձկներից:
Անկախությունից հետո ձևավորված հասարակական կազմակերպությունները ի՞նչ արդյունքի են հասել բնապահպանության ոլորտում:
Հասարակական էկոլոգիական շարժումները, կարծում եմ, շատ ակտիվացել են վերջին տարիների ընթացքում, ու շատ մարդիկ սկսել են հասկանալ, որ իրենք իրոք պայքարում են իրենց իրավունքների համար: Եթե նախկինում էկոլոգիական պայքարը ծաղիկների համար պայքար էին համարում, ապա այսօր հասկանում են, որ բնապահպանությունը առաջին հերթին մարդուն է պաշտպանում: Մեր պայմաններում շատ բան կախված է նրանից, թե պաշտոնական մակարդակով ով է վարում բնապահպանական քաղաքականությունը: Բայց շրջակա միջավայրը չի կարող սպասել, թե ով կգա ու կղեկավարի: Եթե բնությունը ոչնչանա ամենալավ բարեփոխում իրականացնելու համար անգամ միջավայր և տարածք չի լինի:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
