Անտեսված լինելը բռնության զոհ դառնալու հիմնական պատճառ

Երեխաների իրավունքների ամենատարածված խախտումը նրանց անտեսումն է, որն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների: Դա է ցույց տալիս Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի 10-ամյա փորձը:

Կազմակերպության նպատակն է՝ աջակցել կյանքի դժվար պայմաններում հայտնված, զրկանքների և բռնությունների ենթարկված երեխաներին:

«Երեխաների աջակցության կենտրոնի» գործունեության և մատուցած ծառայությունների մասին հարցազրույցը ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մանանե Պետրոսյանի հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (մինչ 2008թ. մարտի 1-ը Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն) գործարկվել է 2000թ. փետրվար ամսից: Այն Հայ Օգնության Ֆոնդի` Հայաստանի խոցելի բնակչությանն օգնող ամենահետաքրքիր, ամենաակտիվ ու գունեղ ծրագրերից է:

Այդ տարիներին Հայաստանում մեծ թիվ էին կազմում մուրացիկ անչափահասները: Նկատի առնելով, որ նման ծանր վիճակում հայտնված երեխաների կյանքում Ներքին գործերի նախարարության «ընդունիչ-բաշխիչ» կայանը կարևոր նշանակություն ունի, ՀՕՖ-ը նախ վերանորոգեց կայանի շինությունը, ապա 1999-ին ՀՀ ՆԳ նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն հանձն առավ ընդունիչ-բաշխիչ կենտրոնի գործառույթների իրականացումը: Կենտրոնը համալրվեց մասնագիտական սոցիալ-հոգեբանական ծառայություններով և սկսեց գործել 2000 թվականից:

Այդ ժամանակ փողոցում բազմաթիվ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ կային: Կենտրոնը ստեղծվեց այդ առաքելությամբ` օգնել փողոցում հայտնված երեխաներին: Բարեբախտաբար այդ խնդիրը գրեթե լուծված է` փողոցում չկան մուրացող երեխաներ, կամ շատ քիչ կան: Բայց այն, որ փողոցում մուրացող երեխաների թիվը պակասել է, դեռևս չի նշանակում, որ երեխաների խնդիրները վերացել են: Տարիներ անց այդ խնդիրները փոխել են իրենց դեմքը և ավելի խորացել:

-Այժմ ո՞ր խմբի երեխաներն են «Երեխաների աջակցության կենտրոնի» շահառուները:

Կենտրոնը օգնություն է ցուցաբերում 3-18 տարեկան բոլոր այն երեխաներին, ովքեր ունեն տարաբնույթ վարքային խնդիրներ, զրկվել են ընտանեկան խնամքից, դուրս են մնացել կրթությունից կամ այլ հիմնարար ծառայություններից, ենթարկվել են բռնությունների, տարբեր պատճառներով հայտնվել են փողոցում, զբաղվում են մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ենթարկվել են թրաֆիքինգի, այլ խոսքով` ում մանկությունը խաթարվել է ինչ-ինչ պատճառներով:

Մինչ օրս կենտրոնը երեխաներ է ապաստանել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Աբխազիայից և այլն:

-Ներկայումս ի՞նչ ծրագրեր եք իրականացնում և ինչպե՞ս եք աջակցում երեխաներին

Կենտրոնում աշխատում են տարբեր մասնագետներ, որոնք օգնում են երեխային և ընտանիքին` մեղմելու ընտանիքում առկա սոցիալական և հոգեբանական լարվածությունը:
Մասնագիտական թիմը նաև զարգացնում է ընտանիքի հմտությունները` ճգնաժամը հաղթահարելուց հետո հետագա կյանքը ճիշտ կազմակերպելու նպատակով:

Կենտրոնում աշխատում է սոցիալական աշխատող, հոգեբան, սոցիալական մանկավարժ, բժիշկ, ինչպես նաև ոստիկան: Կենտրոնը իրականացնում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն երեխաների և նրանց ընտանիքների համար, ապաստանի տրամադրում, մատուցում է սոցիալական պաշտպանության, առողջապահական և իրավական ծառայություններ: Գործում է երեխաների պաշտպանության թեժ գիծ և նաև խնամատար ընտանիքի ծառայություն:

Ծառայությունների բազմազանության շնորհիվ Կենտրոնը կարողանում է արագ արձագանքել դժվար իրավիճակում հայտնված երեխաների խնդիրներին և գտնել դրանց լուծման` երեխայի համար ամենաարդյունավետ տարբերակը` աշխատելով շաբաթը 7 օր և օրը 24 ժամ: Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում կանխարգելել լքված երեխաների տեղավորումը մանկատուն, ավելին` կազմակերպվում է արդեն մանկատներում գտնվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք կամ տեղավորումը խնամատար ընտանիքներում:

-Ինչպե՞ս են երեխաները հայտնվում կենտրոնում:

Կենտրոնը օգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերման համար օգտագործում է հնարավոր բոլոր «խողովակները»: Համագործակցում ենք Ոստիկանության, երեխաների պաշտպանության բաժինների հետ, իրականացնում ենք հանրային իրազեկում, գործարկում ենք «Թեժ գիծ» ծառայությունը:
Երեխաներին կենտրոն կարող են ուղղորդել բոլորը, նույնիսկ հենց ինքը՝ երեխան կարող է անձամբ դիմել կենտրոնի օգնությանը: Երեխայի՝ կենտրոնում մնալու տևողությունը կախված է տվյալ դեպքից: Նա ապաստանում է այնքան ժամանակ, մինչև որ հաջողվում է մեղմացնել իր և իր ընտանիքի ճգնաժամը, չեզոքացնել ռիսկը:

Մեր հիմնական նպատակն է ուժեղացնել ընտանիքը և վերադարձնել երեխային իր կենսաբանական ընտանիք, սակայն երբեմն ընտանիքը մնում է ռիսկային երեխայի համար: Նման դեպքերում կենտրոնը փնտրում է խնամակալ ընտանիք: Եթե խնամակալական ընտանիքում տեղավորելը նույնպես հարմար չի լինում, երեխային տեղավորվում ենք խնամքի հաստատություն:

-Այս պահին քանի՞ երեխա է ապաստանել կենտրոնը:

Կենտրոնում այս պահին 16 երեխա կա: Բայց թիվը անկայուն է, կարող է ավելանալ, պակասել: Միաժամանակ կենտրոնում կարող ենք ապաստանել առավելագույնը 30 երեխայի, մեր ռեսուրսները բավարարում են այդքանի համար, հակառակ դեպքում մատուցվող ծառայությունների որակը կարող է տուժել, որովհետև անհատական մոտեցում չի լինի:

-0800 61111 հեռախոսահամարով գործող երեխաների պաշտպանության Թեժ գիծը ի՞նչ ծառայություններ է մատուցում:

Երեք տիպի ծառայություն է մատուցում թեժ գիծը՝ խորհրդատվություն, ուղղորդում և միջամտություն, եթե դրա կարիքը կա: Ծառայությունը շուրջօրյա է և անվճար, զանգերին պատասխանում է վերապատրաստված սոցիալական աշխատող:
Հանրային ակտիվ իրազեկումների ժամանակ զանգերի թիվը շատ է լինում՝ օրական մինչև 30 զանգ, իսկ եթե ակտիվ իրազեկում չի լինում՝ զանգերի թիվը օրական չի գերազանցում 15-ը: Հիմնականում զանգահարում են գումարային, բնակարանով ապահովելու, առողջապահական բնույթի աջակցության հարցերով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ լայն հանրության կողմից դեռևս «Թեժ գիծ» ծառայության պատկերացումներն ու սպասումները գիտակցված չեն: Ցավոք, ծառայությունն ընկալվում է որպես նյութական աջակցություն ստանալու հնարավորություն:

Զանգերի մի մասը վերաբերում են երեխայի իրավունքներին: Ծնողը չգիտի, թե ում կարելի է դիմել երեխայի հետ կապված այս կամ այն հարցի լուծման համար: Զանգահարում են երեխաների մոտ վարքային խնդիրներ նկատելու դեպքում: Դիմում են երեխաների ժամանակավոր ապաստանման խնդրով, երբ ծնողների առողջական խնդիրներով կամ ընտանիքում բռնության առկայությամբ պայմանավորված առաջացել են երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված խնդիրներ: Եղել են նաև դեպքեր, երբ աջակցության կարիք ունեցել են ընտանիքի չափահաս անդամները (բժշկական, հոգեբանական աջակցություն, զբաղվածության խնդիր և այլն):

Զանգերի մի մասը վերաբերում են այնպիսի իրավիճակների, երբ խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է դիմել այլ կառույցների: Այդ դեպքերում կատարվում է քաղաքացիների ուղղորդում համապատասխան կառույցներին՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն և կոնտակտներ:

-Ե՞րբ է ներդրվել խնամատարության ծրագիրը և ի՞նչ հաջողություններ եք արձանագրել:

2005-ից սկսած՝ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնը» ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Խնամատար ընտանիքի ծառայություն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում ներդրվեց և փորձարկվեց խնամատարության մոդելը: Փորձնական աշխատանքներն իրականացվել են 2 մարզերում` Գեղարքունիքում և Լոռիում: Շնորհիվ ՄԱԿ-ի այս ծրագրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մեզ հաջողվեց ընտանեկան խնամքից զրկված 32 երեխաների համար գտել է նոր` խնամատար ընտանիք:

Խնամատարության տրված երեխաները տրավմաներ ունեցող երեխաներ են: Խնամատար ծնողները և խնամատարության տրված երեխաները մշտական մասնագիտական օգնության և խորհրդատվության կարիք ունեն: Մեր մասնագետները շարունակում են աշխատել նրանց հետ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ, և խնամատար ընտանիքն էլ իր հերթին օգնում է, որ երեխան վերադառնա իր իսկական ընտանիք: Խնամատար ընտանիքներում տեղավորված 32 երեխաներից 7-ը վերադարձել են կենսաբանական ընտանիք, իսկ 1-ը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

Խնամատար ընտանիքը երեխայի ծախսերի փոխհատուցում է ստանում: Այժմ ընտանիքների ֆինանսավորումը պետությունն է իրականացնում, իսկ մենք շարունակում ենք ընտանիքների մասնագիտական աջակցությունն ու վերահսկումը: Ընտանիքների թիվը ավելացնելու համար միջոցներ են անհրաժեշտ, որը դեռ փնտրում ենք թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

www.hra.am