«Օրենքը շատ սիրուն է, բայց կիրառելի չէ»

«Նորակառույց շենքերը պետք է հարմար պայմաններով կառուցեն հաշմանդամների համար, բայց մինչև այսօր հանձնվում են շենքեր ու ընդունվում պետական կառույցների կողմից, որտեղ ոչ մի բան արված չէ կամ արված է սխալ և ոչ կիրառելի»։

Հարցազրույց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում սկիզբ առած ներառական կրթության համակարգը, որքանո՞վ է պաշտպանված հաշմանդամ մարդկանց կրթություն ստանալու իրավունքը։

Երբ խոսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, չմոռանանք, որ դա ներառում է իր մեջ շատ տարբեր տեսակի հաշմանդամություններ և, ըստ այդ տեսակների, ցանկացած իրավունք, այդ թվում նաև կրթություն ստանալու իրավունքը, տարբեր ձևով է պաշտպանված։ Ինչքան դժվար են խնդիրները, այդքան վատ է պաշտպանված նման մարդկանց իրավունքը։ Օրինակ, վերցնենք չտեսնող մարդկանց իրավունքը, նրանք ոչ մի ռեալ շանս չունեն սովորել սովորական հանրակրթական դպրոցներում, կամ, այսպես կոչված, ներառական, խոսքը գնում է հանրակրթական և ոչ թե հատուկ դպրոցների մասին, այսինքն՝ իրենք ռեալ կարող են սովորել միայն կույրերի համար կամ թույլ տեսնողների համար դպրոցներում, ինչը, իհարկե, ներառման և ինտեգրման գաղափարին հակասում է: Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիան է վավերացրել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, որտեղ հստակ նշված է, որ չպետք է ստիպել երեխաներին կամ ծնողներին, որպեսզի երեխաները սովորեն հենց հատուկ իրենց համար ստեղծված դպրոցներում, բայց մեր դպրոցների տեխնիկական հագեցվածությունը այնպիսին չէ, որ խուլ մարդը կարողանա այցելի դպրոց:

Իսկ սայլակներով տեղաշարժվող երիտասարդներին հատուկ գրականություն պետք չէ, նրանց ընդամենը պետք է ազատ տեղաշարժի հնարավորություն ստեղծել...մեզ մոտ ներառական կոչվող դպրոցներում շատ-շատ արված է մեկ թեքահարթակ դրսում։ Շատ ողջունելի է անշուշտ, բայց դա հաճախ տանում է դեպի առաջին հարկ միայն, իսկ առաջին հարկում կամ գրեթե ոչինչ չկա, կամ էլ մի քանի դասարան է ու մարզադահլիճը: Շատ կարևոր հարց է նաև սանհանգույցների հարցը, իսկ դրանք ևս հարմարեցված չեն նման կարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:

-Արդյո՞ք առկա են նույն խնդիրները նաև բուհական հաստատություններում:

Գրեթե տարբերություն չկա՝ փոքր աննշան խնդիր ունեցողները կարող են սովորել և սովորում են: Ընդունելության քննությունների ժամանակ նրանք ունենում են արտոնություն՝ հաշմանդամության կարգավիճակ ունեցող դիմորդները, եթե հավաքում են դրական միավորներ, որը բավականացնում է վճարովի համակարգ ընդունվելու համար, նրանք անվճար են ընդունվում և թոշակ են ստանում... բայց եթե սայլակով է, ինչքան էլ հանճար լինի, ո՞նց է շենք մտնելու: Մենք չունենք ոչ մի պետական ու մասնավոր բուհ, որը սայլակով մարդկանց համար պայմաններ ունենա։

Միայն Ամերիկյան համալսարանն է, որտեղ սովորելու համար պետք է ավարտած լինես բակալավրիատը այլ բուհում, քանի որ այնտեղ միայն մագիստրատուրա է: Ամերիկյան համալսարանի շենքի դրսում կարողացան մուտքի մոտ թեքահարթակ դնել, ներսում թեքահարթակ, վերելակներ, այսինքն՝ ամեն ինչ ստեղծել են, որովհետև ամերիկացի են և իրենց չափանիշներին են ենթարկվում, իսկ մեր չափանիշները կարծես թե կան, բայց ասում են, «Դե ես ինչ անեմ, ես ունեմ սովետական միության ժամանակներից ժառանգած շենք»: Բայց արեցին չէ՞, նույն Ամերիկյան համալսարանի շենքը այդ ժամանակներից մնացած շենք է։

-Հայաստանում հաշմանդամ մարդկանց աշխատանքային իրավունքը իրականացնելու համար, Ձեր կարծիքով, ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ։

Աշխատանքի իրավունքը նույնիսկ ոչ հաշմանդամների համար ոչ միշտ է, մեղմ ասած, իրականացվում, իսկ ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող աշխատունակ մարդկանց, սկսենք նրանից, որ մենք նույնիսկ վիճակագրություն չունենք, այդպիսի մարդկանց որակական ու քանական չափանիշների թվերը չունենք։ Մենք գիտենք, որ ունենք 180.000 հաշմանդամ, որոնցից 100.000-ը, ըստ էության, աշխատունակ տարիքի է, բայց չես կարող ասել՝ ռեալ նրանցից քանիսը կարող են աշխատել: Աշխատունակ տարիքի հաշմանդամների մոտ 8-9%-ը ապահովված են աշխատանքով, որը քիչ է, քանի որ 92%-ը չեն աշխատում, որը երկրում նույնիսկ մեր գործազրկության բարձր մակարդակի համեմատ բարձր ցուցանիշ է...և այդ 8-9%-ը հիմնականում աշխատել են, նոր են դարձել հաշմանդամ, ասել են՝ դե մեր կոլեգան է, հո չենք հանելու: Մենք կարող ենք ասել, որ մի քանի տասնյակ հոգի են ընդունվել Վիվա -Սել, Օռանժ, մի քանի հոգի HSBC բանկ, իսկ պետական հաստատություններում չկա կոնկրետ քաղաքականություն, որ ընդունեն մարդկանց։

-Կան երկրներ, որտեղ Ազգային ժողովում լինում են հաշմանդամ պատգամավորներ։ Որքանո՞վ է կարևոր, որ դա նաև Հայաստանում լինի, և ի՞նչ դրական փոփոխություններ կարող է առաջացնել այդ քայլը։

Մեր հարևան Իրանի Ազգային Ժողովում կա խմբակցություն, որը զբաղվում է հաշմանդամների խնդիրներով։ Մեզ մոտ կար այդպիսի պատգամավոր մի քանի տարի առաջ՝ Արտակ Առաքելյանը, ով ՕԵԿ-ի շարքերից էր, բայց, ցավոք սրտի, մահացավ։ Շատ երևում է այժմ իր տեղը, քանի որ ինքը ակտիվ էր ինչպես հաշմանդամության, այնպես էլ այլ հարցերում: Նրա շնորհիվ էր, որ ստեղծվեց Արթուր Բաղդասարյանին կից հաշմանդամության հարցերով խորհուրդ, որը ընդգրկեց ակտիվ հ/կ-ներին, և մենք ունեցանք հնարավորություն ուղղակիորեն գլխավոր օրենսդրին հարցեր բարձրացնել: Այժմ նման խորհուրդ չկա, անհատական նախաձեռնությամբ երբեմն համագործակցում ենք ուղղակի կոնկրետ միջոցառումների ժամանակ։ Արթուր Բաղդասարյանից հետո այդ խորհուրդը լուծարվեց, Տիգրան Թորոսյանն ասաց՝ ինձ այդ խորհուրդը պետք չի, հետո Անդրանիկ Մարգարյանին կից խորհուրդ ստեղծվեց, ինքն էլ մեկ նիստ անցկացրեց, մահացավ, և մենք այժմ որոշեցինք ստեղծել ազգային հանձնաժողով, որը էլ ոչ մի պաշտոնյայի կից չէ։

-Այսօր հաշմանդամության խնդիրները կարգավորող օրենսդրական դաշտը ինչպե՞ս կվերլուծեք և ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք։

Մայր օրենքը` հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, այսօր ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ Հայաստանը 2010թ.-ից վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որը նոր օրենքներ ստեղծելու անհրաժեշտություն է ստեղծել, որպեսզի ազգային օրենսդրությունը չհակասի միջազգային օրենսդրությանը, և այժմ մշակվում է նոր օրինագիծ հաշմանդամների սոցիալական ներառման մասին, որի մշակման մեջ մենք բավականին ակտիվ մասնակցում ենք: Այժմ մեր խնդիրն է նաև այլ օրենքներում, այդ թվում քաղաքաշինության մասին օրենքում գրանցված դրույթները կիրառելի դարձնել։ Նրանք հիմնականում գեղեցիկ տեսք ունեն և շատ թույլ կիրառում: Օրինակ, քաղաքաշինության օրենքում վաղուց ամրագրված է, որ նորակառույց շենքերը պետք է հարմար պայմաններով կառուցեն հաշմանդամների համար, բայց մինչև այսօր հանձնվում են շենքեր ու ընդունվում պետական կառույցների կողմից, որտեղ ոչ մի բան արված չէ կամ արված է սխալ և ոչ կիրառելի։

-«Ունիսոնը» ինչպիսի՞ առաջնահերթ ծրագրեր է պատրաստվում իրականացնել այս տարի Հայաստանում:

Մենք մի մասնաճյուղ ունենք Սյունիքի մարզում և այժմ կարևոր ենք համարում «Բաց հասարակության ինստիտուտի» աջակցությամբ բացել իրավական հարցերով զբաղվող գրասենյակ նաև Սպիտակում՝ երկրաշարժի էպիկենտրոնում, որտեղ մինչև այսօր նման հկ չկա։ Պատասխանատուն կլինի սայլակով աղջիկ, ով կփորձի այդ քաղաքում աշխուժացնել նման խնդիրների լուծումը։ Մշակութային ներգրավվածության ուղղությամբ ենք աշխատելու, որի օրինակը մեր երգչախումբն է, որտեղ կան ինչպես հաշմանդամ, այնպես էլ առողջ մարդիկ։ Նկարչական ստուդիան կգործի, որտեղ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար կկազմակերպվեն ցուցահանդես-վաճառքներ, փառատոններ։ Նոր աշխատողներին կօգնենք այլ գործատուների մոտ աշխատելու համար լինել մրցունակ և կարողանալ, օրինակ, ճիշտ ռեզյումե կազմել ու հարցազրույց անցնել։

Կարինե Իոնեսյան

Աղբյուր՝ www.hra.am