ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԿ-ները ԵԱՀԿ-ին ներկայացրին զարգացման իրենց պատկերացումները

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը մասնակցել է նոյեմբերի 26-28-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ԵԱՀԿ երկրների հասարակական կազմակերպությունների համաժողովին:
Պարոն Դանիելյան, ո՞րն էր համաժողովի նպատակը:
Համաժողովի նպատակն էր առաջարկություններ մշակել ԵԱՀԿ-ի հետագա աշխատանքի վերաբերյալ: Քննարկում էինք տարբեր թեմաներ, նաև մարդու իրավունքների հետ կապված: Աշխատում էինք մի փաստաթղթի վրա, որը պետք է տրամադրվեր համաժողովի մասնակիցներին որպես հասարակական սեկտորի առաջարկություններ ԵԱՀԿ-ի աշխատանքները բարելավելու և արդյունավետությունը բարձրացնելու համար: Հատուկ ուշադրություն էր դարձվում Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին:
Ովքե՞ր էին մասնակցում համաժողովին:
Մասնակցում էին ԵԱՀԿ ռեգիոնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպաններ, փորձագետներ, ինչպես նաև Ղազախստանի նախագահի խորհրդականը: Ցավոք սրտի, բարեկեցիկ երկրների հասարակական սեկտորների ներկայացուցիչներն ավելի քիչ էին, քան նախկին Խորհրդային միության երկրների ներկայացուցիչները, երևի որովհետև նրանք այդքան չեն կարևորում ԵԱՀԿ-ի դերը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Շատ ակտիվ էին մասնակցում Կենտրոնական Ասիայի երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քանի որ ԵԱՀԿ-ն այն քիչ մեխանիզմներից է, որն իրենց երկրում նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը, հատկապես երբ իրենք Եվրախորհրդի անդամ չեն, և այն մեխանիզմներից, որոնցից մենք ենք կարողանում օգտվել, իրենք չեն օգտվում:
Որոնք էին քննարկման հիմնական թեմաները:
Ընդհանրապես մեծ քննարկում եղավ ընտրությունների դիտարկման հետ կապված, որին հետևեցին հետաքրքիր առաջարկություններ: Օրինակ, առաջարկություն եղավ, որ ԵԱՀԿ-ն ոչ թե ընդհանուր, այլ ռեյտինգային գնահատականներ տա ընտրություններին, հստակ չափանիշներ լինեն, և հստակ գնահատականներ տրվեն, ասենք՝ 10 բալանոց սանդղակով որոշակի թիվ նշվի, որպեսզի վերջապես նախորդ տարիներ հետ համեմատելու հնարավորություն լինի:
Քննարկում եղավ իրավապաշտպանների պաշտպանության թեմայով: Շատ երկրներում լուրջ խնդիր կա. մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվորներն իրենք պաշտպանության կարիք ունեն, որովհետև հետապնդվում են պետությունների կողմից: Իրավապաշտպաններին անգամ սպանում են, և վստահություն առաջացնող քննություն չի կատարվում: Այս պահին մեզ մոտ կարծում եմ այդ խնդիրը չկա, բայց ոչ մի երաշխիք էլ չկա, որ այդպիսի խնդիր չի առաջանա:
Կար նաև այսպես կոչված «քաղբանտարկյալների պատ», որտեղ յուրաքանչյուրը կարող էր քաղբանտարկյալների նկարներ փակցնել: Մենք Հայաստանից Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք: Ամենահետաքրքիրն այն էր, որ միջոցառումը Ղազախստանում էր կազմակերպված, որտեղ ամենալուրջ կազմակերպության ղեկավարը բանտում է գտնվում: Նրա տեղը համաժողովում ազատ էր, անուն-ազգանունով ցուցանակը դրված էր սեղանին, իսկ աթոռն ազատ էր: Միևնույն ժամանակ Ղազախստանի նախագահի խորհրդականը հետաքրքրվեց Ղրղզստանում ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Ազիմժան Ասկարովով, և խոստացավ, որ ինքն ինչ-որ ձևով կմասնակցի այդ մարդու ճակատագրին:
Ձեր կարծիքով՝ Ձեր կազմած փաստաթուղթն արդյունք կունենա՞:
Այս բավականին մեծ փաստաթուղթը, որը գրեթե միաձայն ընդունվեց, կարևոր փաստաթուղթ է: Կարելի է ասել՝ ԵԱՀԿ ռեգիոնի հասարակական կազմակերպությունները կոնսենսուսով ընդունեցին մի փաստաթուղթ, որով պատկերացնում են զարգացումը: Այն ԵԱՀԿ-ի և նոր նախագահող երկրի համար հետագայում ևս կարող է ուղեցույց լինել: Հուսով եմ՝ այս առաջարկությունների ինչ-որ մասը գործնական կդառնա:
Հարցազրույցը վարեց Աննա Բարսեղյանը։
Աղբյուր՝ www.hra.am