ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակության վերաբերմունքը փոխելը շատ ժամանակ է պահանջում

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա 179.257 հաշմանդամություն ունեցող մարդ, որը կազմում է բնակչության 4,5 տոկոսը։ 1993-ին ընդունվեց «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, սակայն անցած 17 տարիները ցույց տվեցին, որ օրենք ունենալը դեռ բավական չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները լիարժեքորեն ապահովելու և պաշտպանելու համար։
Որո՞նք են դրա պատճառները և ի՞նչ արվել իրավիճակը շտկելու համար։
Այս մասին զրուցեցինք «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանի հետ։
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ։ Ո՞ւմ գաղափարն էր դա և ի՞նչ նպատակ է հետապնդում։
Սա արդեն 4-րդ տարին է, որ կազմակերպվում է նման միամսյակ։ Դա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և «Հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության դաշինքի» նախաձեռնությունն էր ի սկզբանե, բայց հետո դարձավ պետական քարոզարշավ, և արդեն 3-րդ տարին է, որ կազմակերպվում է հաշմանդամ անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից։ Միամսյակի կոչն է՝ «Միանանք հանուն հավասար հնարավորությունների», այսինքն՝ կոչ ենք անում բոլորին իրենց գործունեության ու կարողությունների շրջանակում համախմբել, կենտրոնացնել ջանքերը հանուն հավասար հնարավորությունների։
Տարիներ առաջ հաշմանդամ մարդկանց խնդիրների մասին խոսում էի տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 3-ին։ Այս հարցում կարծես փոքր-ինչ առաջադիմե՞լ ենք։
Այո՛, առաջընթաց արձանագրել ենք և հատկապես խոսելու առումով. հիմա ավելի շատ և ավելի հաճախ են խոսում խնդիրների մասին։ Խոսում են նաև իրավունքների մասին, որը շատ կարևոր է, որովհետև հաշմանդամ մարդու խնդիրը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից: Ոչ թե ուղղակի բարեգործությունից ելնելով ինչ-որ բաներ անել նրա համար, այլ քայլեր ձեռնարկել նրա այս կամ այն իրավունքը պաշտպանելու, ապահովելու համար։ Կարևոր չէ, նա այդ իրավունքը կկիրառի՞, թե՞ ոչ։ Շատ անգամ ասում են, «եթե այս թեքահարթակը կառուցեմ կամ շենքը հարմարեցնեմ հաշմանդամ մարդկանց, քանի՞ մարդ կգա այստեղ, դա իրենց պե՞տք է, թե՞ ոչ»։ Կարևոր չէ, թե քանիսը կօգտվեն դրանից, քանիսը կօգտագործեն այդ հնարավորությունը, կարևորը որ դու ապահովել ես դա։ Մարդը իրավունք ունի ազատ տեղաշարժվելու, կրթություն ստանալու, աշխատանք ունենալու, ընտանիք կազմելու, ժամանցի իրավունք ունի և այլն։
2007-ին ստորագրվեց և այս տարվա հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան։ Ի՞նչ ակնկալիքներ կան կոնվենցիայի հետ կապված, դա ինչ որ բան կփոխի՞ հաշմանդամ մարդկանց կյանքում։
Կոնվենցիան հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող ամենակարևոր փաստաթուղթն է, որ երբևէ եղել է, և մեծ հույսեր կան դրա հետ կապված, որովհետև այն երկիրը, որը կոնվենցիա է վավերացնում, պարտավորվում է փոխել իր ողջ քաղաքականությունը, բոլոր գործընթացները համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներին։ Բնականաբար, որևէ նոր պարտավորություն երկիրը չի ստանձնում, որովհետև մենք ունենք տարբեր օրենքներ, որոշումներ, որոնք պաշտպանում են հաշմանդամ մարդկանց իրավունքները մեր երկրում։ Այսինքն՝ այնպես չի, որ օրենք չկար, կոնվենցիան փրկություն էր։ Ո՛չ։ Այլ հարց է, որ մոտեցումներն ու են փոխվելու, որովհետև հաշմանդամ մարդկանց իրավունքների կոնվենցիան ամբողջությամբ հիմնված է մարդու իրավունքների սկզբունքի վրա և սոցիալական մոդելի տեսանկյունից է դիտարկում խնդիրը։ Դա նշանակում է, որ հաշմանդամ մարդը կրթություն չի ստանում ոչ թե այն պատճառով, որ ինքը չի կարող, այլ որ չկան պայմաններ։ Այսինքն՝ խնդիրն իրենից դուրս է, հավասար հնարավորությունների խնդիր կա։ Կոնվենցիան մշակվել է կոմպետենտ մարդկանց և կազմակերպությունների կողմից և մեծ հույս է ներշնչում, որ շատ բան պիտի փոխվի պետական քաղաքականության մեջ։
«Հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ների դաշինքը, որտեղ ընդգրկված են 22 կազմակերպություն, ներկայումս իր շահերի պաշտպանության ռազմավարությունն է մշակում, իր գործողությունների պլանը, որը ամբողջությամբ համահունչ է լինելու կոնվենցիային։
Հաճախ է ասվում, որ մեզ մոտ շարունակում է առաջնային մնալ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի, կարծրատիպերի խնդիրը։ Խնդրի մասին խոսելը, բարձրաձայնելը վերջին տարիներին ինչ-որ չափով նպաստե՞լ է կարծրատիպերի հաղթահարմանը։
Բնականաբար տեղաշարժ կա։ Եթե մենք խոսենք միայն մեր կատարած աշխատանքի մասին, կարող ենք ասել, որ բավականին մեծ աշխատանք կա և միայն մենք չէ, որ աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետև, իրոք, ամենակարևոր խնդիրը վերաբերմունքի խնդիրն է։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանից պատվիրակություն եկավ ներառական կրթության հայաստանյան փորձն ուսումնասիրելու և իրենց մոտ ներդնելու համար։ Երկու երկրները համեմատելիս ինչ նկատեցինք, որ մեզ մոտ համեմատաբար ավելի լավ հասկանում են ներառման սկզբունքը, ներառական կրթության նկատմամբ վերաբերմունքը ուսուցիչների և ծնողների կողմից դրական է, բայց չկան պայմաններ՝ ֆիզիկական մատչելիություն և ֆինանսներ։ Ռուսաստանում՝ հակառակը, ստեղծված են բոլոր պայմանները, որևէ բայց վերաբերմունքի խնդիր կա։ Շատ դժվար է ուսուցիչների կարծրատիպը կոտրել, որը հիմնված է դեֆեկտոլոգիայի վրա, այսինքն՝ երեխային դիտում են որպես ինչ-որ պրոբլեմներ կրող և ուսուցմանը ոչ պիտանի մարդ։ Մենք էլ ենք այդ մոտեցումը ժառանգել Խորհրդային միությունից։
Իհարկե, երբեմն վիճելի է, թե ո՞ր խնդիրն է ավելի դժվար հաղթահարելի՝ վերաբերմունքի թե ֆինանսական։ Բայց, այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ եթե կա ճիշտ վերաբերմունք, մոտեցում, խնդրի լուծման համար ճանապարհներ անպայման կգտնվեն, և մեծ ջանքեր ենք գործադրում վերաբերմունքը փոխելու ուղղությամբ։ Մենք հանրային իրազեկման ոլորտում տարբեր միջոցառումներ, քարոզարշավներ ենք իրականացնում։ Այս միամսյակը ևս ուղղված է իրազեկման բարձրացմանը։ Ամեն տարի մենք պատրաստում ենք բազմաթիվ պաստառներ, օրացույցներ, ռադիոհեռուստատեսային հաղորդումներ՝ վերաբերմունքը փոխելու համար։
Մենք մեծ աշխատանք ենք անում նաև սեմինարների, ինտերակտիվ քննարկումների միջոցով, որոնք կազմակերպվում են դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում բարության դասերի համար։ Ուղղակի իրազեկման բարձրացման համար երեխաների հետ քննարկում ենք, թե ի՞նչ է հաշմանդամությունը։
Էս իմաստով շատ դժվար է աշխատել բիզնես սեկտորի հետ։ Զարգացած երկրներում բիզնես ոլորտը շատ մեծ դեր է խաղում հասարակական կազմակերպությունների կյանքում՝ որպես խնդրին աջակցող մարմին, ինչը, ցավոք, չկա Հայաստանում։ Շատ դժվար է գործատուների վերաբերմունքը փոխել, որպեսզի խնդրին մոտենան ոչ թե բարեգործության տեսանկյունից կամ հակառակը՝ խուսափողական, այլ հաշմանդամ մարդկանց աշխատանքով ապահովելը կամ ՀԿ-ներին աջակցելը դիտեն որպես նորմալ, քաղաքակիրթ մոտեցում, իրենց բիզնեսի մի մաս, որը նաև, ինչու ոչ, կարող է շահույթ հետապնդել՝ PR-ի իմաստով։
Ուզում եմ նշել նաև, որ շատ հայտնվել են անհատներ, ովքեր ուզում են աշխատանքի վերցնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, հետաքրքիր գաղափարներ ունեն և ուզում են մեզ հետ համագործակցել։ Այս շարժը շատ դանդաղ եղավ, շատ դժվարությամբ, բայց արդեն մենք դա նկատում ենք։
Ամփոփելով այս ամենը՝ վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել։
Դեկտեմբերի 3-ի հաշմանդամների միջազգային օրվա առթիվ շատ հաճախ լրագրողները հարցնում են՝ «ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում»։ Ու միշտ ցավով եմ նշում, որ տեսանելի, զգալի ու շոշափելի փոփոխություններ չեն եղել հաշմանդամ մարդու կյանքում։ Մենք դեռ մեր կողքին չենք տեսնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր ազատ տեղաշարժվում են, դպրոց, բուհ կամ սրճարան են գնում, կամ, պարզապես, քաղաքում զբոսնում են։ Ես շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ ոչ թե մտածեր, թե ինչ կարելի է ընդհանրապես անել, կամ՝ ով ինչ պետք է անի, այլ մտածեր, թե ինքը իր տեղում, իր պաշտոնում, իր աշխատանքով ինչ կարող է անել, որ ինչ-որ բան փոխի, թեկուզ փոքր մի բան։ Այս մտածողությունը պետք է ձևավորվի մարդկանց մեջ։
Մարդկանց, հասարակության վերաբերմունքը փոխելը դա շատ երկարատև աշխատանք և ժամանակ է պահանջում։ Եթե մենք նստենք ու մտածենք, թե երբ այս մարդու վերաբերմունքը կփոխվի, և նա կսկսի մտածել հաշմանդամ մարդու մասին, դա կլինի շատ ուշ կամ չի լինի։ Կան դեպքեր, երբ պետք չէ ուղղակի սպասել մարդկանց բարի կամքի դրսևորմանը, պետք է ուղղակի պաշտպանել հաշմանդամություն ունեցող մարդու իրավունքները։ ՀԿ-ները նրա համար են, որ պետությանը ցույց տան, առաջարկեն խնդրին լուծում տալու ավելի մատչելի և արդյունավետ ձևեր՝ որպես խորհրդատուներ։ Իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնողները, հրաման տվողները և որոշում կայացնողները արդեն պետք է դա դարձնեն պետական քաղաքականություն։ Հույս ունեմ, որ գոնե կոնվենցիայի հետ կապված կլինեն փոփոխություններ, որովհետև մենք 2 տարի անց պետք է հաշվետվություն ներկայացնենք ՄԱԿ-ին, թե ինչ է փոխվել մեր երկրում և ինչ ենք արել։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
