ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարգապահական մեկուսարանները Հայաստանում. խնդիրներ և անելիքներ

ՀՀ-ում գործող կարգապահական մեկուսարանների վիճակի և մշակման փուլում գտնվող ՀՀ ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի նախագծում տեղ գտած թերությունների վերաբերյալ հարցազրույցը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի հետ։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել է ՀՀ տարածքում գտնվող 11 կարգապահական մեկուսարանները։ Ինչպիսի՞ն են մեկուսարանների կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները և որքանո՞վ են համապատասխանում միջազգային ստանդարտներին։
Մեր մշտադիտարկման խումբը այցելել է Երևանի, Վանաձորի, Գյումրու, Կապանի, Էջմիածնի, Վայքի, Մարտունու, Իջևանի, Ճամաբարակի, Վեդու և 888-63 զորամասի մեկուսարաններ։ Մեկուսարանների պայմանները էապես տարբերվում էին միմյանցից։ Մեր այցելած մեկուսարաններից 7-ն արդեն վերանորոգված էին, 4-ը (Վեդու, Գյումրիի, Էջմիածնի) դեռ վերանորոգման փուլում էին գտնվում։ Վերանորոգված մեկուսարանների պայմաններն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել բավարար: Լուսավորությունը, սանիտարահիգիենիկ պայմանները բարելավվել էին սակայն կային որոշ խնդիրներ, օրինակ քնելու տախտակամածը բացվելիս հենվում է աթոռակի վրա և հնարավորություն չի լինում նստել աթոռին, սեղանը աթոռից հեռու է տեղադրված և հարմար չէ օգտվելու համար։ Մեկուսացված անձինք պահվում են առանց անկողնային պարագաների։ Նրանք իրավունք չունեն հանելու իրենց հագուստը, միայն քնելիս կարող են կոշիկները հանել, քնում են չոր տախտակամածի վրա։ Մեկուսացված անձինք չունեն զանգելու և տեսակցության իրավունք։
Մեկուսարանների ներսում խմելու ջրի խնդիր կա։ Որոշ մեկուսարաններում կան ջրի պլաստիկ կուժեր, որոշ մեկուսարաններում չկան։ Ջրի բաքեր պետք է տեղադրված լինեն, որպեսզի զինծառայողն ամեն անգամ մեկուսարանի աշխատակցից ջուր չխնդրի և կախվածության մեջ չլինի։ Կան մեկուսարաններ, որտեղ շենքային պայմաններն այնպիսին են, որ հնարավոր չէ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Էջմիածնի մեկուսարանի շենքը, օրինակ, կառուցված է եղել որպես պահեստ և դրա պայմանները շատ վատն են։ Այնտեղ, կարծում ենք, միանշանակ պետք է նոր շենք կառուցվի։
Կարգապահական մեկուսարաններում մեկուսացում տույժը կիրառելու դեպքերում ի՞նչ հիմնական խախտումներ կամ խնդիրներ եք նկատել ուսումնասիրության ժամանակ։
Մենք խոսել ենք մեկուսացված զինծառայողների, կարգապահական մեկուսարանների աշխատակիցների և ղեկավարների հետ։ Կարող ենք առանձնացնել հետևյալ խնդիրները։
Նախ՝ մինչև զինծառայողին կարգապահական տույժ նշանակելը, պետք է անցկացվի պատշաճ քննություն, բայց դա չի կատարվում, որովհետև, իրենց խոսքերով, ամեն դեպքը քննելը ժամանակատար գործընթաց է, և նրանք դա նպատակահարմար չեն գտնում։ Իսկ դա օրենքի խախտում է։
Ընդհանրապես, կարգապահական մեկուսացումը ամենախիստ պատժամիջոցներից է և պետք է կիրառվի միայն շատ կոպիտ կարգապահական զանցանքների դեպքում։ Մեր ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ մեկուսացումը բավական հաճախ է կիրառվում։ Ճիշտ է՝ մեկուսացվածների մեջ կային մեկից ավելի անգամ կարգապահական տույժի ենթարկված անձինք, բայց շատ էին նաև փոքր զանցանքների համար մեկուսացված զինծառայողները։ Իսկ մեկուսացման տույժը հրամանատարը կիրառում է ըստ իր հայեցողության։ Խնդիրը նաև իրավական ձևակերպումների մեջ է. Կարգապահական կանոնագիրքը սահմանում է կոպիտ զանցանքների ցանկը, որոնց դեպքում պետք է տրվի մեկուսացման տույժ։ Բայց դրանք այնքան ընդգրկուն և ոչ հստակ ձևակերպումներ են պարունակում, որ թեկուզ փոքր զանցանքը կարող է դիտարկվել որպես կարգապահական կոպիտ խախտում։ Մյուս կողմից, ոչ հստակ ձևակերպումները թույլ չեն տալիս զինծառայողին հասկանալու իր իրավունքներն ու պարտականությունները և բարեխղճորեն կատարել դրանք։ Բողոքարկման պրակտիկան գործնականում բացակայում է։ Ուսումնասիրության ժամանակ մեկուսացման որոշումը բողոքարկելու ոչ մի դեպք չհայտնաբերեցինք։ Պատճառները տարբեր են՝ զինծառայողները տեղյակ չեն իրենց իրավունքների մասին և չգիտեն՝ ինչպես կարելի է բողոքարկել կարգապահական մեկուսացման որոշումը։ Գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում այդ գործընթացը։ Միայն նշվում է, որ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով, բայց եթե, օրինակ, գնդի հրամանատարն է նշանակել կարգապահական տույժ, ապա ինչպե՞ս պետք է բողոքարկվի, այս մասին ոչինչ նշված չէ։ Մեկուսացման որոշումը չբողոքարկելու պատճառներից մյուսը այն է, որ զինծառայողը կարծում է, որ դրանով կարող է իր և իր վերադասի հարաբերություններում լրացուցիչ լարվածություն մտցնել։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Զինված ուժերի կարգապահական նոր կանոնագրքի նախագծում փոփոխություններ և լրացումներ անելու առաջարկություններ է ներկայացրել Պաշտպանության նախարարությանը։ Ի՞նչ հիմնական բացեր եք տեսնում նախագծում։
Մենք գտնում ենք, որ նախագծում որոշ փոփոխությունների և լրացումների կարիք կա։ Ըստ նախագծի կարգապահական մեկուսարանների փոխարեն պետք է գործեն կարգապահական վաշտեր։ Իհարկե, մենք ողջունում ենք Պաշտպանության նախարարության կողմից կարգապահական վաշտերի ստեղծման որոշումը, սակայն օրենքի նախագծում նշված չէ, թե ինչպիսին պետք է լինեն կարգապահական վաշտերը, որտեղ պետք է լինեն (նոր շե՞նք է կառուցվելու, թե՞ գործող մեկուսարանների շենքում պիտի գործեն), ինչ ռեժիմ պետք է գործի այնտեղ և այլն։ Նախագծում նշված է, որ այս հարցերը պետք է սահմանվեն նախարարի հրամանով։ Գտնում ենք, որ դա պետք է սահմանվի ոչ թե նախարարի հրամանով, այլ օրենքով։
Մեկ այլ խնդիր է այն, որ գործող կարգապահական մեկուսարաններում ոչ միայն կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներն են պահվում, այլ նաև՝ ձերբակալված զինծառայողները։ Կարգապահական վաշտեր ստեղծելուց հետո ձերբակալված զինծառայողները որտե՞ղ պետք է պահվեն։ Նման շատ հարցեր կան, որ պետք է քննարկվեն և հստակեցվեն։
Ըստ նախագծի՝ ավագ հրամանատարը չի կարող նվազեցնել կրտսեր հրամանատարի նշանակած տույժը, բայց միևնույն ժամանակ կարող է խստացնել։ Արդյոք սա չի՞ հակասում զինծառայողի՝ իրեն նշանակված տույժը բողոքարկելու իրավունքին։
Մենք նույնպես այս կետը համարում ենք խնդրահարույց, որովհետև ինչո՞ւ պետք է հրամանատարը մի կողմից կարողանա խստացնել տույժը, մյուս կողմից չկարողանա մեղմացնել։ Եվ եթե նախագծով սահմանվում է, որ զինծառայողը կարող է վերադասության կարգով բողոքարկել, ապա ի՞նչ իմաստ ունի բողոքարկումը, եթե ավագ հրամանատարը չի կարող մեղմացնել որոշումը։ Սա հակասական դրույթ է և պետք է փոխվի։
Գործող կարգապահական կանոնագրքում և նոր մշակվող օրենքում կան հոդվածներ, որոնք կոպիտ կարգապահական խախտումները հստակ չեն սահմանազատում քրեական հանցագործություններից։ Որքանո՞վ է սա ճիշտ։
Այո, նման խնդիր կա։ Մենք ուսումնասիրության ժամանակ հանդիպեցինք մեկուսացված անձանց, ում ինչ-որ զանցանքի համար կարգապահական տույժ էին նշանակել և միևնույն ժամանակ այդ նույն զանցանքը դիտվել էր որպես քրեական հանցագործություն և զինծառայողի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում առկա են քրեորեն պատժելի գործողությունների հատկանիշներ։ Նշված դրույթը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ քրեական և կարգապահական պատիժները չեն սահմանազատվի, որը կհանգեցնի կրկնակի պատասխանատվության։
Կարգապահական մեկուսարաններում, ըստ կանոնադրության, պետք է լինի օրվա գրաֆիկ, որը նաև ներառում է դասընթացներ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Արդյո՞ք այս կետը պահպանվում է։
Զինծառայողները պետք է իրազեկվեն իրենց իրավունքների մասին։ Բոլոր մեկուսարաններում կար փակցված օրվա ռեժիմը։ Բայց դա դեռ բավական չէ։ Զինծառայողի հետ պետք է տարվեն լրացուցիչ աշխատանքներ։ Կան մեկուսարաններ, որտեղ շարային պարապմունքներ են անցկացվում օրը 1 կամ 2 ժամ, բայց մնացած ամբողջ ժամանակ մեկուսացված անձինք պարապության են մատնված լինում։ Գտնում ենք, որ սա խնդիր է, և պետք է ապահովել զինծառայողների զբաղվածությունը և անցկացնել պարապմունքներ։
Ամփոփելով այս ամենը՝ կթվարկե՞ք այն հիմնական խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնի Պաշտպանության նախարարությունը՝ նախագիծը մշակելիս։
Հիմնական խնդիրներից առաջինը՝ հստակեցնել կոպիտ զանցանքների ցանկը, որպեսզի չլինեն այնպիսի ընդգրկուն ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները» կամ «զինվորական պարտքը և գործառնական պարտականությունները կատարել արիաբար»։ Հստակեցումը կարևոր է նաև նրա համար, որպեսզի զինծառայողն ինքը իմանա, թե որ դեպքում ինչ տույժ է սահմանված և խուսափի կարգը խախտելուց։
Մյուս կետը՝ հստակորեն սահմանազատել կարգապահական և քրեական տույժերը։ Կարևոր է նաև քննության հարցը։ Նախագծում նշված է, որ միայն կոպիտ զանցանքների դեպքում պետք է քննություն անցկացվի։ Մենք գտնում ենք, որ բոլոր դեպքերում պետք է պարտադիր քննություն անցկացվի։
Պետք է նախագծում կոնկրետ նշվի, թե որ հրամանատարն իր լիազորությունների շրջանակում ինչպիսի կարգապահական տույժ կարող է նշանակել։ Եթե գործող օրենքում այս կետը կար, նախագծում չկա և դա կարող է կամայականությունների տեղիք տալ։
Պետք է ավելի արդյունավետ դարձնել բողոքարկման մեխանիզմը, որպեսզի աշխատող համակարգ լինի, այլ ոչ թե ձևական բնույթ կրի։
Նախագծում պետք է կանոնակարգել և հստակեցնել նաև նոր ստեղծվելիք կարգապահական վաշտերում զինծառայողների պահման պայմանները։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուր՝ www.hra.am
