Արտակ Կիրակոսյանը մարդու իրավունքների և կոնֆլիկտների մասին

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Կրթության եւ գիտության նախարարության Հատուկ դպրոցների մշտադիտարկման խմբի ղեկավար Արտակ Կիրակոսյանը «Արիս» ղրղզական կազմակերպության հրավերով որպես ուսուցանող սեպտեմբեր ամսին  մասնակցել է Ղրղզստանում  ուսուցում իրականացնող "International Alert" («Միջազգային ահազանգ») բրիտանական կազմակերպության «Կոնֆլիկտազգայուն ծրագրերի նախագծում եւ իրականացում» թեմայով ուսուցմանը։

 Պարոն Կիրակոսյան, ո՞րն էր թրեյնինգի նպատակը։

 Նույնիսկ ոչ արտակարգ իրավիճակներում , նոր կոնֆլիկտներ ծնելու հավանականություն ունեցող ծրագրեր են իրականացվում ։ Օրինակ՝ Հայաստանում Համաշխարհային բանկը ջրամատակարարման ծրագիր էր իրականցրել, բարձրադիր եւ ցածրադիր գյուղերի միջեւ կոնֆլիկտ էր ստեղծվել, որովհետեւ վերեւի գյուղը չէր թողնում ջուրը ներքեւ հասնի՝ չնայած արդեն ստեղծված ջրամատակարարման համակարգի։ Կոնֆլիկտազգայուն ծրագիր նախագծելիս եւ իրականցնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել այդ ասպեկտի վրա, հենց սկզբից պետք է այնպես ձեւավորել ծրագիրը, որպեսզի  այն նոր կոնֆլիկտներ չծնի, առավել եւս, երբ երկիրն այնպիսի իրավիճակում է, ինչպես, օրինակ, Ղրղզստանում՝ լարված, համարյա քաղաքացիական պատերազմի հասած, պետք է «յուղ չլցնել կրակին»։

Առնվազն չվնասելու համար հաշվարկներ կատարելու մեթոդներ եւ գործիքներ կան, որոնք օգտակար կարող են լինել նաեւ էթնիկական կոնֆլիկտների հաղթահարմանը։

Այս թրեյնինգն անցկացնելու համար "International Alert"-ի ուսուցման պատասխանատուի ղեկավարությամբ միջազգային թիմ էր կազմվել՝ 2 հոգի Հայաստանից, 1 հոգի Վրաստանից եւ 3 հոգի Ղրղզստանից։ Մենեջերական կազմի եւ ծրագիրն իրականացնողների համար 5 ուսուցում անցկացրինք, յուրաքանչյուրը 3 օր տեւողությամբ։

Ի՞նչ առաքելություն ունեն մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները կոնֆլիկտային իրավիճակներում։

 Մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները վտանգավոր իրավիճակում են աշխատում։ Այս կազմակերպություններն ի սկզբանե կարծես կոնֆլիկտ ունեն իշխանությունների հետ, որովհետեւ խնդիրներ են դնում նրանց առջեւ, որոնց լուծումից իշխանությունները փորձում են խուսափել։ Լարված իրավիճակներում ավելի վտանգավոր կացության մեջ են, որովհետեւ նրանց միանգամից սկսում են պիտակավորել։

«Քաղաքացիներն ընդդեմ կոռուպցիայի» մարդու իրավունքներով զբաղվող ղրղզական կազմակերպության նախագահ Տոլեկան Իսմայիլովան պառնալիքների տակ ստիպված եղավ լքել երկիրը. նրան մեղադրում էին ուզբեկներին պաշտպանելու մեջ։ Ընդհանուր առմամբ դա տրամաբանական է, որովհետեւ այս ղրղզա-ուզբեկական կոնֆլիկտում տուժողները ուզբեկներն են։

Կոնֆլիկտների եւ մարդու իրավունքների թեման շատ կարեւոր է հատկապես Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիական տարածաշրջանի համար։ Ուզբեկ իրավապաշտպան Ազիմժան Ասկարովին ցմահ դատապարտեցին՝ մեղադրելով զենք պահելու, զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների եւ դրանց արդյունքում մի ոստիկանի մահվան մեջ։ Ամբողջ դատավարությունն անցել է ահավոր պայմաններում, դատարանում անընդհատ սպառնալիքներ են հնչել, նա ակնհայտորեն հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման տակ է եղել։ Մեղադրող կողմի հիմնական ապացույցն էր՝ «այդպիսի մարդը չէր կարող մասնակից չլինել այդ իրադարձություններին»։

Երբ իրավիճակը լարվում է, ամենաթույլ կետն էլ դառնում է մեղադրանքի հիմք։

Որքանո՞վ են պաշտպանված մեր իրավապաշտպանները։

Եթե համեմատում ենք Ղրղզստանի հետ, շատ պաշտպանված են, Ուզբեկստանի հետ համեմատած՝ դրախտում ենք ապրում։ Զուտ ֆիզիկապես նրանք պաշտպանված են։ Ինձ մտահոգում է, թե որքանո՞վ են պաշտպանված սկզբունքների եւ գաղափարների առումով։ Այս տարածաշրջանում այս խնդիրը միշտ կա։ Ի տարբերություն Արեւմտյան երկրների՝ մեր երկրներում իրավապաշտպաններն ավելի մեծ դեր ունեն. ինչ-որ առումով նրանք քաղաքացիական հասարակության ավանգարդն են։ Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունները դեռեւս կարողանում են իրենց դեմքն ու իմիջը պահել՝որպես ոչ կուսակցական, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ։

Մեզանում ո՞ր թեմաներն են կոնֆլիկտազգայուն։

Հիմնական կոնֆլիկտազագայուն թեման ընդդիմություն-իշխանություններ կոնֆլիկտն է, որը շատ բեւեռացած է այսօր։ Երկխոսության ոչ մի եզր դեռ չկա ։ Դա միայն մարտի 1-ի զոհերի եւ  քաղբանտարկյալների հետեւանքը չէ, այդ բեւեռացումը շատ ավելի վաղ է սկսվել, եւ այն ուղղակիորեն ազդում է ամբողջ հասարակության վրա։ Ընտրությունների ժամանակ անգամ ընտանիքների մեջ էին բեւեռացված վեճեր լինում։ Հիմա ընդդիմություն-իշխանություններ հարաբերությունների մոդելը դառնում է ամբողջ հասարակության հարաբերությունների մոդել, հասարակության կազմակերպություններն էլ նույն կերպ բյուրեղանում են, թվացյալ հստակեցնում են իրենց դիրքերը, դառնում են երկու ծայրահեղ բեւեռներ, իդենտիֆիկացիան դառնում է թշնամուց տարբերվելը։ Ես հակված եմ այն մտքին, որ բեւեռները վերջում միանում եւ նմանվում են իրար, մտածելակերպն ու գործելակերպը նույնն են դառնում, գաղափարն ու բովանդակությունը մեջտեղից դուրս են գալիս։

Բանակի թեման է՞լ է կոնֆլիկտազգայուն։

 Բանակի թեման հենց կոնֆլիկտ է։ Դա գալիս է ցանկացած տիպի փակ հաստատությունների էությունից։ Ցանկացած փակ հաստատություն, փակ համակարգ նույն տիպի հիվանդություններ ունի. հիվանդություններից մեկը «փորձենք պրոբլեմը մեր մեջ լուծել, որ դրսում չտեսնեն»-ն է։ Հիվանդության պատճառն այն է, որ հարաբերությունները դառնում են իրարից կախյալ, ցանկացած քննադատություն ընկալվում է որպես ուղղակի հարված համակարգին։ Պրոբլեմները թաքցնելը դառնում է գերնպատակ։ Նպատակը չի լինում համակարգը բացելը, աղտերը ցույց տալը, ինչ-որ ձեւով բուժելը։ Ամեն բացահայտված պատմության վերաբերյալ ռեակցիան պաշտպանողական է լինում։ Դա եղավ ե՛ւ Ոստիականապետի հետ Խալաֆյանի գործով, երբ միանգամից ասաց՝ այդպիսի բան հնարավոր չէ, դա հաստատ սպանություն չէ, ե՛ւ ինտերնետում բանակի հետ կապված ինչ-որ հրապարակումների ժամանակ, երբ Պաշտպանության նախարարությունը դա անհնար համարեց։ Նման հակազդումը բնորոշ է փակ համակարգերին։

Ձեր կարծիքով՝ ո՞րն է լուծումը։

Միակ լուծումը համակարգը բացելն է։ Բացել ասելով՝ նկատի ունեմ հասարակական վերահսկողությունը, որի մեխանիզմներն այսօր կան Հայաստանում։ Այսօր Հայաստանը բավական լավ փորձ ունի քրեակատարողական համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու, որն արդեն 5 տարի է՝ անում է։ Այս մեխանիզմը կատարյալ չի աշխատում, բայց, այդուհանդերձ, մենք գիտենք՝ այնտեղ ինչ է կատարվում։ Նախարարությունն էլ չի վախենում պրոբլեմների մասին բարձրաձայնելուց՝ համոզված լինելով՝ որքան բաց է համակարգը, որքան շատ հասարակության ներկայացուցիչներ են մասնակից այդ գործընթացին, այնքան նրա համար հեշտ է, այնքան ինքը պաշտպանված է։ Ցավոք սրտի, բանակում եւ ոստիկանությունում այդպես չէ։  Նախորդ վարչակազմի հիմնական թեզերից մեկը կայունությունն էր։ Կայունությունից դեպի լճացում ընդամենը մի քայլ է։ Խորհրդային միությունը փլուզվեց հենց լճացման արդյունքում։ Այսօր գոյատեւում են եւ առողջ են միայն դինամիկ հասարակությունները, միայն երբ մարդիկ չեն վախենում իրենց պրոմբլեմից խոսել, բացահայտել այն, որքան էլ առաջին հայացքից վախենալու թվա։ Փակ համակարգում խնդիրները կուտակվում են, օրգանիզմը հիվանդանում է։ Այսօր կայունությունը առանց դինամիկայի, ներքին քննադատության, աշխարհի առջեւ բաց լինելու, հնարավոր չէ։ Եթե ուզում ես ունենալ հզոր, կայուն համակարգ, պետք է բացես այն։

Հարցազրույցը վարեց Աննա Բարսեղյանը

Աղբյուր՝ www.hra.am