Ընտրությունը մերժվել է 22 անգամ

Հարցազրույց գրող-հրապարակախոս  Տիգրան Պասկևիչյանի հետ

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ այսքան աղմուկ բարձրացավ «Ընտրություն» ֆիլմի շուրջ:

-Կարծում եմ'«Ընտրություն» ֆիլմի շուրջ  բարձրացած աղմուկն արհեստական է, քանի որ, ըստ Սահմանադրության երաշխավորած ազատությունների՝ ֆիլմը ոչ միայն դահլիճի խնդիր պիտի չունենար, այլեւ պետք է ցուցադրվեր հեռուստատեսությամբ։ Այս աղմուկը տարատեսակ սահմանափակումների հետևանք է, երբ հայտարարված խոսքի ազատությունը չունի դրսեւորվելու հնարավորություն։ Դեպքը եզակի չէ, եւ դա թույլ է տալիս նման կատեգորիկ եզրահանգում անելու։ 2008 -ի հոկտեմբերին կինո «Մոսկվայում» արգելվեց իմ պատրաստած մեկ այլ՝ «Օտարում» ֆիլմի ցուցադրությունը: Բացի այդ, կա մի մեծ ցանկ հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների, որոնց հրաժարվել են դահլիճներ տրամադրել հյուրանոցները, բիզնես կենտրոնները, ստեղծագործական միությունները։ Մոտ 20-22 անգամ մերժվել է տարբեր կազմակերպությունների ներկայացրած սեմինարներ, քննարկումներ, դիտումներ անցկացնելու հայտերը։ Այսինքն' սա նորություն չէ։

-Իսկ որտե՞ղ փնտրել այս գործելաոճի ակունքները:

-Ակունքներն առհասարակ ամենավերեւում են։ Թեեւ կոնկրետ այս դեպքում վստահ չեմ, թե վերևների ուղղակի ցուցումով է ֆիլմի ցուցադրումն արգելվել։ Սա, իմ կարծիքով, միջին կարգի ինչ-որ չինովնիկի ձեռքի գործ է, ավելի շուտ՝ Գեղագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանի անձնական նախաձեռնությունը: Դա երեւում է նրանից, որ Կրթության եւ գիտության նախարարությունը շփոթմունքի մեջ է ու քանի օր շարունակ մեկը մեկից անհեթեթ պատճառաբանություններ է ներկայացնում։

-Համոզի՞չ են այդ պատճառաբանությունները:

-Այն, ինչ ապրիլի 16-ին ինձ ասացին նախարարությունում, բնականաբար համոզիչ լինել չի կարող։ Իրենց ներկայացրած կանոնադրության մեջ ոչ մի խոսք չկա ֆիլմ ցուցադրել-չցուցադրելու մասին, իսկ քաղաքական կազմակերպություն, ինչի մասին նշված է այնտեղ, ես չեմ պատրաստվում ստեղծել։ Այս անհեթեթությունն իրենք էլ հասկացան ու երեք օր անց հայտարարեցին, թե իբր արգելել են պայմանագիր չլինելու պատճառով։ Ես այդ դահլիճից մի քանի անգամ օգտվել եմ եւ երբեք պայմանագիր չեմ կնքել։ Վճարել եմ դահլիճի վարձն ու ստացել հաշիվ-ապրանքագիր։ Բայց եթե անգամ ԿԳՆ-ն ճիշտ է, այդ դեպքում էլ չպետք է արգելեին՝ կարելի էր զգուշացնել, կարելի էր ուղարկել պայմանագիր կնքելու, բավական ժամանակ կար։ Արգելման պատճառը քաղաքական է, եւ դա անվիճելի է։ Ի՞նչ եք կարծում, եթե հիմա գնամ-ասեմ՝ եկեք, պայմանագիր կնքենք, դահլիճը տալո՞ւ են։ Ո՛չ։

-Իշխանամետ մամուլը գրել էր, որ Տիգրան Պասկևիչյանը 10 րոպեում դարձավ հանրաճանաչ, իսկ «Ընտրություն» ֆիլմը' գլուխգործոց: Ի՞նչ կասեք սրա մասին:

-Իշխանամետ մամուլը հաստատում է, որ մենք ապրում ենք աննորմալ երկրում։ Եթե իշխանամետ մամուլն ու նրա պապաները չեն ուզում, որ ես տասը րոպեում դառնամ հանրահայտ, ֆիլմս էլ՝ գլուխգործոց, թող բարի լինեն հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մասնավորապես՝ 27-րդ հոդվածը։

-Ի վերջո, դուք գտաք ֆիլմը այլ տեղում ցույց տալու ձևը՝ ՀԱԿ-ի Էրեբունու գրասենյակում: Քանի՞ մարդ հնարավորություն ունեցավ դիտելու այն:

-Գիտե՞ք, ես կարող եմ ամեն օր քսան հոգու հրավիրել մեր տուն եւ ցույց տալ ֆիլմը։ Հազարավոր մարդիկ DVD-ներ են կրկնօրինակում եւ իրար փոխանցում, տասնյակ հազարավոր մարդիկ դիտում են այն ինտերնետում, բայց դա չի փոխարինում հասարակական վայրերում ցուցադրելու-դիտելու իմ եւ հանդիսատեսի իրավունքին։ Վերջին հաշվով, մեծ կամ փոքր որեւէ դահլիճ հասարակության սեփականությունն է, եւ եթե Լեւոն Իգիթյանն անհասկանալի պայմաններում այն «ժառանգություն» է ստացել իր ավագ եղբորից, դա դեռ չի նշանակում, թե նա իրավունք ունի ցենզորի դեր ստանձնելու։ 

-Ըստ Ձեզ, վերջին նախագահական ընտրություններից հետո հասարակության ներսում լարումը պակասե՞լ է:

-Եթե լարումը պակասած լիներ, դահլիճները չէին փակվի, հեռուստատեսությունները կլինեին ազատ, «ԳԱԼԱ»-ի դեմ դուրս չէր գա պետական ապարատն՝ իր ճնշիչ մեխանիզմներով։ Լարումը կա եւ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կան քաղաքական բանտարկյալներ, քանի դեռ կա ճնշում, հետապնդում, հալածանք։ «Ընտրություն» ֆիլմը, մեծ հաշվով, հենց նրա մասին է, թե ինչպես է հալածանքը համախմբում մարդկանց եւ կռում հասարակության կամքը։ 

-Բայց հասարակությանն ընտրելու հնարավորություն չի տրվում: Ի՞նչ վտանգների ու հետևանքների կարող է բերել այսպիսի տենդենցը:

-Ձեր հարցը երեւի վերաբերում է ֆիլմի վերնագրին՝ «Ընտրություն»։ Այո, դրա մեջ ներքին բառախաղ կա՝ ընտրություն կատարելու աստվածաշնորհ ունակությունն առանձնացված է «ընտրություններ» կոչվող քաղաքական արարողությունից։ Մենք ունենք հասարակություն, որը տարիներ շարունակ կատարում է իր ընտրությունը: Մեր հասարակությունը դեմ է բռնապետությանը, կոռուպցիային, անօրինականությանը, մյուս արատավոր երևույթներին: Դրա համար միշտ ընտրում է ընդդիմադիր թեկնածուներին, այսինքն՝ փոփոխությունն է ընտրում: Իսկ մի խումբ մարդիկ իրենց ձեռքում  կենտրոնացրելով բոլոր լծակները՝ թելադրում են խաղի  կանոններ: Բայց մարդկանց այդ մի խումբն այնքան բանականություն չունի, որ հասկանա' մարդկանց բանտարկելով, դահլիճներն ու հեռուստաընկերությունները փակ պահելով հնարավոր չէ հասարակության տրամադրությունը փոխել: Այսօրվա իշխանավորները իմ տարիքի, մի քիչ ավելի մեծ մարդիկ են, ովքեր ապրել են սովետական տարիներին: Այս նույն բաները 1980-ականնների վերջին մենք բացատրում էինք կոմսոմոլի հրահանգիչներին ու բաժնի վարիչներին: Հիմա ստիպված ենք բացատրել Արմեն Աշոտյանին: Մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկա էն հրահանգիչների ու էս հրահանգիչների միջև եւ, վստահ եմ, որ տարբերություն չկա նաեւ էն ժամանակների ու էս ժամանակի միջեւ։ Ամեն ինչ նույն ձեւով է ավարտվելու։  

-Իսկ ի՞նչ կտար հասարակությանը այլընտրանքը, այընտրանքային խոսքը, որից այդքան վախ կա:

-Հասարակությանը կտար համեմատական դատողություն անելու հնարավորություն: Մարդիկ  վերահսկելի հեռուստաալիքներ են դիտում եւ, ըստ էության, զրկված են այլընտրանքից, համեմատական դատողություն անելու հնարավորությունից: Մարդը չի կարողանում տեսնել լույսն ու ստվերը, ճիշտն ու սխալը և այլն: Այսպես փորձում են մարդուն զրկել ընտրելու իրավունքից, բայց քանի որ դա իշխանության շնորհը չէ, որ իշխանությունն էլ զրկի կամ չզրկի, փորձ է արվում գոնե անվստահություն սերմանել։ 

-Ինչի՞ կարող է բերել վստահության անկումն այս պարագայում:

-Դա մեկ նպատակ է հետապնդում՝ հուսահատեցնել հասարակությանը, գցել անտարբերության մեջ, համոզել, որ իրենց դեմ խաղ չկա՝ կուզենք' դահլիճ կփակենք, կուզենք' ճանապարհները կփակենք, կուզենք՝ հեռուստաընկերություն կփակենք: Հիմա էլ «ԳԱԼԱ»-ի դեմ է խայտառակ արշավ սկսվել' հարկայինով, մաքսայինով, ազգային անվտանգությունով: Դրա նպատակն այն է, թե տեսեք'ինչ ուզում-անում ենք: Իսկ մեր նկատակը դա կանխելն է: Եվ, կարծում եմ' կկանխենք, որովհետև այսպես շարունակել անհնար է:

-Տեսականորեն պատկերացնենք, թե «Ա1+»-ը եթերազրկված չէ: Այդ ժամանակ կարո՞ղ էր բացառվել Մարտի 1-ը:

-Այո, հնարավոր կլիներ խուսափել ոչ միայն Մարտի 1-ից, այլեւ բոլորովին տարբեր կլիներ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը։  «Ա1+»-ի բացումից, իմ կարծիքով, եւ իշխանություններն են սարսափում, եւ գործող հեռուստաընկերությունները, որովհետև այդ դեպքում առաջինները ստիպված կլինեն փոխել գործելաոճը, իսկ հեռուստաընկերությունները՝ ծրագրային քաղաքականությունը: Այդ ժամանակ մրցակցությունը կլինի ոչ թե սերիալների միջեւ, այլ՝ լրատվական թողարկումների եւ հասարակական-քաղաքական հաղորդումների։ Իսկ ազատ մրցակցությունը լրատվական դաշտում ավելի կմեծացնի քաղաքական ազատ մրցակցության հնարավորությունը։ Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանն այս բանը լավ էր հասկանում, դրա համար էլ ժամանակին փակեց «Ա1+»-ը։

-Ինչո՞ւ մեր հանրությունում սկանդալ տեղի չի ունենում: Չարենցավանի ոստիկանությունում օրերս մահվան դեպք արձանագրվեց. դանակի հարվածներից զոհվեց 24-ամյա Վահան Խալաֆյանը: Հատուկենտ լրատվամիջոցներ արդեն քանի օր է գրում են այդ մասին, սակայն «բում» այդպես էլ չի հասունանում, որ հաջորդ անգամ կարողանա նույն ոստիկանի ձեռքը բռնել: Որտե՞ղ եք տեսնում պատճառը:

-Սա, կարծում եմ, երկու բացատրություն ունի: Առաջին' հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ: Թերթերը կարդում են սահմանափակ թվով մարդիկ, մարզերում, գյուղերում ընթերցողները չափազանց քիչ են: Հեռուստատեսությունները նման դեպքերի մասին լռում են: Լուրերը մարդկանց հասնում են բանավոր, չստուգված եւ անհավաստի վիճակում։ Իսկ անհավաստի, չստուգված լուրը չի կարող ռեակցիա առաջացնել։ Երկրորդ պատճառն՝ անտեղյակ հասարակությունը չի կարող պատճառաբանել իր գործողությունները: Այս դեպքում հասարակության ռեակցիան պետք է արտահայտեն հասարակական կազմակերպությունները եւ այդ արտահայտությունը պետք է լինի միահամուռ։ Այդ ժամանակ արդեն որոշակի ֆոն կապահովվի: Թե չէ հիմա իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում է, որ պետք է պահանջել ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, բայց հասարակական  կազմակերպություններից ոչ մեկը, կարծես, չի միանում նրան:

Հարցազրույցը՝ Զարուհի Մեջլումյանի