ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերքման մեջ ես «գողականություն» եմ տեսնում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը իր տեսակետն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ Արդարադատության նախարարության առարկությունների շուրջ։
Հրապարակվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցը, ինչը միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հերթական աղաղակող փաստաթուղթն էր՝ Հայաստանի իրավական ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Կարելի՞ է համարել, որ դա ինչ-որ «մեսսիջ» էր ուղղված ՀՀ իշխանություններին։
Զեկույցները հերթական չեն լինում, դրանք շատ լուրջ աշխատանքի արդյունք են։ Եվ այս վերջին զեկույցը չեմ համարում իշխանություններին ուղղված «մեսսիջ», զեկույցն ամբողջությամբ քննադատություն էր նրանց հասցեին, որը հիմնովին հերքել է Արդարադատության նախարարությունը։ Վերջին զեկույցի մեջ Հայաստանի դատական համակարգը անխնա ու ճշգրիտ քննադատվել էր, ինչը ժամանակին կատարված ճշգրիտ դիտարկումների արդյունք էր։
Զեկույցում նկարագրվում է մեր իրականությունն, ինչպես որ կա։ Մի առիթով արդեն ասել եմ, որ եթե նրանք չլիներին եվրոպացիներ, այլ, ասենք, հայաստանցիներ կամ պոստ սովետական երկրների ներկայացուցիչներ, ապա զեկույցը կիլիներ շատ ավելի խիստ, քան այսօր է։ Այսինքն՝ շատ նուրբ դրվագներ, որ տեսնում ու հասկանում ենք մենք, նրանք չեն տեսնում ու չեն հասկանում։
Այդուհանդերձ, ԵԱՀԿ-ի կողմից մոնիթորինգ իրականացնող փորձագետները հստակ արձանագրել են, որ Հայաստանում չկա արդար դատաքննություն, որ մեղադրյալներն ու վկաները պաշտպանված չեն, զեկույցում հստակ նկարագրված է, որ բազմաթիվ մեղադրյալներ մեղադրվում են միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա։ Եվ հիմա Արդարադատության նախարարությունը հերքում է այս ամբողջը, այնպես, ինչպես դա կանեին քրեական աշխարհի մտածողության տեր գողականները։ Իրենց հերքման մեջ ես «գողականություն» եմ տեսնում։
Փորձեք հետևել, թե ինչպես են դատում քաղաքականության հետ որևէ կապ չունեցող մարդուն, բացարձակ անպաշտպան մեկին, Հայաստանի սովորական քաղաքացուն, ով, ասենք, գողություն է արել։ Պատկերացրեք՝ ինչ է կատարվում այդ մարդու հետ, երբ նա բախվում է մեր արդարադատության համակարգին, մեր դատավորների սառնությանը, մեր դատավորների կոշտությանը, փաստաբանների ծախվածությանը։ Այսպիսով՝ տեսանելի է դառնում, թե որքան սարսափելի է Հայաստանի դատարանը։ Այն ամենևին էլ սարսափելի չէ քաղբանտարկյալի համար, քանի որ նա ինչ-որ չափով պաշտպանված է.որոշ լրատվամիջոցներ են նրանց սատարում, դատապաշտպաններ կան, քաղաքական ուժեր, եվրոպացիներն են գալիս։ Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է սովորական մեկը, ով, օրինակ, վիճել է հարևանի հետ։
Եվ եթե նույնիսկ վերջին զեկույցում նկարագրվածի 20 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա կարելի կլիներ մեր դատարանները համարել ոչ դատարաններ։
Դուք նշեցիք, որ մի քանի տասնյակ դատավարությունների եք հետևել ու մասնակցել։ Ի՞նչի ականատեսը դարձաք այդ երկու տարիների ընթացքում։
Վերջին երկու տարիներին ես մասնակցելով դատական պրոցեսներին` միշտ էլ նկատել եմ, որ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ հետևում ու ուսումնասիրում են դատական պրոցեսները։ Մոնիթորինգի պրոցեսը թաքուն չէր, դա արվել է բացահայտ, ինչը նկատել են դատավարությունների տարբեր կողմեր՝ դատախազներ, արդարադատության համակարգի ներկայացուցիչներ, սակայն նրանցից և ոչ մեկը ոչինչ չի արել, որ նույն այդ եվրոպական կառույցները բացասական կարծիք չունենան։
Այն, ինչ նկարագրված է զեկույցում, ես իմ աչքերով եմ տեսել, և կարող եմ զեկույցի տակ ստորագրել, նաև ավելացնել այն, ինչ արդեն ասացի' եվրոպացին չի տեսել այն, ինչ տեսել եմ ես' հայաստանցիս: Եվրոպացին, օրինակ, պիտի անպայման լսի խոշտանգված մարդու հայտարարությունը. Ինձ դա պետք չէ, ես արդեն պատկերոցնում եմ, թե ինչի համար են նրան ձերբակալել և ինչպես կվարվեն նրա հետ: Ցանկացած հայ իրավապաշտպան դա գիտի: Ես կարիք չունեմ խոշտանգված մարդուց մեկ անգամ ևս լսել, թե ինչպես են նրան խոշտանգել, ես դա գիտեմ, քանի որ դրանով են սնվում մեր նախաքննական մարմինները: Գիտեմ նաև, որ ինքնախոստովանական ցուցմունքներով բազմաթիվ մարդիկ են դատվում, իսկ ինքնախոստովանությունը դեռևս մեղքի ապացույց չէ: Գիտեմ նաև դեպքեր, որ քրեական աշխարհի որոշ դեմքեր ձերբակալվում եմ միայն այն պատճառով, որ տարածքային ոստիկանությունը չի ցանկանում, որ այդ մարդը գործի հենց այդ տարածքում: Եվ երբ հեռուստատեսությամբ լսում եմ, որ, ասենք, ձերբալկալվեց այս կամ այն քրեական հեղինակությունը, նրա գրպանում պարտադիր հայտնվում է փակովի դանակ կամ թմրանյութ, ինձ համար պատկերը շատ հասկանալի է լինում:
Արդարադատության նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե վերջին զեկույցում շատ էին սուբյեկտիվ գնահատականները: Ձեր կարծիքով կա՞ր սուբյեկտիվիզմ:
Նախարարը կարող էր սուբյեկտիվ համարել զեկույցը, եթե դա լիներ, ասենք, Վարդան Հարությունյանինը: Բայց երբ նույն գնահատականները հնչում են միանգամից մի քանի կազմակերպությունների կողմից' եվրոպական կազմակերպություններ, Հայաստանի օմբուդսմեն, տեղական իրավապաշտպան կառույցներ, երբ օմբուդսմենը հայտարարում է, թե անգամ չցանկանալով կարող է եվրոպացիների զեկույցի տակ ստորագրել, արդյո՞ք կարելի է ասել, թե դա սուբյեկտիվության արդյունք է: Չէ՞ որ իրար հետ, ըստ էության, կապ չունեցող մարդիկ ու կազմակերպություններ նույն բանն են ասում:
Նախարարության կողմից հրապարակված առարկությունների մեջ նշված էր նաև, որ եվրոպացիները ոչ բոլոր դատավարություններին են հետևել: Կարելի՞ է սա ընդունել որպես հակափաստարկ:
Դա շատ նայիվ մեկնաբանություն է: Նշանակում է կես Եվրոպան պիտի լիներ Հայաստանում, որ կարողանար բոլոր դատերը մոնիթորինգի ենթարկել' վերջին հաշվով, սակայն, գալով նույն եզրակացության: Կամ ենթադրենք' դիտարկեին տասը դատավարություն. 7-ին բացասական եզրակացություն տային, 3-ին' դրական: Այդ դեպքում նրանք կարո՞ղ էին հենվել այդ դրական երեք դեպքի վրա ու արձանագրեին, որ Հայաստանում գործում է արդարադատություն և արդար դատավարության սկզբունք:
«Չեմ կարծում, թե զեկուցողները պիտի իրենց նեղություն տային ու արձանագրեին նաև Հայաստանի արդարադատության համակարգի ձեռքբերումները»,-այսպես է ասել Գևորգ Դանիելյանը hra.am-ին տված հարցազրույցում: Դուք' որպես իրավապաշտպան ինչպիսի՞ ձեռքբերումներ կարող եք մատնանշել:
Վերջին երկու տարիներին Հայաստանի դատարաններում ձեռքբերումներ, անշուշտ, արձանագրվել են: Ձեռքբերում համար մեկ` դատարանի դահլիճից կամ սրահից առևանգել վկային։ Ձեռքբերում համար երկու՝ զանգահարել վկային ու սպառնալ' եթե հայտնվել ես դատարանի դահլիճում, վատ կլինի քեզ համար: Նախկինում նման բաներ գոնե ես չեմ հիշում:
Բավական է մի զեկույց, որ այն որակումներ ստանա'ընդդիմությանը հաճո կամ իշխանությանը քննադատող:
Ընդհանրապես հասարակական կյանքը պիտի գունեղ լինի, բայց երբ այն բաժանվում է սևի և սպիտակի, լավի և վատի, պայքար ու բախում է սկսվում: Կա ժողովրդի կամքով չընտրված իշխանություն, որը բռնանում է նույն այդ ժողովրդի կամքին, և քաղաքացիների մոտ առողջ ռեակցիա է առաջանում' ընդվզում: Հիմա ցանկացած անաչառ գնահատական գնահատվում է որպես ընդդիմության ջրաղացին ջուր լցնել: Դա է պատճառը, որ շատ մարդիկ աշխատում են անաչառ չլինել. այդպիսի մարդկանց ես գիտեմ մեր հասարակության մեջ: Եվրոպացիները ընդդիմության անդամներ չեն, ոչ էլ անդամագրված են ՀԱԿ-ին: Բայց նրանց զեկույցը բառ առ բառ կրկնում է ՀԱԿ-ի հայտարարությունները, որովհետև նրանք անաչառ զեկույց են ներկայացրել: Սևերի և սպիտակի բախման ժամանակ անաչառը միշտ լինում է սուբյեկտիվ սպիտակի կողմը:
Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, հիմա էլ պատրաստ եմ կրկնել' արյունը ջրով չի լվացվում, որքան էլ, սակայն, տեսանք, թե ինչպես էին ջրցան մեքենաները մարտի 2-ի առավոտյան լվանում թափված արյունը: Եվ այդ արյունը դառնում է սահմանագիծ, որի այս կողմում սպիտակն է, այն կողմում' սևը: Ցանկացած զեկույց, որը կներկայացնի, ասենք, ցանկացած եվրոպացի, եթե չի լինի սև, իսկ դա սև լինել չի կարող, ուրեմն այն սպիտակ է:
Զեկույցում նշված է անկախ քննչական մարմին ձևավորելու պահանջի մասին: Սակայն առարկությունների մեջ շարադրված է, որ այդպես էլ հստակ չէ, թե ինչ մարմնի մասին է խոսքը:
Պարզ է, որ իշխանությունների համար դա անհասկանալի պիտի լիներ, որովհետև նրանք գտնվում են ինչ-որ կառույցի ներսում' դատախազությունն ունի քննչական մարմին, ոստիկանությունը: Խնդիրը հետևյալն է: Քննիչը պիտի լինի անկախ, նա գործը քննելիս չպիտի ենթարկվի ինչ-որ ճնշումների կամ զանգերի: Բայց մեր իրականության մեջ քննիչը իր ադմինիստրացիայի խնդիրն է լուծում: Հիշո՞ւմ եք' մարտի 1-ից առաջ, փետրվարի ընտրություններից էլ օրեր առաջ, բոլոր քննչականներին ցիրկուլյարներ էին ուղարկված' ընդդիմադիր գործիչներին, ակտիվիստներին դիտարկել որպես հանցագործներ, որ քննչական մարմինները նրանց նկատմամբ քննություն սկսեն վարել: Ուսումնասիրել ոչ միայն նրանց, այլև նրանց ընտանիքի անդամներին, հարևաններին և այլն: Այդպես էլ գրված էր: Սովետական, չեկիստական այդ փաստաթուղթը բոլորս էլ հիշում ենք: Քրեական գործ էր հարուցվել, և նախագահական ընտրություններն այդ գործի շրջանակներում դիտարկվել էին որպես իշխանության զավթման փորձ: Այդ պարագայում, երբ եվրոպացին տեսնում է այդ ամենը, ասում է' քննիչը պիտի անկախ լինի:
Իսկ հերթական քննադատոությունը կարո՞ղ է կատալիզատոր դառնալ, որպեսզի Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ հետևություններ անեն:
Իհարկե՛, ո՛չ: Ոչ միայն կամքը չկա, այլև այս իշխանությունները հասկանում են, որ ցանկացած դրական, օբյեկտիվ տեղաշարժ կբերի նրանց իշխանության թուլացման: Նրանք փորձելու են ջուր ծեծել: Դրա վառ ապացույցը «Ա1+»-ի ներկայիս կարգավիճակն է: Արդեն 2 տարի է ջուր են ծեծում: Քաղբանտարկյալներ ազատ արձակումը կլիներ կամքի դրսևորում ու մեկ քայլ առաջ: Բայց' ոչ, դա տեղի չի ունենում:
«Ա1+»-ի կայքում վերջերս հարցում էր զետեղված' «ո՞ր օղակն է Հայաստանում ամենից շատ հեղինակազրկված»: Նշված էին տարբերակներ' օրենսդիր, գործադիր, դատական և չորրորդ իշխանություն: Կարծես' ձայների մեծամասնությամբ հաղթեց դատականը: Դուք որտե՞ղ քլիք կանեիք:
Ես տեսել եմ հարցումը, սակայն ոչ մեկին էլ քլիք չեմ արել, քանի որ դրանք ինձ համար հավասարապես հեղինակազրկված մարմիններ են: Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սովորական քաղաքացիները հենց դատական համակարգի դիմաց են նշան դնում, որովհետև և՛ օրինազանց, և՛ նույնիսկ օրինապահ մարդն իր կյանքի ընթացքում առնչվում է արդարադատության համակարգի հետ: Օրինապաշտ լրագրողը գնում է դատական նիստ լուսաբանելու, օրինապաշտ քաղաքացին պատահաբար հայտնվում է վկայի կարգավիճակում և այլն: Վերջին հաշվով, երբ քաղաքացին հիսթափված է լինում գործադիրից, օրենսդիրից, փորձում է դատարանում փնտրել արդարադատություն: Ի վերջո, արդարություն գտնելու միակ վայրը դատարանն է: Այլ վայր դեռ չի ստեղծել հասարակությունը: Եվ հենց այդ վայրում է, որ խախտվում են մարդու ամենատարրական իրավունքները: Չի գործում արդար դատավարության կարևորագույն իրավունքը: Քաղաքացին չի կարողանում դատարանում ապացուցել իր ճշմարտացիությունը: Այնինչ քաղաքացին պարտավոր էլ չէ դա անել: Դա պետք է անի դատարանը: Ես հիշում եմ՝ Գրիգոր Ոսկերչյանը քանի վկա հրավիրեց, ի դեպ, ասում էր, որ նրանցից մի քանիսը դատարանի դահլիճում են նստած, սակայն միջնորդությունները մեկը մյուսի հետևից մերժվում էին:
Մեր երկրի Սահմանադրությամբ դատական համակարգը հռչակված է անկախ։
Չկա նման բան. այդ խնդիրն իր առջև չի դրել Հայաստանի արդարադատության համակարգը կամ դատարանները: Ծիծաղելի կլիներ, եթե դատարանները փորձեին լրջորեն ապացուցել, որ իրենք անկախ են: Նրանք կարող են ընդամենը հայտարարել, որ մենք անկախ ենք, բայց, ա՛յ, եվրոպացիները չեն ուզում տեսնել մեր անկախոթյունը: Այնինչ դա տեսանելի ու շոշափելի հասկացություն է: Անկախ երկիրը, անկախ դատարանը շատ տեսանելի երևույթներ են:
Պատկերացնենք' անցնի 300 տարի, կունենա՞նք այն, ինչի մասին հիմա խոսում ենք:
Ժամանակ պետք չէ դրա համար, այլ պարզ մի բաղադրիչ' կամք, քաղաքական կամք: Գործադիրը պիտի հասկանա, որ իր իշխանությունը չպիտի պահի պատվիրված դատավարություններով, իսկ դրա համար ընտրված իշխանություն է պետք: Դեղատոմսը շատ վաղուց են հորինել, դրա համար 300, 500, 5000 տարի պետք չէ: Մարդկությունը ապացուցել է դա' Ամերիկայի, Եվրոպայի պատմությամբ. բավական է ունենալ մեկ ընտրված իշխանություն, և այդ լեգիտիմ իշխանությունը կձևավորի արդար դատարան, փակված հեռուստատեսություններ չենք ունենա: Դա արդեն պետք չի լինի լեգիտիմներին: Իրավապաշտպանները կազմակերպություն չեն ստեղծի, որ պաշտպանեն հենց իրենց. ծիծաղելի է։ Լրագրողները ասոցիացիա չեն ստեղծի, որտեղ այսպիսի լոզունգ կլինի' «Մի կրակեք լրագրողներ վրա»: Կարելի է կարծել՝ տրակտորիստների վրա կարելի է կրակել: Կլինի նորմալ հասարակություն: Այդ հասարակությունից կծնվի ուրիշ դեմքով Գևորգ Դանիելյան, ով ստիպված չի լինի անիրականը իրականի փոխարեն անցկացնել: Խնդիր կունենա արդար դատարաններ ապահովել:
Իսկ ի՞նչ անել, որ գունային սպեկտորում բացի սևից ու սպիտակից այլ երանգներ էլ հայտնվեն: «Ա1+»-ի բացումը կարո՞ղ է բերել դրան:
«Ա1+»-ի փակումով ու շատ այլ գործողություններով իշխանությունները հասարակությունը բաժանեցին սևի ու սպիտակի, չկա վարդագույնը, կանաչը, դեղինը: Մեր աչքերում գոնե դա չի երևում: Ակնհայտ է, կա լավը և վատը, այո-ն և ոչ-ը: Բայց պատկերացրեք դրանց միջև ընկած հատվածում ինչպիսի մեծ այլընտրանքային տարածություն կա, որտեղ էլ կարելի կլիներ բաժանել մյուս բոլոր գույները: Հիմա խնդիրը պիտի հանգուցալուծվի, այլ կերպ չի էլ կարող լնել: Դա ցույց է տալիս ողջ առաջադեմ աշխարհի փորձը: Այս ամենը պիտի ավարտվի մեկի հաղթանակով: Իսկ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ թեպետ մի քիչ ուշ, սակայն միշտ էլ սպտակն է հաղթում:
Հարցազրուցը՝ Զարուհի Մեջլումյանի
