ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Դատավորները կախված չեն միայն օրենքից ու հարկատուներից»

Ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանը արձագանքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հարցազրույցում հնչեցրած տեսակետներին, մասնավորապես իր անհամաձայնությունը հայտնելով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։
- Պրն Ալումյան դուք համամի՞տ եք Գևորգ Կոստանյանի հնչեցրած այն տեսակետին, որ Եվրոպական դատարանի վճիռների հետ կապված, կոնկրետ գործերով որոշ դատավորներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, մասնավորապես Միշա Հարությունյանի գործով, որը դուք եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
- Պարոն Կոստանյանի ներկայացրածի մեջ մի քանի տվյալներ կան, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը. օրինակ'նա ասում է, որ Միշա Հարությունյանի գործով, երբ Եվրոպական դատարանը Հայաստանի կողմից խախտում ճանաչեց, իբր թե առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության:
Սակայն դա այդպես չէ։ Վերաքննիչ դատարանի ոչ մի դատավոր չի ենթարկվել պատասխանատվության: ՀՀ դատարանների կողմից կայացված' զավեշտի հասնող անհեթեթ դատավճռի համար, որի վրա ողջ Եվրոպայի իրավաբանները ծիծաղում էին, հարց դրվեց վերաքննիչ դատարանում գործը քննած երեք դատավորներից միայն մեկին պատասխանատվության ենթարկելու մասին, այն էլ դատավորին չպատժեցին՝ սահմանափակվեցին միայն հարցի քննարկմամբ:
Պատասխանատվության ենթարկվեց միայն առաջին ատյանի դատավորը՝ ստանալով ընդամենը մեկ նկատողություն՝ աշխատավարձի 25 տոկոս պահումով' մեկ տարի ժամկետով:
- Դուք համոզվա՞ծ եք, որ Եվրոպական դատարանի վճիռներն ընդդեմ ՀՀ-ի տեղի են ունենում հիմնականում մեր դատարանների ու դատավորների մեղքով:
- Եթե մի կողմ թողնենք դատական վճիռները չկատարելու հետ կապված գործերը, Եվրադատարանի՝ մեր դեմ կայացրած մյուս բոլոր վճիռների մեղավորները դատավորներն են, ու նրանք պետք է գիտակցեն, որ պատժվելու են իրենց կատարած անօրինականությունների համար: Եթե դատավորը նման մտավախություն չունենա, շարունակելու է ոտնահարել մարդկանց իրավունքները, իսկ Հայաստանը շարունակելու է դրա համար տուգանքների ենթարկվել Եվրոպական դատարանի կողմից: Մինչդեռ պրն Կոստանյանի մոտեցմամբ դատավորներին անհրաժեշտ է զերծ պահել պատասխանատվությունից, որպեսզի նրանք չկորցնեն անկախությունը: Նման տեսակետը ձեռնտու է միմիայն դատավորներին, իսկ մեծ հաշվով իմաստազրկում է Եվրոպական դատարանի որոշումների դերը:
- Ինչո՞ւ, որեւէ պետության դեմ Եվրոպական դատարանի կայացրած յուրաքանչյուր վճիռ անձի խախտված իրավունքի վերականգնման նպատա՞կ է հետապնդում:
- Այո, բայց այդ վճիռների հեռահար նպատակը պետության դատական համակարգի առողջացումն է: Տրամաբանությունն այն է, որ պետությունը, ում դեմ կայացվել է վճիռ, միջոցներ ձեռնարկի այդուհետ նմանատիպ խախտումներն իր իրավազորության շրջանակներում բացառելու ուղղությամբ: Սակայն եթե դատավորները վստահ են իրենց անպատժելիության մեջ, մտահոգված չեն, որ իրենց կայացրած վճիռները Եվրոպական կոնվենցիայի հակասող ճանաչվելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության, ապա Եվրոպական դատարանի վճիռները չեն խթանի արդարադատությունը Հայաստանում: Հետեւաբար, սահմանափակվելով որեւէ քաղաքացու իրավունքների վերականգնումով եւ միջոցներ չձեռնարկելով նման խախտումները հետագայում բացառելու ուղղությամբ, պետությունն արհեստականորեն պրիմիտիվացնում է Եվրոպական դատարանի դերը մեր դատական համակարգի առողջացման հարցում, ինչը նշանակում է, որ անհեթեթ վճիռների քանակը նվազելու փոխարեն բազմապատկվելու է:
Կոնկրետ Միշա Հարությունյանի գործով վճռում գրված անհեթեթությունն անցել է զավեշտի բոլոր սահմանները: Վճռում գրված էր' «թեկուզ Հարությունյանի եւ նրա դեմ ցուցմունքներ տված վկաների նկատմամբ կիրառվել են բռնություններ, բայց դրանք կիրառվել են ճշմարտությունը պարզելու նպատակով»:
- Եվրոպական դատարանում բոլոր պետություններն էլ ժամանակ առ ժամանակ խախտող ճանաչվում են:
- Իհարկե, բայց խնդիրը խախտման որակի մեջ է: Ես ուզում եմ հասկանալ, թե էլ ինչ պիտի աներ դատավորը, էլ ինչ պետք է գրեր իր դատական ակտում, որպեսզի նրա լիազորությունները դադարեցվեին: Հետաքրքիր է հարցի մյուս կողմը. պատժել են միայն առաջին ատյանի դատավորին, քննարկել են վերաքննիչ դատարանում գործը քննած երեք դատավորներից միայն մեկի հարցը ու ազատել նրան պատասխանատվությունից եւ ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձրել Վճռաբեկի դատավորներին պատժելու հարցը: Երբ Եվրոպական դատարանում քննարկվում էր հարցը, մեր կառավարությունը ասում էր՝ ճիշտ է, առաջին ատյանի դատարանը անհեթեթություն է գրել, բայց Վերաքննիչի եւ Վճռաբեկի դատական ակտում այդ խախտումը չի կրկնվել:
Սակայն Եվրոպական դատարանը որոշեց, որ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները, թողնելով ուժի մեջ առաջին ատյանի դատարանի անհեթեթ դատավճիռը, կրկնել են վերջինիս սխալը, այլապես Հայաստանը չէր ճանաչվի Եվրոպական կոնվենցիան խախտած պետություն: Դրանից մենք պետք է հետեւություն անենք, որ հենց Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանի դատավորները պետք է համարվեն այդ անհեթեթ դատական ակտի համահեղինակներ, ուստիեւ պետք է կիսեն պատասխանատվությունը առաջին ատյանի դատավորի հետ, ավելին, իմ խորին համոզմամբ, նրանց մեղքի բաժինն այս հարցում ավելի մեծ է։ Սակայն ինչպես արդեն ասվեց, Վճռաբեկ դատարանի դատավորներից որեւէ մեկը ոչ միայն չենթարկվեց պատասխանատվության, այլեւ նրանց հարցը չքննարկվեց անգամ: Իսկ հիմա պրն Կոստանյանն այդ թողտվության տակ տեսական հիմքեր է կառուցում: Այդ մոտեցման գաղափարախոսությունն այն է, որ դատավորը չպետք է իրեն խոցելի զգա, նա պետք է անկախ լինի: Սակայն նման մոտեցումը միայն մասամբ է արդարացված։ Ճիշտ է՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է կախման մեջ լինի որեւէ մարմնից, կամ անհատ անձից, բայց պիտի կախված լինի օրենքից: Մինչդեռ մեզ մոտ տրամագծորեն հակառակ պատկերն է: Հիմա էլ պրն Կոստանյանը Հայաստանի դեմ կայացված վճիռների մեղավոր դատավորներին փաստորեն ասում է՝ մի վախեցեք Եվրոպական դատարանի վճիռների հետեւանքներից, թեւավորում է նրանց, վերջիններս էլ բնականաբար շարունակում են իրենց խախտումները:
Տեսեք, Միշա Հարությունյանի գործով Եվրոպական դատարանում մենք շահել ենք՝ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է որ, Հայաստանը խախտել է Հարությունյանի իրավունքները: Բայց անգամ Եվրոպական դատարանի վճռից հետո, այստեղ՝ Հայաստանում, հանդիպել ենք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կատաղի դիմադրությանը:
Արվում է ամեն ինչ, որպեսզի Հարությունյանի նկատմամբ Հայաստանի դատարանների կողմից կայացված դատավճիռը չվերանայվի, եւ նա չարդարացվի:
Ես արդեն սահմանադրական դատարանով էլ եմ ապացուցել, որ Վճռաբեկ դատարանի արածը Սահմանադրության խախտում է: Այսօր Վճռաբեկ դատարանի քրեական պալատը համարյա նույն կազմով է, երբ կայացվեց վերոհիշյալ գործով տխրահռչակ որոշումը: Բավական չէ, որ նրանք այդ որոշման համար չեն պատժվել, դեռ այսօր էլ անում են ամեն ինչ, որպեսզի արդարությունը պարտվի։
Պարոն Կոստանյանը համոզում է, որ դատավորը պետք է լինի անկախ, իսկ ով է ասում, որ անկախ չլինի, բայց այսօր մեր դատավորները կախված են դատախազությունից, գործադիր իշխանությունից, նույնիսկ մի համայնքապետից: Կախված չեն միայն օրենքից ու հարկատուներից, ում հաշվին ապրում են:
Հարցազրույցը՝ Ռուզան Ավոյանի