Պատգամավորները քննարկել են պրոբացիայի վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Ապրիլի 1-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները քննարկել են «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը և դրան կից օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կստեղծվի պրոբացիայի ծառայություն, որն ունակ կլինի ամբողջությամբ լուծելու օրենքով պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրները և իրականացնելու օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները:

Նախատեսվում է, որ պրոբացիայի ծառայության շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ պիտի իրականացվի վերահսկողություն, անձի վերասոցիալականացում՝ նրա նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները կարող են ներկայացնել հարցադրումներ ԱԺ-ում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ցանկացած ձևաչափով քննարկում կազմակերպելու նպատակով: