ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ. քաղաքացիական պայքարը շարունակվում է

Հունիսի 17-ին կայացած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստին բոլոր անդամները կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ սակագնի վերանայման հայտը բավարարվեց մասնակի։ Հոսանքի գործող սակագինը (ցերեկային ժամերին 41.85 դրամ/կՎտժ) օգոստոսի 1-ից կբարձրանա մոտ 7 դրամով՝ դառնալով 48.78 դրամ։ ՀԷՑ–ը իր հայտում պահանջել էր սակագնի բարձրացում 17 դրամով։
Սակագնի վերանայման անհրաժեշտությունը, ըստ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի, պայմանավորված է «էներգահամակարգի ֆինանսական կայունությունը և հետագա շարունակականությունը ապահովելու» խնդրի լուծմամբ։
ԱԺ ամբիոնից Նազարյանն ընթերցեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` իրեն ուղղված նամակը, որտեղ գրված է, որ սակագինը 6.93 դրամով բարձրացնելու դեպքում ՀԷՑ–ը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի և մատակարարման որակը և նախատեսված ներդրումների կատարումը, և կասկածի տակ է դրվում ընկերության լիցենզավորված գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը:
ՀԾԿՀ–ին ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ անցած երեք տարիներին ՀԷՑ-ը կուտակել է մոտ 37 միլիարդ դրամի վնաս, որի պատճառը դրամ–դոլար փոխարժեքի տատանումներն են։ Սակագնով դեռևս չի փոխհատուցվել 23.4 միլիարդը, ինչը մարելու համար անհրաժեշտ է բարձրացնել սակագինը։ Ընկերությունը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջև. 106 միլիարդ դրամի ֆինանսական պարտավորություններ ունի և այլևս չի կարողանում վարկել վերցնել՝ իր խնդիրները լուծելու համար։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին ՀԷՑ-ը արդեն 3–րդ անգամ է թանկացնում էլեկտրաէներգիայի սակագինը։ 2012թ.–ին 30 դրամից դարձնելով 38, իսկ 2014թ.–ին՝ 41.85 դրամ 1 կՎտժ դիմաց (ցերեկային ժամերին)։ Ու, չնայած դրան, կուտակել է ավելի քան 106 միլիարդ դրամի պարտք։
Սակագնի թանկացման որոշումը լուրջ քննադատության է ենթարկվում ԱԺ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Շեշտը դրվում է մասնավորապես ընկերության կողմից կատարված ծախերի աննպատակահարմարության և ճոխության վրա։ Քննադատողները արդարացված չեն համարում ՀԷՑ–ի մեծաթիվ աշխատակազմ պահելը, նրանց թանկարժեք մեքենաներով ապահովելը և կատարվող այլ ծախսեր։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրը մի խումբ ակտիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևը բողոքի ակցիա էր կազմակերպել հանձնաժողովի շենքի առջև։ Շենքի ուղղությամբ հավկիթներ, լոլիկներ և զուգարանի թուղթ նետելով՝ ակտիվիստները պահանջում էին մերժել ՀԷՑ–ի հայտը և դադարեցնել նիստը, ինչպես նաև՝ հրավիրել միջազգային անկախ աուդիտ՝ ՀԷՑ–ի ծախերի նպատակահարմարությունը ուսումնասիրելու համար։ Ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, 6 հոգի վարչական բերման է ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և հասարակական կարգը խախտելու համար և ավելի ուշ ազատ արձակվել։
Սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են։ Հունիսի 19-ի երեկոյան նախատեսված է մեծ հավաք Երևանի ազատության հրապարակում։
Տեսանյութը՝ panorama.am-ի։