ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն ընդունեց պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը. Pastinfo

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն տվեց ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին: Այս մասին հաղորդում է Pastinfo-ն։
Փաստաթղթի անհրաժեշտությունը մեկնաբանվում է այն փաստով, որ վերջին տասնամյակում հանցագործությունների թվաքանակի աճի միտումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն ու հասարակության անվտանգության երաշխիքների նվազումը հանգեցրել են արդարադատության համակարգի նկատմամբ դժգոհության, որը նպաստում է արդարադատության նկատմամբ վստահության նվազմանը:
Որպես հարցի լուծում կառավարությունն առաջարկում է ներդնել վերականգնողական արդարադատության համակարգ: Դրա հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատժի նպատակներին կարելի է հասնել տուժողին պատճառված վնասը վերականգնելո, այլ ոչ թե զուտ պատժողական մոտեցումներ ցուցաբերելով, իսկ հանցագործություն կատարած անձին ազատազրկման վայրում պահելու փոխարեն նրան պահել ազատության մեջ՝ համայնքի և համապատասխան կառույցների հսկողության ներքո:
Որոշման նախագծում ընդգծվում է նաև պրոբացիայի ծառայության արդյունավետությունը: Անձին ազատությունից զրկելով` պետությունը որոշակի նյութական միջոցներ է ծախսում նրան պահելու համար: Եթե անձի արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան բարձր չէ, որ չի ազդում համընդհանուր անվտանգության վրա, ապա ընդհանուր հասարակական շահը պահանջում է, որպեսզի նա կրի այլընտրանքային պատիժ, ասված է դրանում:
Արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն, մեկ անձի քրեակատարողական հիմնարկում պահվելու` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան ծախսը կազմում է 1786.1 հազ. կամ օրական՝ 4893 դրամ: Իսկ պրոբացիայի ծառայության «վերահսկողության» ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսը տարեկան կկազմի 122․3հազ. կամ օրական 335դրամ: Այդ հաշվարկով տարեկան տնտեսումը կկազմի շուրջ 240 500 000 դրամ:
Արձանագրային որոշմամբ, նախանշված է նաև Պրոբացիայի ծառայության կառուցվածքը: Դրա համաձայն, այն կունենա կենտրոնական մարմին և տարածքային ստորաբաժանումներ՝ Երևանում ու մարզերում:
Ծառայության աշխատակիցների միջին աշխատավարձը հաշվարկված է 210 000 դրամ, իսկ ամբողջ անձնակազմի համար տարեկան ծախսը՝ 504 մլն դրամ:
Սկզբնաղբյուրը՝ www.pastinfo.am
