ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻԵԴ–ն ընթացք է տվել գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին

Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը 2014թ. սեպտեմբերի 10-ին դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ.Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունը։
«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է,- նշում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով։– Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:
«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասում է աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ։ Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են միրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև՝ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:
Պետրոսյան ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին»:
Կ.Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա, սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր այս տարվա օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ.Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ.Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:
Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:
