ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, կան զոհեր

Անցած օրերին կրկին անհանգիստ է եղել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:
Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկել էին հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որի ժամանակ սահմանը խախտելիս դիվերսանտներից մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև դիվերսիոն խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստ. դիվերսանտի արձակած գնդակից զոհվել է սպա, 1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը։
