ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Արթիկի» դատապարտյալը պահանջներ է ներկայացնում և սպառնում ինքնասպան լինել

Մարդու իրավունքները Հայաստանում կայք (www.hra.am) զանգահարած՝
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանը պահանջում է, որ մինչև ժամը 18։00-ն իրեն այցելի ՀՀ արդարադատության
նախարարը և բժշկական հանձնաժողով, հակառակ դեպքում նա սպառնում է ինքնասպանություն
գործել։
Համլետ Ղազարյանի խոսքերով՝ ինքը 20 օրից ավելի է՝ կուլ է տվել
իրար կապած մեխեր, ածելի, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց վիրահատության։
Ասում է, որ որպես բողոքի նշան, անցած շաբաթ օրը երիկամների մեջ է մտցրել ասեղներ,
բայց քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ոչինչ չի ձեռնարկում։ Նաև ասում է, որ դիմում է գրել արդարադատության նախարարին և մարզի դատախազին, սակայն, քրեակատարողական հիմնարկի պետը չի ստորագրում և խոչընդոտում է դրա ուղարկմանը։
«Ինձ հոգեպես ճնշել են, դրդել են, որ գնամ այս քայլին։ Ինձ վարչակազմը,
պետը շատ վատ ա վերաբերվում, լկտի բառերով են դիմում։ Իմ մասին սուտ բաներ են ասել,
տարածել, ու ես հիմա ահավոր վիճակում եմ,– www.hra.am
–ին ասում է դատապարտյալը՝ ավելացնելով։ –Հիմա էլ վախենում են ինձնից, չեն ուզում տանեն
հիվանդանոց, որ իրենց արածները չբացահայտվի, կաշառակերներ են սաղ... Համոզում են, որ
հիվանդանոց չգնամ։ Ես իրենց չեմ վստահում։ Ուզում եմ ինձ տանեն քաղաքացիական հիվանդանոց։
Ես ուզում եմ, որ նախարարը գա ու տեսնի՝ ինչ ա կատարվում...»։
Դատապարտյալը երդվում է, որ ինքնասպան կլինի,ավելին, ասում է, որ պարան է գործել կախվելու համար, և այդ պարանն իր մոտից չեն վերցրել։
Ներկայումս Համլետ Ղազարյանը գտնվում է բուժմասում։ Ասում է,
որ բուժքույրերը պարբերաբար ճնշումն են չափում, որը նորմայից ցածր է (50/80), մի քանի
անգամ իրեն տարել ռենտգեն հետազոտության, որը ցույց է տվել, թե ինչեր կան նրա օրգանիզմում,
սակայն իրեն չեն վիրահատում։
Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավել է ոչինչ չի ուտում։
Հեռախոսով ստացած տպավորությամբ՝ նա նյարդային վիճակում է, հուզական ծանր ապրումների
մեջ։ Դատապարտյալնը նաև դժգոհում էր, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել
և ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ են տվել»։
www.hra.am –ը փորձում
է ճշտել տեղեկատվությունը։
