Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքողներին բերման են ենթարկել (տեսանյութ)

Հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներին Սարյան փողոցից բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնականի բաժին։ 

www.hra.am –ի թղթակիցը հաղորդում է, որ ցույցին մասնակցող 27 անձ վարչական բերման է ենթարկվել ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը): Իսկ երկու հոգու շտապ օգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Ակցիայի մասնակիցների տրամադրած տվյալների համաձայն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանը։

Ակցիայի մասնակիցները դեռ Ոստիկանության կենտրոնականի բաժնի շենքի առջև են։ Նրանց շրջապատել են ոստիկանները։

Ժամը 3։40-ի դրությամբ փաստաբան Ավագ Լալայանին և ՄԻՊ արագ արձագանքման վարչության պետին խոչընդոտել են մուտք գործել բաժին։

Բերման ենթարկվածների ընկերները ահազանգում են, որ լրացել է բերման ենթարկելու 3 ժամը, սակայն բերման ենթարկված անձինք դեռ ոստիկանության բաժնում են։ 

Մեր ունեցած տվյալներով՝ բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու հիմքով։

Նախախորհրդարանի տեսանյութը, թե ինչպես են Սարյան փողոցից ակտիվիստներին բերման ենթարկում։