ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է ոստիկանության հետաքննության բաժնի նախկին պետը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ին ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է զենք–զինամթերք և ուղարկվել դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
