ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սահմանադրական բարեփոխումները հետաձգելն ավելի բարդ խնդիրների կհանգեցնի». ՍԴ նախագահ

Սահմանադրական բարեփոխումները հետաձգելն ավելի բարդ խնդիրների կհանգեցնի: Նման համոզմունք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի» թեմայով հանրային քննարկման ժամանակ: Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
«Սահմանադրական բարեփոխումներին գնալու հիմնական խնդիրն այն է, որ մենք օբյեկտիվորեն ելնում ենք այսօրվա իրականությունից և գտնում ենք, որ սահմանադրական լուծումները պետք է Սահմանադրության անվտանգությունը երաշխավորեն, ներքին հակասությունները հաղթահարեն, ապահովվի համակարգային ամբողջականությունը, որ կարողանանք հաջորդ քայլին անցնենք»,– նշեց ՍԴ նախագահը:
Գագիկ Հարությունյանի խոսքով` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այսօր առկա է կամ մերժողականություն կամ հայեցողականություն, որը պետք է տանել ավելի լուրջ հարթություն:
«Բարեփոխումների գործընթացը պետք է հիմա իրականացնենք, ու ես անձամբ համոզված եմ, որ այս փոփոխություններով պետք է ոչ թե զուտ տեսական դատողություններ շարադրենք, այլ կիրառական դրույթներ»,– ասաց նա:
Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը, որը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:
Սահամանադրական բարեփոխումների հիմքում դրվում է այն հիմնարար սկզբունքը, որի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։
