ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում։
Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի Արման Գասպարյանը՝ հայտնելով, որ մարտի 24-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների բաժնի 4-5 աշխատակիցներ իրեն ծեծել և հայհոյել են։
ՀՀ արդարադատության նախարարությունից հավաստիացնում են, որ Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:
