ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԻԱԿ-ը կգործարկի հրապարակայնության և տեղեկատվության ազատության գնահատման նոր համակարգ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության գնահատման ինդեքս: Այս մասին մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը:
Ինդեքսի հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են տեղեկություն տնօրինող մարմինները պատշաճ կատարում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությունը։
Ամենամյա ինդեքսը կազվելու է հիսունից ավելի չափորոշիչների հիման վրա, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացում, հրապարակայնության և մատչելիության ապահովում տեղեկություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ և տեղեկություն տնօրինողի աշխատակազմ և աշխատաոճ։
Գնահատումն իրականացվելու է տարեկան մեկ անգամ:
Լիանա Դոյդոյանը նաև ներկայացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2013թ գործունեության արդյունքները:
Մշտադիտարկման արդյունքների համաձայն` 2011թ. համեմատ` տեղեկություն ստանալու հարցումների թերի պատասխանների թիվը 2013թ.-ին աճել է 10 անգամ, անհիմն մերժումների թիվը` 4 անգամ, իսկ անհիմն պատասխանների թիվը` 2 անգամ:
«Եթե նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողնում տեղեկատվություն ստանալու հարցումը, ապա այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան»,- նշեց Լիանա Դոյդոյանը:
Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ ներկայացրեց 2013 թվականի ընթացքում կենտրոնի կողմից տեղեկություն տնօրինող մարմիններին ուղարկված հարցումներին տրված պատասխանների վիճակագրությունը:
Կենտրոնի «սև ցուցակում» առաջին տեղը զբաղեցնում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն է, որը 2013թ.-ին ԻԱԿ-ի կողմից իրեն հասցեագրված 3 հարցումներին էլ տրամադրել է անհիմն մերժումով պատասխան:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այդ մերժումները համարել է ոչ իրավաչափ և դիմել դատարան:
