ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանն արդարացրել է պայմանագրային զինծառայողին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, արդարացրել է պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ 30-ամյա Գեղարդ Խուրշուդյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է պետի հրամանատարի կողմից ստորադասի նկատմամբ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Այս մասին հայտնում է panorama.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ Խուրշուդյանը զորամասի շարահրապարակում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում պատասխանել է իր ստորադրյալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գալուստ Ռաֆայելյանի կողմից իրեն հասցրած վիրավորանքին, սեռական բնույթի հայոյանք է տվել Ռաֆայելյանի հասցեին՝ ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։
Իր ցուցմունքում Գեղարդ Խուրշուդյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մինչ իրեն ապտակելը և հայհոյելը` ինքը չի հայհոյել Ռաֆայելյանին ու չի վիրավորել նրան։
Դատարանը գտել է, որ Խուրշուդյանի արարքը չէր կարող ուղղված լինել զինվորական ծառայության պարտականություններ կատարող անձի դեմ, քանի որ Խուրշուդյանն իր ստորադասին հայհոյել է զուտ անձնական շարժառիթով և նրա արարքի հետևանքով չի խախտվել զինվորական ծառայության կարգը։
Նման հիմնավորմամբ դատարանը եզրակացրել է, որ հանցակազմի բացակայության պատճառով Գեղարդ Խուրշուդյանի գործողությունը չի կարող որակվել որպես հանցագործություն, ուստի իրեն առաջադրված մեղադրանքում նա ճանաչվել է անմեղ և արդարացվել է:
