ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աճել է իշխանազանցության համար դատապարտվածների թիվը. Դատական դեպարտամենտի վիճակագրություն

ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մարտի 5–ին ներկայացրեց 2012-2013թթ. գործունեության վերաբերյալ համեմատական վիճակագական վերլուծությունը, հայտնում է dataran.am–ը։
2013թ. առաջին ատյանի դատարաններում ստացվել է ավելի քան 4.000 քրեական, 48.000–ից ավելի քաղաքացիական և շուրջ 25.000 վարչական գործեր:
2013թ. ստացված քրեական գործերից ավարտվել է շուրջ 80 տոկոսը, այդ թվում՝ մասնակի կամ ամբողջական արդարացման դատավճիռները եղել են 96 անձի վերաբերյալ, նրանցից 65-ը արդարացվել է ամբողջությամբ, իսկ 31-ը՝ մասնակի:
Նախորդ տարվա ընթացքում ստացված քրեական գործերը 2012թ. համեմատությամբ նվազել են գրեթե 5 տոկոսով: Նույն տարիների համեմատությամբ պարզ է դառնում, որ նվազել է նաև դատապարտված անձանց թիվը, իսկ ամբողջական և մասնակի արդարացվածների թիվն աճել է շուրջ 14 տոկոսով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել է նաև այն անձանց թիվը, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Նույն ժամանակահատվածում զգալի չափով կրճատվել են խուլիգանության, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև ծեծի համար դատապարտված անձանց թիվը:
Անցյալ տարվա ընթացքում նվազման միտում է գրանցվել նաև սպանության և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտվածների թիվը:
Ըստ Դատական դեպարտամենտի համեմատական վիճակագրության՝ 2013 թվականին 2012-ի համեմատ 30 տոկոսով աճել է իշխանազանցության, իշխանության չարաշահման և իշխանության անգործության համար դատապարտվածների թիվը՝ դառնալով 101: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքերը նույնպես աճել են. 2013-ին այդ արարքի համար դատապարտվել է 38 անձ:
Դատական դեպարտամենտն ամփոփել է նաև Վերաքննիչ դատարան ստացված բողոքարկումների թիվը: 2013թ. ընթացքում Քաղաքացիական վերաքննիչ դատարանում ստացվել է 4.500-ից ավել գործ, որը կազմում է ընդհանուր իրավասության դատարաններում ավարտված քաղաքացիական գործերի 14%-ը: Դրանց մեկ քառորդը բեկանվել է, գրեթե կեսը մերժվել են` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները և մեկուկես տոկոս դեպքում միայն` վարույթը կարճվել է:
Նույն ժամանակահատվածում Քրեական վերաքննիչ դատարանում ստացվել է շուրջ 2.700 վերաքննիչ բողոք: Այն կազմում է առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերի 12%-ը: Վերաքննիչ քրեական դատարանում անցյալ տարվա ընթացքում քննվել և ավարտվել է բերված բողոքների 93 տոկոսից ավելին, անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարաններում կայացված դատական ակտերի կեսից ավելին, բեկնավել է գրեթե 25 տոկոսը, 4 տոկոսը թողնվել է առանց քննության, իսկ շուրջ 5 տոկոսի դեպքում կարճվել են վերաքննիչ վարույթները:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2013թ.–ին ստացել է 3.000–ից ավելի բողոք, որոնցից մակագրվել է 2.900-ը: Քաղաքացիական և վարչական պալատում վարույթ է ընդունվել բողոքների 6 տոկոսը, որոնցից գրեթե կեսը բավարարվել է և դատական ակտը բեկանվել է: Քրեական պալատն ստացել է հազարից ավելի բողոք, որոնցից վարույթ է ընդունվել միայն 5 տոկոսը:
Դատական դեպարտամենն արձանագրում է, որ դատական ակտերի կայունությունը ՀՀ–ում կազմում է շուրջ 97 տոկոս:
