Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` քննչական մարմնի պատվերը կատարելու կասկածով

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արշակ Հարությունյանի նկատմամբ (արտոնագիր 1158)՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետը խախտելու կասկածանքով (նախաքննական մարմնի պատվերով քրեական գործի վարույթում հայտնվելը):

Հելսինկյան ասոցիացիան իր կայքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրվող Գոռ Բարնաուսովի մայրը պատմում է, որ 2013թ. մարտի սկզբին իր տղան որպես կասկածյալ հրավիրվել է Շենգավիթի քննչական բաժին, հարցաքննվել է, կասկածելի հանգամանքներում ընդունել է մեղքը, իսկ երբ պետք է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեր, քննչական մարմինը հրավիրել է ինչ–որ փաստաբանի՝ Արշակ Հարությունյան անունով։

«Մենք անձամբ նրան ոչ մի հարցում չենք դիմել, մենք նրան չենք վարձել, այսինքն՝ որպեսզի լինի մեր տղայի կողքին, ուղղակի նա տրամադրվել է քննչական կազմի կողմից, որպեսզի նա գործը, այսինքն՝ դատարանում պոդ զալոգ ներկայացնելու... իմ տղայի տեղը խոսալու փոխարեն խոսի Արշակ Հարությունյանը…»,– նշել է Բարնաուսովի մայրը:

ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ հրապարակման մեջ առերևույթ առկա են Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի խախտում, որի համաձայն փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ իրավական որևէ օգնություն ցույց տալու հանձնարարություն:

Եթե Արշակ Հարությունյանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով:

ՓՊ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն, ինքին, չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում, քանի դեռ չկա Պալատի խորհրդի վերջնական որոշումը։ Հաղորդագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՓՊ կայքում։