Պաշտոնանկություններ և նկատողություններ՝ զինվորների գործերով ծառայողական քննության արդյունքում

Հունվար ամսից մինչ օրս պաշտոնապես հաղորդվել է զինծառայողների մահացության հինգ դեպքի մասին, որից երեքը՝ հիվանդության պատճառով, երկուսը՝ հակառակորդի կողմից։

Մի շարք զինծառայողների գործերով ծառայողական քննություններն ավարտվել են, կան պաշտոնանկություններ և նկատողություններ: Այս մասին NEWS.am-ին ասել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հունվարի 13-ին երկկողմանի թոքաբորբով Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով նշանակված ծառայողական քննության արդյունքում աշխատանքից ազատվել է գործով կալանավորված բուժծառայության պետ Արման Թադևոսյանը, նկատողություններ են հայտարարվել զորամասի հրամանատարին, մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված, չորս զինծառայող կալանավորված են։

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության պատճառով Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած 21-ամյա Հայկ Մակարյանի դեպքով նշանակված ծառայողական քննության արդյունքում նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):

Հունվարի 20-ին հիվանդությունից մահացած Էջմիածնի N զորամասի զինծառայող Էդիկ Շահնազարյանի զորամասի բուժկետի պետն ազատվել է պաշտոնից, բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, հայտարարվել են մի շարք նկատողություններ: Այս դեպքի առթիվ նույնպես հարուցված է քրեական գործ, այս անգամ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, նախնական վարկածով, սուր թոքաբորբից մահացած Արշակ Զարդարյանի մահվան փաստի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2014թ. հունվար ամսին բանակում ևս երկու մահացության դեպք գրանցել։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխախազացումը կանխելիս զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ում հետմահու արիության մեդալ շնորհվեց։

Իսկ հունվարի 28-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից մահացել է 1994թ. ծնված Կարեն Գալստյանը։