ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության կոլեգիայի նիստում ամփոփվել են 2013թ. աշխատանքները

2013թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է ոստիկանության 10 ծառայող:
Հունվարի 22-ի ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ամփոփվել են Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013թ. գործունեության արդյունքները։
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2013թ.–ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը (16,2 %-ով) պայմանավորված է դրանք հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմամբ: Միաժամանակ 16,7%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունները: Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 2,4 %-ով ավելի), քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն: Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման դեպքերն աճել են 11,5 %-ով:
2013թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է ոստիկանության 10 ծառայող:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր: 2013թ. լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները: Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր և դրամական խրախուսանք:
