ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թոքաբորբով հիվանդ զինվորի մոր խոսքերով՝ որդուն խոշտանգել ու ծեծել են

ԼՂՀ Քարվաճառի զորամասից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը համեմատաբար լավ է, նա ապաքինվում է։ Այս մասին news.am –ին ասել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։
Իսկ նորակոչիկ զինվորի մայրը միջադեպի վերաբերյալ մանրամասներ է պատմել Գալա հեռուստաընկերությանը։ Տիկին Գոհարը պնդել է, որ դեկտեմբերի 18-ին բանակ է ուղարկել առողջ երեխա, սակայն նա հիվանդացել է և հայտնվել զորամասի սանմասում, որտեղ տղային ոչ թե բուժել են, այլ ծեծել և խոշտանգել՝ համարելով «սիմուլյանտ»։
Մոր խոսքերով՝ հունվարի 11-ին իրենց է զանգել սանմասի բժիշկը՝ Արման անունով, և ասել, որ Մհերը «հոգեկան շեղումներ ունի», «սիմուլյանտություն է անում, որ չծառայի»։ Մհերի հետ հեռախոսով խոսելուց հետո հասկացել են, որ նա վատ է, ինչից հետ Մհերի եղբայրը (հորեղբոր տղան) գնացել է Քարվաճառ։
«Գնաց՝ ի՞նչ տեսած լինի: Երեխաս անգիտակից պառկած, սառը, ցուրտ, երեք օր հաց չի կերել ու կեղտի մեջ, չի կարացել գնալ զուգարան, տակն է արել ու այդպես մնացել է երեք օր: Իրա ախպերը հանել լողացրել է...»,– պատմել է մայրը՝ ավելացնելով, որ Մհերի ձեռքերն ու ոտքերը վառված են եղել, կապտուկներով ծածկված, գլխին հասցված հարվածների հետևանքով հեմատոմա է առաջացել։
Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու և հնարավոր կասկածյալների վերաբերյալ այս պահի դրությամբ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում։
