ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղաքացու՝ իրենից բացատրություն են վերցրել ճնշման և սպառնալիքի ներքո

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հոդվածի հատկանիշներով (ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ)` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Ըստ նախաքննությամբ ձեռքբերված տվյալների՝ քաղաքացի Ա.Մ.-ն 2013թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գումարով վարձատրության դիմաց մարմնավաճառներ Վ.Հ.-ին և Ա.Հ.-ին իր կողմից շահագործվող մեքենայով տեղափոխել է Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում մարմնավաճառները հաճախորդներ են փնտրել և ծառայություններ մատուցել։
Ա.Մ.-ն, որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշում, չեն բացատրել իր իրավունքները, ինչի ազդեցության ներքո այդ օրն իրենից վերցրել են բացատրություն:
Բացի այդ, Ա.Մ.-ն նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաև նույն քննչական բաժնի քննիչը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
