ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դադարեցվեցին դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները

ՀՀ նախագահի նոյեմբերի 18-ի հրամանագրով դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենի տեղեկատվական կենտրոնի dataran.am կայքը։
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ www.hra.am –ը տեղեկացրել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Պատճառը լրատվամիջոցներով հրապարակված՝ տարբեր քաղաքացիների դժգոհություններն էին` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում դատավորի կողմից արգելված վարքագիծ դրսևորելու մասին։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 25-ի համարում տպագրվել էր հոդված, ըստ որի՝ դատավոր Աիդա Հովհաննիսյանը և նրա քույրը սպառնացել են Նունե Մկրտչյանին, ով դատավորից գնել է բնակարան:
