«Դարձել է անճանաչելի». ցմահ ազատազրկված Վ.Աբաջյանը 14 օր է՝ հացադուլի մեջ է

Այսօր 14-րդ օրն է, ինչ առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը հացադուլի մեջ է։ Նա հիվանդ է շաքարախտով, և հացադուլը խիստ վտանգավոր է նրա կյանքի համար։

Երեկ՝ նոյեմբերի 18-ին նրան տեսակցել է կինը և հորդորել դադարեցնել հացադուլը, սակայն՝ ապարդյուն։ Կինը՝ տիկին Ռուզաննան hra.am –ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը «ահավոր վիճակում է, շատ դժվարությամբ է խոսում, դարձել է անճանաչելի»։ Նա ասել է, որ մտադիր է նաև ջրադուլ հայտարարել, եթե հացադուլով չկարողանա ուշադրություն հրավիրել իր և իր որդու դեմ հարուցված քրեական գործում առկա բազմաթիվ խախտումների և կայացված անարդար վճռի վրա։

Վաղարշակ Աբաջյանը կնոջ միջոցով փոխանցել է, որ հանդիպում է պահանջում Գլխավոր դատախազության՝ իր կողմից վստահելի ներկայացուցչի հետ, Կարմիր Խաչի հետ և «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրողի հետ։

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2013թ. վճռով Վաղարշակ Աբաջյանը և նրա որդին՝ Հակոբ Աբաջյանը, մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով՝ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրա Սրաբյանի սպանության գործով։ Վերջնական պատիժ է նշանակվել Վաղարշակ Աբաջյանի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում, Հակոբ Աբաջյանի նկատմամբ՝ 16 տարվա ազատազրկում։

Վերջինս նախաքննության և դատավարության ընթացքում բազմիցս պնդել է, որ ինքն անմեղ է և հոր դեմ ցուցմունքներ է տվել խոշտանգումների, բռնության ու սպառնալիքների ենթարկվելու արդյունքում։ Խախտվել է նրա՝ պաշտպան ունենալու և մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Խոշտանգումների վերաբերյալ բողոքն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վաղարշակ Աբաջյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Յուրա Սրաբյանի մահվան մեջ, որը պատճառվել է անզգուշորեն, ինչպես նաև՝ զենք պահելու և սուտ ցուցմունք տալու մեջ։ Իսկ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ ինքը կապ չունի։ Խախտվել է Աբաջյանի պաշտպանության իրավունքը. դատարանը, առանց լսելու նրա պաշտպանի ճառը, հեռացել է խորհրդակցական սենյակ և 20 րոպե անց հրապարակել դատավճիռը։