Պահանջը չկատարելու դեպքում կանցնեն ավելի սուր գործողությունների

Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներն այսօր հայտարարություն են տարածել։

«Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինական պահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի սուր և ակտիվ գործողությունների»,– զգուշացնում են «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները:

Հիշեցնենք, որ արդեն 90 օր է, ինչ շարժման անդամները նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի առջև՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջով։

Նրանք քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը համարում են հակասոցիալական և ապօրինի որոշում, իսկ Հենրիկ Նավասարդյանին և Միսակ Համբարձումյանին՝ «օրենքներ խախտած և կոռումպացված պաշտոնյաներ, որոնք դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ»։

«Կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը»,– եզրակացնում են շարժման անդամները՝ կոչ անելով բոլորին միանալ անպատժելիության դեմ պայքարին։