Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշակիացրել է քննարկվելիք ոլորտները

Սեպտեմբերի 20-ին կայացել է ՀՀ նախագահին առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկումների արդյունքում որոշվել է հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը.

1. իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը,

2. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները,

3. սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները,

4. իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ,

5. ՀՀ նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին,

6. օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները,

7. գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակն ու արդյունավետ գործունեության սահմանադրական նախադրյալները,

8. դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները,

9. ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները,

10. հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք,

11. տեղական ինքնակառավարման զարգացման ու ամրապնդման սահմանադրական երաշխիքները,

12. Սահմանադրության կառուցվածքի խնդիրը,

13. ներսահմանադրական կայունության ամրապնդման և Սահմանադրության ինքնաբավության ու սահմանադրական դինամիկ զարգացումների շարունակականության երաշխավորումը, գործառնական, կառուցակարգային անհստակությունների և ներքին հակասությունների հաղթահարումը,

14. Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի միջև տեղ գտած անհամապատասխանությունների հաղթահարման սահմանադրական նախադրյալները, սահմանադրականության մշտադիտարկման ապահովումը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 13-ին, որի ժամանակ հանձնաժողովը որոշեց տարբեր մասնագետների և կազմակերպությունների ներկայացրած առաջակությունների ընդունման, ուսումնասիրման և քննարկման ընթացակարգը։ Մասնագիտական առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ կամ handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 4-ին: