ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. փաստաբան
Սեպտեմբերի 10-ին նշանակված՝ ՀԱԿ չորս ակտիվիստների գործով վերաքննիչ դատական նիստին Տիգրան Առաքելյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ևս մեկ անգամ միջնորդություն ներկայացրեց իր վստահորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Նրա պնդմամբ՝ խափանման միջոցը անփոփոխ թողնելու վերաբերյալ դատարանի նախորդ որոշումները հիմնավորված և պատճառաբանված չեն, և Տիգրանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։
Միջնորդության մեջ նա հղում էր տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, ինչպես նաև՝ կից ներկայացրել էր Ազգային ժողովի չորս խմբակցությունների (Ժառանգություն, ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ) հայտարարությունը։ Վերջիններս կարծիք են հայտնում, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է՝ հղում տալով ԵԽԽՎ այն բանաձևին, որով սահմանվել է «քաղբանտարկյալ» եզրույթը, և կոչ են անում փոխել Առաքելյանի խափանման միջոցը և վերանայել նրա գործը։
Դատարանը (նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյան) հեռացավ խորհրդակցության սենյակ։ Ժամեր անց հրապարակվեց որոշումը, այն է՝ մերժել խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։
Մինչ դատական նիստի սկսելը դատարանի առջև մի խումբ ակտիվիստներ պիկետ էին կազմակերպել՝ պահանջով ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հետ ընդհարվելու մեջ։
Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ, 316 հոդվածի 1-ին և 2-րդ մաս), Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ, 316 հոդվածի 1-ին մաս), իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ):
Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան) 20.07.2012թ. վճռով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրել էր մեղադրական վճիռներ՝ Տիգրան Առաքելյանին դատապարտելով 6 տարվա, Արտակ Կարապետյանին՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2-ական տարվա ազատազրկման:
Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը 2012թ. նոյեմբերի 13-ին մերժվել էր (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան)։ Մայիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը (նախագահող դատավոր՝ Դավիթ Ավետիսյան) մասամբ բավարարել էր ՀԱԿ չորս ակտիվիստների վճռաբեկ բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։
Նշենք, որ Տիգրան Առաքելյանը ներկայումս կալանավորված է, իսկ մյուս երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
