Հաղթանակի քայլերթ. քաղաքապետի որոշումը կասեցվել է (ֆոտոշարք)

Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ծավալված քաղաքացիական պայքարը տվեց իր առաջին «պտուղները»։ Հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան նոր որոշում ընդունեց, որով կասեցրեց «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.2013թ. 3661–Ա որոշման գործողությունը։

Քաղաքապետի հանձնարարականով կստեղծվի մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը մի քանի ամիսների ընթացքում պետք է ուսումնասիրի խնդիրը և մշակի մեխանիզմներ՝ ուղղված «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշման իրագործմանը։ Հիմնական շեշտը դրվելու է վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ:

Միաժամանակ Տարոն Մարգարյանը ուղերձ հղեց երևանցիներին՝ նշելով, որ դժվարությամբ է կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, սակայն դա այն գինն է, որը պետք է վճարենք արժանապատիվ երթևեկության խնդիրը լուծելու համար, «այլընտրանք պարզապես չունենք»:

Սակայն քաղաքապետն ընդգծել է, որ ուղեվարձի բարձրացման բեռը չի կարելի հավասարապես դնել բոլորի վրա, մասնավորապես խոցելի շերտերի վրա, ինչպիսիք են կենսաթոշակառուները, ուսանողները և սոցիալապես անապահով ճանաչված խմբերը։

Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում մի քանի ժամ շարունակ հաղթանակի քայլերթ էր, որի մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին, ովքեր «Հաղթե՛լ ենք», «Մենք հասանք մեր ուզածին», «Հայե՛ր», «Հայաստա՛ն», «Միացե՛ք» և այլ կարգախոսներով շրջում էին Օպերայում, Մաշտոցի պողոտայում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում և Ազատության հրապարակում։


Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումն առաջացրել էր քաղաքացիների դժգոհությունը։ Սկիզբ առավ «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժումը, որը հինգ օր շարունակ բողոքի տարբեր ակցիաներով պահանջում էր ուղեվարձը թողնել 100 դրամ։

Լուսանկարները` hra.am-ի