Պայքարը շարունակվում է նոր պահանջներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը կասեցնելու հաջորդ օրը քաղաքապետարանի մոտ ակտիվիստների մի խումբ անժամկետ նստացույց է հայտարարել՝ մի քանի պահանջներ ներկայացնելով։

Պահանջներից են՝ տրանսպորտի թանկացման որոշումը չեղյալ համարել, պատասխանատվության ենթարկել և անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին, ուղևորափոխադրումների համակարգը դարձնել հանրային սեփականություն և այլն։

Ակտիվիստներից Ռուզան Գրիգորյանը լրագրողներին հայտարարել է, որ քանի դեռ իրենց այս պահանջները չեն կատարվել, պայքարը շարունակվելու է։

Քաղաքապետարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկաններով, ովքեր թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ շենքին։

Ինչպես hra.am-ը հայտնել էր ավելի վաղ, հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան նոր որոշում ընդունեց, որով կասեցրեց «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.2013թ. կայացված որոշման գործողությունը։

Միաժամանակ քաղաքապետն ուղերձ էր հղել երևանցիներին՝ նշելով, որ թանկացումն անխուսափելի է, և 150 դրամ ուղեվարձն այն գինն է, որը պետք է վճարենք արժանապատիվ երթևեկության համար։ Նա նաև ասել էր, որ աշխատում են վճարման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ և արտոնյալ մոտեցում կլինի սոցիալական որոշ շերտերի համար։

Կառավարություն նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ մասամբ կթանկանան նաև միջմարզային և միջպետական երթուղիների ուղեվարձերը։

«Հայաստանում գործում է մոտ 170 երթուղի։ Դրանցից 7-8-ը կթանկանան 12 տոկոսով: Մոտ 160 երթուղի այսօր չի թանկացնի իր ծառայությունները»,– ասել է Բեգլարյանը: