ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտի թանկացման վերաբերյալ որոշումը հրապարակվեց, բայց...

Եթե նույնիսկ քաղաքապետը տրանսպորտի սակագինը փոփոխելու մասին որոշում կայացրել է, ապա այն դեռևս չի կարող համարվել ուժի մեջ մտած, քանի որ օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել։
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվեց «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» քաղաքապետի 19.07.2013թ. 3661-Ա որոշումը, որով սահմանվում է ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղևորափոխադրումների վարձը՝ 150 դրամ, տրոլեյբուսինը՝ 100 դրամ։
Շեշտենք, որ որոշումը կայքում տեղադրվեց հուլիսի 24-ին ժամը 16։00-ի սահմաններում, մինչդեռ արդեն երկու օր է շրջանառվում էր այն վարկածը, որ ուղեվարձի թանկացումն ապօրինի է, քանի որ չկա քաղաքապետի համապատասխան որոշումը, որը պետք է հրապարակվի և ուժի մեջ մտնի օրենքով սահմանված կարգով։
Ինչո՞ւ որոշումը չհրապարակվեց անմիջապես, երբ քաղաքապետարանը հայտարարեց սակագնի փոփոխության մասին, այլ հրապարակվեց կայացվելուց 6 օր անց։
Որոշումը դեռևս չի կարող համարվել ուժի մեջ մտած
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման և ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Նույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումները հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասը օրվա ընթացքում:
Իրավական բոլոր ակտերի պաշտոնական հրապարակման համար պատասխանատու «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 23-ի դրությամբ Երևանի ներքաղաքային տրանսպորտի փոխադրավարձերի ավելացման վերաբերյալ որոշում պաշտոնական տեղեկագրերում հրապարակված չէ:
Քաղաքապետի 19 հուլիսի 2013թ. 3661-Ա որոշումը հուլիսի 23-ի դրությամբ հրապարակված չի եղել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի www.arlis.am, www.laws.am, www.legislation.am կայքերում:
Ուստի տրանսպորտի ուղևորափոխադրումների նոր սակագները չեն կարող օրինական համարվել, քանի որ քաղաքապետի որոշումը օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել։
ՄԻՊ–ը՝ Տարոն Մարգարյանին. «Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում»
Այսօր՝ առավոտյան հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղելով մի քանի հարցադրում՝
1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե՝ ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:
2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:
3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞, արդյոք, հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:
Պաշտպանը հավելել էր, որ տրանսպորտի սակագների թանկացման որոշումն անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով:
