ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանը մեղադրվում է կաշառք ստանալու և քաղաքացուն բռնության ենթարկելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ կալանավորված է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) և 311 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը)։
ՀՔԾ–ում նախապատրաստված նյութերի համաձայն՝ Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղաքացի Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով: Պարզելով, որ քաղաքացին շինարարական համապատասխան թույլտվություն չունի՝ տեսուչը միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` վարչական իրավախախտման փաստը չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար։
Կաշառքը եղել է գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով, ինչը չի բավարարել ոստիկանության աշխատակցին, և նա նույն միջնորդի միջոցով պահանջել է իրեն տալ մինչև 100.000 դրամի սահմաններում գումար:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղաքացի Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր:
«Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կ.Հ. նկատմամբ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս»,– ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 և 311 հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
