ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մ.Գուլոյանի կարճված և վերսկսված գործի քննությունը հանձնարարվել է նույն մարմնին

Այսօր հայտարարություն է տարածել 2012թ հուլիսին մահացած Մարո Գուլոյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանը։ Հունիսի 11-ին, ժամը 12:00-ին նա ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հանդես կգա նոր դիմումով ու հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ 21-ամյա Մարո Գուլոյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով։ Սակայն հարազատները պնդում են, որ նա ընտանեկան բռնության զոհ է։ Աղջկա մարմնին առկա են եղել բռնության հետքեր։ Նա հղիության 4-րդ ամսում էր և ուներ մոտ երկու տարեկան աղջիկ։
Փաստաբանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝
«2013թ. հունիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության առջև հիմնավորված բողոքով հանդես եկող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Մինասյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության հասարակական կազմակերպությունների կոալիցիան պահանջում էին վերացնել իբրև ինքնասպան եղած 20-ամյա Մարո Գուլոյանի քրեական գործով վարույթի կարճման որոշումը:
Բողոքի ներկայացումից մեկ շաբաթ անց ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ նշված որոշումը վերացվում է: ՀՀ Գլխավոր դատախազության նման արագ ու օրենքի տառի պաշտպանությամբ արձագանքումը իսկապես շատ գովերգելի է:
Վերսկսված նախաքննությունը, սակայն, կրկին նույն մարմինն է իրականացնելու` ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքը: Սա պարզապես անիմաստ է և անընդունելի մի իրավիճակ է: Տուժող կողմը առհասարակ վստահություն չունի այս մարմնի օբյեկտիվության և օրենքը ճիշտ կիրառելու ցանկության և հնարավորության նկատմամբ: Գործով բազմաթիվ կարևոր հանգամանքներն ինչ-ինչ պատճառներով անտեսած այս մարմինը չպետք է շարունակի գործով իր ձևական քննությունն իրականացնել»:
Հունիսի 11-ին` ժամը 12:00-ին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմումով ու հայտարարությամբ հանդես կգա ՀՀ Գլխավոր դատախազության առջև:
Մարո Գուլոյանի գործի մասին՝
Մարոյի ծնողները պահանջել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն
Ոստիկանությունը Մարո Գուլոյանի մահվան գործով նույնիսկ հարցաքննություն չի կատարում
