ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինդատախազությունն ուսումնասիրելու է բանակում գրանցված մահվան դեպքերը

ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է ստեղծել աշխատանքային խումբ և խմբում շահագրգիռ կազմակերպություններին ներգրավելու համար ընդունում է հայտեր։
Խումբն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար կարող են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող և ՀՀ տարածքում առնվազն 3 տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ։
