ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՔԿՀ պետի նախկին տեղակալի գործն ուղարկվել է դատարան

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել ու դատարան է ուղարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը 2012թ. օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել 5,6 տարի ազատազրկման դատապարտված և «Նուբարաշեն» ՔԿՀ–ում պատիժը կրող Ա. Հակոբյանից՝ վերջինիս կնոջ միջոցով։ Կաշառքի ընդհանուր չափը, ըստ գործի նյութերի, 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար է, ինչպես նաև՝ 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, սահմանված կարգի խախտմամբ բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլտվության համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ. նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանը նպաստելու համար Դ. Մուրադյանը երկու անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել է` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
