ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՊՆ սպա

Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում լրտեսություն կատարելու կասկածանքով հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, 1982թ. ծնված Մանե Մովսիսյանը:
Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ձեռք են բերվել փաստեր, որոնք վկայում են, որ Մ.Մովսիսյանը, մինչ ՊՆ–ում ծառայության անցնելը, 2012թ. հունվարից սոցիալական ցանցերում ծանոթացել և նամակագրական կապ է ունեցել «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» կեղծ պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ։
Նրանց նամակագրական կապը շարունակվել է նաև Մանե Մովսիսյանի՝ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո:
ԱԱԾ–ն տվյալներ ունի, որոնց համաձայն՝ հայ սպան Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել Հայաստանի վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Նույն օգտատերերին համացանցի միջոցով տեղեկություններ հաղորդելու կասկածանքով կալանավորված են նաև ԼՂՀ երկու քաղաքացիներ, որոնցից մեկը Պաշտպանության բանակի զինծառայող է։ Նրանց վերաբերյալ գործը քննվում է ԼՂՀ դատարանում։
