Ադրբեջանահայ փախստականներն իրենց խնդիրները լուծված չեն համարում

Այսօր փախստականների միջազգային օրն է: 2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձև ընդունեց, որի համաձայն հունիսի 20-ը սահմանվեց փախստակաների միջազգային օր:

Հայ–ադրբեջանական հակամարտության ընթացքում, Բաքվի և Սումգայիթի ջարդերի արդյունքում Հայաստան տեղափոխվեցին մոտ 450.000 ադրբեջանահայեր: Այսօր նրանք Հայաստանի բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի խոսքերով՝ այս ցուցանիշով Հայաստանը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ աշխարհում, առաջնային տեղ է զբաղեցնում:

«Շատերը հարցնում են` լուծված չէ՞ արդյոք վերջնականապես փախստականների խնդիրը: Պետք է ասեմ, որ այն մակերեսային վիճակում է: Քանի դեռ չի լուծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, չի կարող լուծվել նաև փախստականների խնդիրը»,– կարծում է Այվազյանը: Ըստ նրա՝ փախստականների իրավունքները հավուր պատշաճի չեն ներկայացվում նաև ԼՂՀ կարգավորման գործընթացում:

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ սկզբնական շրջանում փախստականները լավ ընդունելության արժանացան, սակայն «դա բավարար չէր ցեղասպանություն վերապրած փախստականների նույնիսկ առաջնային կարիքները հոգալու համար»: Հետագայում ևս բավարար քայլեր չարվեցին նրանց հասարակական կյանքում ներգրավվելու համար:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը Հայաստանի փախստականների խնդիրները բաժանում է 3 տեսակի` քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական:

Նրա դիտարկմամբ՝ գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ադրբեջանահայերի մեծ մասը չունի ՀՀ քաղաքացիություն, որի արդյունքում ոտնահարվում են նրանց տարրական իրավունքները։ Դեռ լիարժեքորեն լուծված չեն փախստականների բնակարանային հարցերը։

Գրիգորի Այվազյանը շեշտում է, որ իրենք ադրբեջանահայերի համար փոխհատուցում են պահանջում Ադրբեջանի կառավարությունից։

«Ադրբեջանի կառավարությունը 1988-92 թվականներին իսկական ցեղասպանություն գործեց սեփական՝ հայ, խաղաղ քաղաքացիների նկատմամբ։ Մենք ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու համարում ենք Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»,- ասում է նա։

Փախստականների խնդիրներով զբաղվող մեկ այլ կազմակերպության՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը, որպես իրենց կրած վնասների փոխհատուցման ձև, տեսնում է Արցախի ազատագրված տարածքներից մեկում նոր քաղաքի կառուցումը։

Այս նախաձեռնության մասին համագումարը բարձրաձայնել է դեռ մեկ տարի առաջ։

Մարիամ Ավագյանի խոսքերով՝ արդեն առկա է քաղաքի կառուցման նախագիծը։ Այն պետք է կոչվի Բագարան և լինի էկոլոգիապես մաքուր, երիտասարդական քաղաք, նախատեսված 100 հազար բնակչի համար: Իսկ ֆինանսական առումով այդ քաղաքի կառուցումը կարժենա, նրա խոսքերով, «մեկ Հյուսիսային պողոտա»։

«Մենք հուսով ենք, որ մեր քաղաքը կլինի ավելի գեղեցիկ, քան Բաքուն, և այդ քաղաքում մենք կկարողանանք վերականգնել հայ համայնքը»,- ասում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամը։

Նրա խոսքերով՝ քաղաքի կառուցման հարցում իրենք փորձելու են համագործակցել հասարակական կազմակերպությունների և տեղական իշխանությունների հետ, իսկ ֆինանսական հարցերում աջակցելու են Ադրբեջանի հայ մեծահարուստ փախստականները:

Նոր քաղաքի կառուցման պահանջը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը ծիծաղելի է համարում. «Քաղաքի կառուցումը անլուրջ է և չի բխում ադրբեջանահայերի շահերից»,– կարծում է նա:

Ի դեպ, Սիրիական ճգնաժամի արդյունքում Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների թիվը մոտ 5000 է։ Նրանք փախստականներ չեն համարվում. նրանց մի մասը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, մի մասն էլ ստացել է հատուկ կարգավիճակ։

Հ.Գ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը (UNHCR) նախօրեին հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 2012-ին բնակավայրն ստիպված լքող մարդկանց թիվը հասել է 45,2 մլն-ի: Դա վերջին 18 տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է: Նույն աղբյուրի համաձայն՝ այսօր փախստական է համարվում 15 միլիոնից ավելի մարդ, 900 հազարից ավելի մարդ ապաստան է փնտրում, մոտ 29 միլիոնը տեղահանված անձինք են: 

Ընդ որում՝ այս տվյալները չեն ներառում այս տարվա ընթացքում Սիրիան լքած բնակիչների թիվը։ UNHCR-ի զեկույցի համաձայն՝ ճգնաժամի հետևանքով մոտ 200 հազար բնակիչ լքել է Սիրիան, հսկայական թվով մարդիկ ապրում են փախստականների համար նախատեսված վրանային ճամբարներում: