ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

1972 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 5-ը հռչակեց
Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրը Հայաստանում նշվում է նաև որպես բնապահպանի՝
էկոլոգի օր:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և «Էկոլուր» ՀԿ
նախագահ Ինգա Զառաֆյանը, հունիսի 5-ին հրավիրած ասուլիսում նշեցին, որ Հայաստանում
առաջնայինը արտադրական թափոններն են և բնական ռեսուրսների անխնա օգտագործումը, որոնք
հանգեցնում են լուրջ էկոլոգիական խնդիրների՝ անդրադառնալով մարդկանց առողջության վրա։
«Այս մեկ շաբաթը հայտարարվել է բնապահպանության շաբաթ, սակայն,
ինչպես նշեց բնապահպանության նախարարը, այս մեկ շաբաթով մենք չենք ապահովի մեր առողջ
շրջակա միջավայրը»,– նշում է Ինգա Զառաֆյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի բնապահպանական խնդիրների շարքում առանձնանում
է արտադրական թափոնների խնդիրը։ «Խոսքը հանքարդյունաբերության
արդյունքում առաջացած թափոնների մասին է, որոնք տոքսիկ են և մեծ վտանգ են ներակայացնում
շրջակա միջավայրի համար: Մենք ունենք 450-ից ավել շահագործվող հանք և 19 պոչամբար,
մենք ունենք միլիոններով կուտակված թափոններ պոչամբարներում, որոնք անվերահսկելի վիճակում
են, կարելի է ասել։ Դա լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության
համար»,– մտահոգություն է հայտնում բնապահպանը:
Զառաֆյանի խոսքերով՝ լուրջ խնդիր կա նաև բնական ռեսուրսների
անխնա օգտագործման առումով։ Հայաստանում 320 փոքր ՀԷԿ պետք է կառուցվի, 150–ն արդեն
կառուցման ընթացքի մեջ են:
«Ամեն ՀԷԿ-ի տեր կամ տերեր ամբողջ գետը վերցնում են խողովակների
մեջ ու գետից ոչինչ չի մնում: Մենք ոչինչ չենք թողնում մեր հաջորդ սերունդներին, օգտագործում
ենք ամեն ինչ՝ այս պահին և միանգամից»,– վրդովված ասում է «Էկոլուրի» նախագահը։
Հակոբ Սանասարյանն էլ
նշում է, որ պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու
իրավունքը։ «Սա շատ դեպքերում լուրջ առողջական խնդիրներ է առաջանում։ Երևանի օնկոլոգիական
կենտրոնները լիքն են հիվանդներով, որոնցից շատերը մարզերից են գալիս Երևան»,– ահազանգ
է հնչեցնում Կանաչների միության նախագահը։
Սանասարյանը վստահ է, որ հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի միջազգային
օրը կանցնի և բոլորը նորից կմոռանան բնապահպանական խնդիրների մասին, իսկ հանքերի շահագործումն
ու վտանգավոր թափոնների արտանետումը կշարունակվի նույն տեմպով։
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
