ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության

Մայիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը (նախագահող դատավոր՝ Դավիթ Ավետիսյան) մասամբ բավարարել է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների վճռաբեկ բողոքը։ Գործն ուղարկվել է Վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։

«Անգամ մեկ հիմքը, որով մենք բողոքարկել էինք, բավարար էր նրա համար, որ Վճռաբեկ դատարանը ոչ թե հետ ուղարկի, այլ որոշում կայացնի և արդարացնի կամ, ամեն դեպքում, Տիգրան Առաքելյանին ազատ արձակի: Էն բոլոր խախտումները, որոնք իրենք թույլ տվեցին դատավարության ընթացքում, առանձին-առանձին վերցրած, ծանրակշիռ խախտումներ են»,– վճռի հրապարակումից հետո լրագորղներին ասել է ՀԱԿ ակիտիվստներից մեկը՝ Սարգիս Գևորգյանը, ում առաջին ատյանի դատարանը դատապարտել է 2 տարվա ազատազրկման։

Վճառաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հետ ընդհարվելու մեջ։ 

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ, 316 հոդվածի 1-ին և 2-րդ մաս), Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ, 316 հոդվածի 1-ին մաս), իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ):

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան) 20.07.2012թ. վճռով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրել էր մեղադրական վճիռներ՝ Տիգրան Առաքելյանին դատապարտելով 6 տարվա, Արտակ Կարապետյանին՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2-ական տարվա ազատազրկման:

Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը 2012թ. նոյեմբերի 13-ին մերժվել էր (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան), դեկտեմբերին չորս երիտասարդները դիմել էին Վճռաբեկ դատարան։

Նշենք, որ Տիգրան Առաքելյանը ներկայումս կալանավորված է, իսկ մյուս երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: